«Սկզբում Հրանտ Թոխատյանն էր, հետո՝ մնացածը…». Ռեզո Գիգինեիշվիլի

Իննա Չուրիկովա, Օլեգ Բասիլաշվիլի, Ալեքսանդր Ադաբաշյան, Հրանտ Թոխատյան, Նատալյա Վդովինա, Աննա Չիպովսկայա, Իվան Յանկովսկի, Ռավշանա Կուրկովա, Ալեքսանդր Պալ, Միլոշ Բիկովիչ, Մարիա Շալաևա, Սայերա Սաֆարի, Եգոր Կորեշկով, Անաստասիա Ստեժկո, Ռոման Մայակին, այս բոլոր՝ տարբեր ազգերի դերակատարները հավաքվել էին միջազգային՝ «Առանց սահմանների» ֆիլմի գաղափարի շուրջ: 92 րոպե տևողությամբ ֆիլմը դիտվեց մեկ շնչով՝ հանդիսականներից յուրաքանչյուրի սրտում թողնելով իր հերոսների սիրո պատմությունները:

Միմյանց հետ առնչություն չունեցող, մարդկային յուրօրինակ ճակատագրեր, որոնք տեղի են ունենում տարբեր քաղաքներում, միավորված են մեկ գաղափարի շուրջ, որ սեր է կոչվում:

«Սերը չի ճանաչում սահմաններ ու պայմանականություններ, տարիք ու ազգություն: Վառ ու կրքոտ, միամիտ ու անհեթեթ, հուզիչ ու տխուր, երջանիկ ու անխոհեմ սիրո մասին պատմում են հայտնի ռեժիսորներ Ռեզո Գիգինեիշվիլին («Տապ», «Սեր ակցենտով»), Ռոման Պրիգունովը («Դուխլես», «Դուխլես 2») և Կարեն Հովհաննիսյանը («Հինգ հարսնացուներ»): «Առանց սահմանների» ռոմանտիկ կոմեդիայի դեպքերը սկսվում են Մոսկվայի օդանավակայանում, որտեղից գլխավոր հերոսներն ուղևորվում են հետաքրքիր ճամփորդության: Այցելում են Հայաստանի գեղեցիկ լեռնային հովիտները, սուզվում են Թբիլիսիի կանաչ փողոցների և Մոսկվայի տոնական լույսերի մեջ: «Առանց սահմանների» միջազգային կոմեդիայի ստեղծողները ֆիլմի էկրան դուրս գալուց առաջ կազմակերպել են նախադեպը չունեցող ակցիա, որը կարելի է համեմատել հենց ֆիլմի հերոսների արկածների հետ: Ֆիլմի պրեմիերային ցուցադրությունները կկայանան այն բոլոր քաղաքներում, որտեղ կատարվել են ֆիլմի դեպքերը` Մոսկվայում, Թբիլիսիում, Երևանում և Ալմաթայում: Ֆիլմի դերասանները և նկարահանող խմբի մասնակիցները կներկայացնեն իրենց աշխատանքը Վրաստանի, Հայաստանի և Ղազախստանի հանդիսատեսին՝ սեփական փորձով ցույց տալով, որ, ինչպես «Առանց սահմանների» կոմեդիայում է, կյանքում ևս կան երևույթներ, որոնք սահմաններից, պայմանականություններից և կարծրատիպերից ուժեղ են»,ասվում է մամլո հաղորդագրության մեջ:

12048501_968084746598842_1851627042_n

Կարդացեք նաև

«Առանց սահմանների» կոմեդիայի պրեմիերան Երևանում կայացավ սեպտեմբերի 25-ին` «Սինեմա Սթար» կինոթատրոնում: Պրեմիերայից հետո կազմակերպված մամլո ասուլիսին ներկա էին ռեժիսորներ Ռեզո Գիգինեիշվիլին, դերասաններից` Հրանտ Թոխատյանը, և պրոդյուսեր Էդուարդ Իլոյանը: Նրանք լրագրողների հետ խոսեցին ֆիլմի ստեղծման, գաղափարի և նկարահանումների մասին:

12063970_968059796601337_382912659_n

Հարցին, թե ինչպե՞ս ծնվեց երեք երկրներում՝ Հայաստան, Ռուսաստան և Վրաստան, մեկ ընդհանուր ֆիլմ նկարահանելու գաղափարը, պրոդյուսեր Էդուարդ Իլոյանը պատասխանեց. «Ֆիլմի գաղափարն առաջացավ Ռեզո Գիգինեիշվիլիի «Սեր ակցենտով» ֆիլմի հաջողությունից հետո: Մենք կարծում էինք, որ կնկարահանենք «Սեր ակցենտով» 2-ը, սակայն որոշեցինք ընդլայնել սահմաններն ու դարձնել միջազգային պատմություն, որտեղ ընդգրկված կլինեն հետսովետական երկրներից մի քանիսը: Եվ ի հայտ եկավ Հայաստանի մասին պատմող նովելը, որը հիանալի նկարահանել է Կարեն Հովհաննիսյանը, հետո ստեղծվեց ղազախ աղջկա և ռուս երիտասարդի սիրո պատմությունը՝ Մոսկվայում: Ինչպես նաև՝ վրացական պատմությունը, որի հերոսներն են Իննա Չուրիկովան և Օլեգ Բասիլաշվիլին: Այս նախագիծը ստեղծվել է շուրջ 3 տարի՝ սկսած գաղափարի ի հայտ գալու պահից, մինչ այս մամլո ասուլիսը»:

Հարցին, թե որքա՞ն է կազմել ֆիլմի բյուջեն, և ինչպիսի՞ դժվարություններ են հաղթահարել՝ նկարահանումներ իրականացնելով տարբեր երկրներում, Հրանտ Թոխատյանը պատասխանեց, որ որևէ երկրում դժվարությունների չեն հանդիպել: Լրագրողներից մեկի դիտարկմանը, թե հարցը ֆինանսական դժվարություններին էր վերաբերում, Հ.Թոխատյանը պատասխանեց.

