Հայաստանի առաջին ուժգին հարվածն Ադրբեջանին

«ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահների համատեղ 5 հայտարարություններն ու ԵԱՀԿ Մինսկի խմբի ջանքերը լիովին արհամարհող Ադրբեջանի՝ նման ագրեսիվ քաղաքականության շարունակվելու դեպքում, Հայաստանին այլ ընտրություն չի մնում. մենք կիրականացնենք անհրաժեշտ իրավական և ռազմաքաղաքական քայլերը՝ ապահովելու Հայաստանի Հանրապետության և Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անվտանգությունն ու խաղաղ զարգացումը»,- ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 70-րդ նստաշրջանում երեկ հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին և ղարաբաղյան հակամարտության գոտում լարվածության վերջին աճին: Սերժ Սարգսյանը մանրամասն ներկայացրել է ստեղծված իրավիճակը և մի քանի հարցադրումներով հստակ ցույց է տվել, որ սահմանային վերջին միջադեպերը բացառապես ադրբեջանական սադրանքի արդյունք են, և Ադրբեջանն է կրում տեղի ունեցածի ողջ պատասխանատվությունը:

Անցած շաբաթ էլ Հայաստանում էր Սերժ Սարգսյանը հայտարարել, որ Հայաստանը համարժեք պատասխան, ավելին՝ պատժիչ գործողություն կարող է իրականացնել, որպեսզի Ադրբեջանը չմտածի, որ կարող է մարսել լկտի պահվածքը: Այդ ելույթում Սերժ Սարգսյանը Լեռնային Ղարաբաղն անվանել էր նաև Հայաստանի անբաժանելի մաս: ՄԱԿ-ում ունեցած Սերժ Սարգսյանի ելույթը, ըստ էության, Հայաստանում հնչած հայտարարությունների շարունակությունն է՝ ուղղված միջազգային հանրությանը: Ավելի պարզ ասած, Սերժ Սարգսյանը ՄԱԿ-ում, ըստ էության, հայտարարել է, որ Հայաստանը լեգիտիմ իրավունք ունի պատասխանելու և պատժելու Ադրբեջանին:

«Մենք կիրականացնենք անհրաժեշտ իրավական և ռազմաքաղաքական քայլերը…» հայտարարությունն իր մեջ պարունակում է նաև «Լեռնային Ղարաբաղը Հայաստանի անբաժանելի մասն է» արձանագրման հիշեցումն այն իմաստով, որ, ռազմական գործողություններից բացի, Հայաստանը կարող է ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Դա հասկանալի է, այս պահին այդքան էլ ցանկալի սցենար չէ, քանի որ կնշանակի՝ բանակցությունների տապալում, ինչը չի բխում Հայաստանի շահերից:

Սակայն այդ մասին անուղղակիորեն խոսելով՝ Սերժ Սարգսյանը ԵԱՀԿ Մինսկի խմբին հասկացնում է, որ բանակցությունների ինքնանպատակ շարունակումը ևս չի համապատասխանում Հայաստանի շահերին, և, որ այս իրավիճակը չի կարող անվերջ շարունակվել: Բնականաբար, պատահական չէր, որ հենց Սերժ Սարգսյանի ելույթի նախօրեին ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարեց՝ Ադրբեջանի «նման ռազմավարությունը հանգեցնելու է նրան, որ ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության առջև բանակցային սեղանին դրված են լինելու ոչ թե հրադադարի պահպանման և վստահության ամրապնդման միջոցների հետ կապված օրակարգային հարցերը, այլ նոր պայմաններով զինադադարի կնքման պարտադրանքը»:

Ընդ որում, նույնքան պատահական չէր նաև, որ այդ հայտարարությունը հնչեց այն ժամանակ, երբ Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը գտնվում էր Լեռնային Ղարաբաղում: Բոլոր այս քայլերը նշանակում են, որ Հայաստանը պատրաստում է ռազմաքաղաքական գործողությունների համակարգված փաթեթ, որոնք առաջիկայում կարող են ունենալ գործնական դրսևորումներ նաև հայ-ադրբեջանական ու ղարաբաղաադրբեջանական սահմանին: Ավելին, եթե առաջիկայում չլինեն նման գործողություններ, ապա այս հայտարարությունները կլինեն սոսկ հայտարարություններ, որոնք անլուրջ կընկալվեն:

Սակայն, հաշվի առնելով իրավիճակի լրջությունը, հազիվ թե նման հայտարարություններն արվում են՝ առանց հետագա քայլերը հաշվարկելու:

ՄԱԿ-ում Սերժ Սարգսյանի ելույթը, դրան նախորդած վերը նշված ու մի շարք այլ իրադարձություններ ցույց են տալիս, որ Հայաստանը քաղաքական առումով կատարել է Ադրբեջանին ուղղված առաջին «հարվածը», որը կարող է նաև ռազմական դրսևորում ունենալ: Այդ «հարվածի» մեջ պետք է ներառել նաև փաստը, որ Սերժ Սարգսյանը ոչ միայն մասնակցում էր ՄԱԿ գագաթաժողովին ու ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի նախաձեռնած խաղաղարար համաժողովին՝ Ալիևի բացակայության պայմաններում, այլ իր ելույթից հետո նաև կարճատև հանդիպում է ունեցել Օբամայի հետ:

Քաղաքական առումով՝ Հայաստանը ներկայումս բավական նպաստավոր պայմաններում է: Մնում է, որ Հայաստանը կարողանա պայքարել ոչ միայն՝ Ադրբեջանի դեմ, ինչին, անկասկած, ի վիճակի է, այլ նաև Ռուսաստանի՝ այդ պայքարին խոչընդոտելու քայլերի դեմ, ինչի դրսևորումների ականատեսն ենք ինչպես՝ սահմանային միջադեպերի տեսքով, այնպես էլ՝ քարոզչական դաշտում:

Տեսանյութեր

Լրահոս