ԱՄՆ-ի ամենաբարձր ղեկավարությունը պետք է քաղաքական հովանի ապահովի Հայաստանի և Ադրբեջանի նախագահների համար. Մեթյու Բրայզա

«168 Ժամի» զրուցակիցն է Ադրբեջանում ԱՄՆ նախկին դեսպան, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ, ներկայում` ամերիկյան Ատլանտյան խորհուրդ (Atlantic council) վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող Մեթյու Բրայզան։

– Պարոն Բրայզա, ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի Բաքու կատարած այցի նախօրեից սկսած կտրուկ կերպով լարվեց իրավիճակը ԼՂ հակամարտության գոտում` առավելապես հայ-ադրբեջանական սահմանին։ Որոշ փորձագետներ սահմանային լարվածությունը բացատրում են ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման գործընթացի առաջնորդությունն Արևմուտքից խլելու` Ռուսաստանի ցանկությամբ, որին Ադրբեջանը, ըստ այդ կարծիքների, դեմ չէ, քանի որ Ռուսաստանն Ադրբեջանին այս և այլ զիջումների դիմաց Ղարաբաղն է խոստացել։ Դուք ինչո՞վ եք բացատրում ԼՂ-ի շուրջ բռնկված լարվածությունը։

– Ես չեմ հավատում, որ Ռուսաստանը կամ Ադրբեջանը կցանկանան ԼՂ հակամարտւթյան շուրջ իրավիճակի լուրջ ապակայունացում, առավել ևս` լայնամասշտաբ պատերազմական գործողություններ։ Կրեմլը չի ցանկանում, որպեսզի կարգավորվի հակամարտությունը` նախընտրելով լարվածության որոշակի մակարդակ տարածաշրջանում, սակայն, միևնույն ժամանակ, հասկանում է, որ պատերազմի վերսկսումը չափազանց ռիսկային կլինի։ Ի վերջո, Ռուսաստանը նաև միջազգային պատժամիջոցների տակ է, որոնք ստացել է արևելյան Ուկրաինայում իր ռազմական ագրեսիայի դիմաց, ինչը հանգեցրեց որոշակի ռազմավարական վերադասավորումների, որոնք Կրեմլը չէր կանխագուշակել` Ուկրաինայում ռազմական ագրեսիայի միջոցով ապակայունացում նախաձեռնելիս։

Ադրբեջանը ևս չի ցանկանում լայնամասշտաբ պատերազմ` հասկանալով, թե որքան ռիսկային է պատերազմը։ Ռուսաստանը կարող է, այնուամենայնիվ, ընդլայնել իր ազդեցությունը Բաքվում, նույնիսկ դրամատիկ կերպով` ավելի կառուցողական և ակտիվ դերակատարություն ունենալով ԼՂ հակամարտության հարցում` կողմերին օգնելով հասնել կարգավորման, այսպես կոչված, «Մադրիդյան սկզբունքների» շրջանակում։

– Այնուամենայնիվ, ինչպե՞ս եք բացատրում ներկայիս լարվածությունը։

– Դժվար է պնդել, թե Լավրովի այցն ու ներկայիս լարվածությունն իրար հետ կապ ունեն։ Բայց հիմնվելով իմ փորձի վրա` կարող եմ ասել, որ վերջին ամիսներին խորացող լարվածությունը, սպառազինության մրցավազքը, որի վերաբերյալ դեսպան Ուորլիքն իր անհանգստությունն է հայտնում ժամանակ առ ժամանակ, կարծում եմ, որ հակամարտության կողմերը պարզապես չեն հավատում, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ընթացող բանակցություններն իմպուլս կհաղորդեն և առաջընթաց կապահովեն հակամարտությունում։

Նրանք ազդանշան են ուղարկում աշխարհին` ուժի կիրառման տեսքով, որ նրանք վտանգավոր իրադրությունում են հայտնվել։ Ընդունված է համարել, որ բանակցությունները ծավալվում են բանակցային սեղանի շուրջ, բայց ժամանակ առ ժամանակ բանակցություններն այլ տեսք են ստանում, հակամարտությունների կողմերն ուժ են կիրառում բանակցային գործընթացն առաջ մղելու համար։ Այսօր բանակցությունների այն մյուս տարբերակի ականատեսն ենք մենք։

– Հայաստանյան փորձագիտական հանրության շրջանում տեսակետներ են շրջանառվում, որ այս տարի պատերազմ սկսելու Ադրբեջանի վերջին հնարավորությունն է, քանի որ Ադրբեջանը կորցնում է իր էներգետիկ ռեսուրսները, իր հերթին` դրան դեմ չէ ՌԴ-ն, քանի որ կիրագործի իր ծրագիրը` ԼՂ-ում խաղաղապահներ տեղակայելու վերաբերյալ։ Ի՞նչ եք կարծում այս մասին։

– Գիտե՞ք, թե որքան հաճախ եմ լսել, տարիներ շարունակ լսել եմ, որ սա կարգավորման վերջին տարին է, ուժի կիրառման վերջին տարին է։ Ադրբեջանի էներգետիկ ռեսուրսների մասին փաստարկներ է ներկայացրել Միջազգային ճգնաժամային խումբը դեռևս 2010թ.։ Ես համաձայն չեմ այդ կարծիքների հետ, որովհետև Ադրբեջանը կարող է տարբեր տարբերակներ մտածել, մեծացնել արդյունահանումը, այդ ռեսուրսները դեռ երկար կբավականացնեն Ադրբեջանին, և չեմ կարծում, թե ռեսուրսները կպակասեն այնքան, որ այլևս Ադրբեջանը չի ունենա էներգակիրների վաճառքի արդյունքում կուտակվող ռեսուրսներ։ Ավելին` չեմ կարծում, թե «վերջին հնարավորություն» ձևակերպումն Ադրբեջանի դեպքում տեղին է։

