Բաժիններ՝

Սամվել Կարապետյանը պատրաստակամություն է հայտնել իր անձնական միջոցների հաշվին մինչև 2016թ. օգոստոսի 1-ը կառավարության հետ հավասար հիմունքներով փոխհատուցել սակագների տարբերությունն ամսական մինչև 250 կիլովատտ էլեկտրաէներգիա օգտագործող բնակչության և փոքր բիզնեսի համար

Այսօր կառավարության նիստի սկզբում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն անդրադարձավ «Դելոյթ և Տուշ ԱՊՀ» ՓԲԸ-ի ներկայացրած հաշվետվությանը: Նա նշեց, որ այսպիսով, կարելի է փաստել, որ էլեկտրաէներգիայի սակագները հիմնավորված են, և դրանց փոփոխության անհրաժեշտությունը չկա: Հ.Աբրահամյանը տեղեկացրեց, որ հարցը քննարկել են ՀՀ նախագահի հետ և որոշել են, որ Կառավարությունը կանի ամեն ինչ, որպեսզի քաղաքացիների նորմալ կենսագործունեության համար սակագնի բարձրացումը խոչընդոտ չհանդիսանա:

«Հասարակությանը նաև հուզում է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերության կառավարման հարցը: Ինչպես վերջին ամիսների իրողությունները ցույց տվեցին, այս իրավիճակում հրամայական է դարձել «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունում նոր, ժամանակակից կառավարման համակարգերի ներդրումը:

Քանի որ «ԻՆՏԵՐ ՌԱՕ» ընկերությունը ցանկություն էր հայտնել վաճառելու «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը, ապա կառավարման համակարգի էական բարելավման համար առաջացան բարենպաստ պայմաններ:

Հաշվի առնելով «Տաշիր» ընկերությունների խմբի երկարամյա փորձն էներգետիկ ծառայությունների մատուցման և էներգահամակարգերի կառավարման ոլորտում, մասնավորապես, այն փաստը, որ «Տաշիր» խմբի կազմում գործող «Կասկադ-Էներգո» ընկերությունը հանդիսանում է լավագույններից մեկը Ռուսաստանի Դաշնությունում, Հայաստանի իշխանությունները դիմել էին «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ, մեր հայրենակից Սամվել Կարապետյանին՝ բաժնետեր «ԻՆՏԵՐ ՌԱՕ» ընկերության հետ քննարկել Հայաստանի էլեկտրական ցանցերի ձեռքբերման հարցը: Ընդառաջելով մեր խնդրանքին, կարճ ժամանակահատվածում «Տաշիր» խումբը բանակցեց և արդեն ստորագրեց Հայաստանում էներգետիկ ակտիվների ձեռքբերման պայմանագիր «ԻՆՏԵՐ ՌԱՕ» ընկերության հետ»,- ասաց ՀՀ վարչապետը՝ իր շնորհակալությունը հայտնելով Սամվել Կարապետյանին:

Նա նշեց, որ ՀԾԿՀ-ն արդեն համաձայնություն է տվել այդ գործարքին, իսկ «Տաշիր» ընկերությունների խումբը պարտավորվել է 5 տարիների ընթացքում ընկերությունում ներդնել միջազգային ստանդարտներին համապատասխան կառավարում և իջեցնել տեխնոլոգիական և առևտրային կորուստները: Հ.Աբրահամյանի խոսքով՝ «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը պատրաստակամություն է հայտնել իր անձնական միջոցների հաշվին մինչև 2016թ. օգոստոսի 1-ը կառավարության հետ հավասար հիմունքներով փոխհատուցել սակագների տարբերությունն ամսական մինչև 250 կիլովատտ էլեկտրաէներգիա օգտագործող բնակչության և փոքր բիզնեսի համար:

Վարչապետը նշեց, որ ՀՀ 766 հազար 889 բաժանորդներից միջին հաշվով 250 կիլովատտ ամսական օգտագործում են 604 հազարը, կամ բնակչության շուրջ 79 տոկոսը:

Samvel Karapetyan

«Մենք փոխհատուցելու ենք բնակչության այդ հատվածի և ամսական միչև 500 կիլովատտ օգտագործող փոքր բիզնեսի համար 250 կիլովատտ էլեկտրաէներգիայի արժեքը: Իսկ ավելի մեծ սպառում, այսինքն՝ ավելի մեծ ֆինանսական հնարավորություններ ունեցող քաղաքացիները, կարծում եմ, պետք է իրենց վրա վերցնեն օբյեկտիվ իրավիճակով պայմանավորված սակագների տարբերությունը»,- ասաց վարչապետը:

Վարչապետը ՀՀ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին հանձնարարեց երկշաբաթյա ժամկետում, խորհրդակցելով «Տաշիր» խմբի ներկայացուցիչների հետ, ներկայացնել իրավական ակտի նախագիծ՝ համապատասխան մանրամասն հաշվարկներով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս