Հայկական բանակն անցնում է գործի

Սեպտեմբերի 26-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը (ՊՆ) հայտարարություն է տարածել, որում տեղ են գտել մի շարք ուշագրավ ձևակերպումներ: Մասնավորապես, ՀՀ ՊՆ-ն՝ հղում անելով ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրությանը, որում նշվում է, որ երեկ ադրբեջանական զինուժի կողմից ԼՂՀ հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասի հրետակոծման ժամանակ հակառակորդն առաջին անգամ կիրառել է 122մմ հրետանային միջոցներ` հարվածներ հասցնելով ոչ թե առաջնագծում տեղակայված դիրքապահ ուժերին, այլ նրանց թիկունքում տեղակայված ստորաբաժանումներին, նշում է.

«ՀՀ պաշտպանության նախարարությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և միջազգային կառույցների ուշադրությունն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ հրադադարի ռեժիմի խախտման ընթացքում ադրբեջանական կողմից հրետանու կիրառումը շփման գծում նոր իրադրություն է ստեղծում, ինչը լայնածավալ ռազմական գործողությունների անցման հերթական քայլն է»:

Հայաստանի պաշտպանության նախարարությունը, ըստ էության, առաջին անգամ է նման ձևակերպումներ կիրառում սահմանային միջադեպերի կապակցությամբ: Խոսքը հատկապես «լայնածավալ ռազմական գործողությունների անցման հերթական քայլ» արտահայտության մասին է: Բայց առավել հետաքրքրական է ՊՆ-ի հաղորդագրության մեկ այլ ձևակերպում: Այն է՝ «Հակառակորդին լռեցնելու, նրա գործողությունները կանխարգելելու և դրանով իսկ բանակցային գործընթացին աջակցելու նպատակով ՀՀ զինված ուժերի կողմից այսուհետ օգտագործվելու են հրետանային և հրթիռային խոցման համարժեք միջոցներ` մշտական խոցման տակ պահելով ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումների տեղակայման վայրերը, բոլոր զորաշարժերը, զինտեխնիկան և կենդանի ուժը»:

Այսպիսով, ՀՀ պաշտպանության նախարարությունն արձանագրում է, որ ադրբեջանական գործողություններն առաջիկայում կարող են համարժեք պատասխանի արժանանալ՝ «բանակցային գործընթացին աջակցելու նպատակով»: Այն, որ Ադրբեջանի կողմից հրադադարի խախտումներն ուղղված են բանակցային գործընթացի տապալմանը, նորություն չէ: Ինչպես որ նորություն չէ այն, որ Ադրբեջանն ամեն ինչ անում է ոչ միայն՝ բանակցային գործընթացը, այլ նաև ու հատկապես՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը տապալելու ու այն առավելապես ռուսական ազդեցության տիրույթ տեղափոխելու համար: Ուստի ՊՆ-ի այս հայտարարությունը նշանակում է նաև, որ Ադրբեջանին համարժեք պատասխան տալով՝ Հայկական բանակը պաշտպանում է ոչ միայն հայկական դիրքերն ու բնակավայրերը, այլև ԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափը:

Այսինքն՝ բանակը հերթական անգամ անում է և անելու է այն, ինչն առաջին հերթին՝ Արտաքին գործերի նախարարության, արտաքին քաղաքականության գործառույթն է: Բանակը ստիպված է ստանձնում այդ գործառույթը, քանի որ ՀՀ Արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը վաղուց ստանձնել է ռուս-ադրբեջանական ռազմական համագործակցությունն ըմբռնողի գործառույթ:

Հայկական բանակը պաշտպանում է սահմանները, բայց, ըստ էության, անպաշտպան է թիկունքից, որտեղ պետք է պաշտպանված լինի, առաջին հերթին, ադեկվատ արտաքին քաղաքականությամբ: Հայաստանի դեպքում այն ոչ միայն ադեկվատ չէ, այլ գոյություն չունի ընդհանրապես:

 

Տեսանյութեր

Լրահոս