Ես վստահ եմ, որ Ռուսաստանը ցանկանում է տեղակայել խաղաղապահներ ԼՂ հակամարտության գոտում` Ադրբեջանի տարածքում, բայց եթե կա նման ցանկություն, ապա պետք է կարգավորման սեղանին նաև լինի սկզբունք, որն օրինական կդարձնի այդ խաղաղապահների մուտքը ԼՂ։ Բայց կրկին, հաշվի առնելով Ռուսաստանի ռազմական ագրեսիան Ուկրաինայում, Ադրբեջանը կլինի չափազանց շատ Ռուսաստանի համար` հաշվի առնելով նաև արևմտյան պատժամիջոցները։

– Այնուամենայնիվ սահմանին իրավիճակը պայթյունավտանգ է, ինչպես նշեցիք, նման լարված շրջանում ավելի սաստկանում է սպառազինության մրցավազքը, իրավիճակն անկառավարելի է դառնում։ Կարելի՞ է արդյոք բացառել պատերազմի հավանականությունը։

– Չեմ կարծում, որ պատերազմ կլինի, առաջին հերթին` այն պատճառով, որ ոչ ոք պատերազմ չի ցանկանում։ Իմ դիվանագիտական փորձը տարբեր կառույցներում, այդ թվում` Սպիտակ տանը, ինձ հուշում է, որ Ադրբեջանը չի ցանկանում պատերազմ, քանի որ վստահ չէ արդյունքի հարցում, իսկ Հայաստանը չի ցանկանում, քանի որ Հայաստանն էլ լուրջ անվտանգության խնդիր ունի։ Այսինքն` պատերազմի հետևանքը որևէ կողմի համար դրական չի լինելու, սա գիտակցում են։ Մյուս կողմից` Մինսկի խմբի գործընթացը ևս խափանվում է, չի հաջողվում բանակցություններում բեկում մտցնել, բայց կարծում եմ, որ ԱՄՆ-ի քաղաքական ղեկավարության ամենաբարձր մակարդակով Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին աջակցությունը կարող է առաջ մղել բանակցային գործընթացը, երկու երկրների նախագահների միջև երկխոսությունը, քանի որ նրանց միջև երկխոսություն այսօր չկա, քանի որ այդ երկխոսությունը քաղաքականապես ռիսկային է նաև նրանց համար։ Երկխոսություն զարգացնելու համար ԱՄՆ-ը Մինսկի խմբի հետ միասին, կարող է նախագահներին ապահովել քաղաքական պաշտպանվածությամբ` այդ երկխոսությունը հաստատելու համար։

Ես չեմ կարծում, որ Արևմուտքն իր ազդցեությունն այդ տարածաշրջանում պետք է մեծացնի այնպես, ինչպես դա Ռուսաստանն է անում, Արևմուտքը պետք է ավելի ակտիվ և նախաձեռնողական քաղաքականություն վարի, քաղաքական պաշտպանվածություն, հովանի ապահովելով հակամարտող կողմերի նախագահներին` հակամարտությունը կարգավորելու համար։

– Ձեզ հայտնի է, որ Հայաստանը Ռուսաստանին կապված է անվտանգության հարցերով, այսինքն` Ռուսաստանին ընդունված է համարել Հայաստանի անվտանգության երաշխավոր։ Քաղաքական հովանի ԱՄՆ-ի կողմից ասելով` դա՞ նկատի ունեք։

– Սա հենց այն իրավիճակն է, որում Ռուսաստանը ցանկանում է լինել, սա է իրողությունը։ Քանի դեռ սա իրողություն է, Հայաստանն ամբողջությամբ անկախ չի կարող լինել։ Բայց Հայաստանում էլեկտրաէներգիայի թանկացման դեմ հանրային բողոքը ցույց տվեց, որ հանրությունը չի ցանկանում այդքան մեծ կախման մեջ գտնվել Ռուսաստանից։ Այո, դա նկատի ունեմ։ Հայաստանի համար էլ անվտանգության տեսանկյունից արևմտյան անվտանգության համակարգին միանալը պետք է նպատակ լինի։ Քանի դեռ Հայաստանն ընտրություն չունի, Հայաստանը կմնա խրված` որպես կախյալ երկիր։

– Պարոն Բրայզա, Իրանի ատոմային ծրագրի շուրջ պատմական համաձայնությունից հետո շատ է խոսվում տարածաշրջանում Իրանի նոր դերակատարության մասին։ Մի շարք փորձագետներ Իրանին տեսնում են` որպես խաղաղարար, միջնորդ նաև ԼՂ հակամարտությունում։ Որքանո՞վ է իրատեսական այս սցենարը։

– Սիրիայում, Եմենում Իրանը բացասական դերակատարություն է ունեցել։ Հակամարտություններին Իրանը միջամտել և գործել է իր շահերից ելնելով։ Եթե Իրանը որոշի մասնակցել ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններին, ապա դա կլինի դրական զարգացում, իմ կարծիքով։ Բայց հուսով եմ, որ Իրանը կունենա ավելի լավ հավակնություններ այստեղ, այսինքն` կտարածի կայունություն տարածաշրջանում։ Մինչ այս Իրանը բոլոր հակամարտություններում հակառակն է արել։ Հուսով եմ` դա տեղի չի ունենա Ղարաբաղի դեպքում։

 

Տեսանյութեր

Լրահոս