«Ես բյուջեի դժվարություններ չեմ զգացել»: Հարցին անդրադարձավ նաև ֆիլմի պրոդյուսեր Է. Իլոյանը՝ ասելով. «Ներկայիս արտարժույթով, արդեն չգիտենք, թե որքան ենք ծախսել ֆիլմի վրա: Դե՜, 75 միլիոն ռուբլի»:

12030915_968084733265510_1212420027_n

Մեր չափազանց երկար հարցին՝ արդյոք «միջազգային ֆիլմի» ստեղծումը, բացի գեղեցիկ գաղափար լինելուց, նաև պրոդյուսերական քայլ չէ՞ր՝ ստանալու պոտենցիալ հանդիսատես այն բոլոր երկրներում, որտեղ կատարվել են ֆիլմի նկարահանումները, Է. Իլոյանը տվեց հետևյալ հակիրճ պատասխանը. «Այո»:

Հարցին, թե ի՞նչ չափանիշներով են ֆիլմում ընդգրկել դերասանական կազմը, ռեժիսոր Ռեզո Գիգինեիշվիլին պատասխանեց.

«Սկզբում Հրանտ Թոխատյանն էր, հետո՝ մնացածը: Հրանտի հետ առաջին տարին չէ, որ աշխատում ենք: Մենք միասին ստեղծել ենք «Վերջին Մոհիկյանը» նախագիծը: Ինձ համար մեծ հպարտություն է ունենալ Հրանտի պես ընկեր: Մենք օր առաջ Վրաստանում կայացած պրեմիերային էինք մասնակցում: Եթե լսեիք, թե ինչպես է վրաց հանդիսատեսը ծափահարում՝ լսելով Թոխատյան ազգանունը, Դուք ևս կհպարտանայիք Ձեր ազգակցով»:

Դիտարկմանը, որ Հայաստանը ֆիլմում ներկայացված էր ասես զբոսաշրջիկի աչքերով՝ իր եկեղեցիներով, դուդուկով, ավանդական հարսանիքով, Հ. Թոխատյանն առարկեց.

«Ֆիլմը դիտելիս՝ օտարություն զգացի՞ք: Մարդ, ով ծանոթ չէ Հայաստանին, կծանոթանա այս ֆիլմով: Իսկ նա, ով ճանաչում է Հայաստանը, մեկ անգամ ևս կվերադառնա այն վայրերը, որտեղ արդեն եղել է»:

Հարցին, թե ինչո՞ւ չի ներկայացվել ժամանակակից Հայաստանը, Թոխատյանը պատասխանեց.

12042235_968084743265509_2089578102_n

«Պատմությունն էր այդպիսին: Հերոսուհին, ով եկել էր Հայաստան, մասնագիտությամբ հնէաբան էր: Նա ամբողջ աշխարհով փնտրում էր այն վայրերը, որտեղ, առասպելների համաձայն, իրակականում են երազանքները: Հայաստանում ընտրվեց Գյումրիի ծակ քարը: Անիմաստ էր հասնել Հյուսիսային պողոտա: Եթե նկատել եք, ապա մեր հերոսները՝ Գյումրի գնալու ճանապարհին, նաև Գառնի և Գեղարդ են այցելում: Բոլորս էլ հասկանում ենք, որ դժվար կլինի Գյումրի հասնել այդ ճանապարհով: Պարզապես ռեժիսորը ցանկացել էր ավելի շատ ցույց տալ Հայաստանը՝ մեր հերոսների ճանապարհորդության միջոցով: Վրացական պատմության մեջ ևս չկար ժամանակակից Վրաստանը: Ներկայացված էր գերեզմանատունը և օդանավակայանը»:

12041669_968084726598844_367754874_n

Ի դեպ, վրացական պատմությունն առանձնահատուկ գեղագիտական հաճույք է պատճառում՝ շնորհիվ լեգենդար դերակատարների՝ Իննա Չուրիկովայի և Օլեգ Բասիլաշվիլիի, ինչպես նաև՝ հետաքրքիր կառուցված նովելի: Ամեն օր կյանքին հրաժեշտ տալու պատրաստ այս երկու միայնակ մարդիկ, ովքեր արդեն լուսանկարվում են գերեզմանաքարի համար, ծանոթանում են գերեզմանատանը և ժամանակի ընթացքում հանկարծ հասկանում են, թե որքան կարևոր են մեկմեկու համար: Նրանք փոխանակվում են իրենց լուսահոգի կնոջ և ամուսնու պիջակով և զգեստով, փորձում են այցելել թատրոն, որտեղ նրանց չեն սպասում, և հուսահատվելու փոխարեն՝ քայլում են լուսավոր սրճարանների կողքով: Եվ գերեզմանի տեսարաններում առկա ճռճռացող երկաթի, ասես հին ճոճանակի ձայնին փոխարինելու է գալիս երեկոյան քաղաքի մեղմ երաժշտությունը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս