Բաժիններ՝

Սիրիահայ Թովմասյանների ընտանիքը, փախչելով ԴԱԻՇ-ից, վերադարձել է հայրենիք

52-ամյա Սերոբ Թովմասյանի ընտանիքը այն բազմաթիվ հայ ընտանիքներից մեկն է, ում ԴԱԻՇ-ը Սիրիայում տանիքից զրկեց ու վերջիններս ստիպված եղան փախչել Սիրիայից:

Սիրիահայ ընտանիքը, որը մինչ պատերազմը ապրում էր Քոբանիում, գրեթե 1 տարի ապրել է Թուրքիայի Սուրուճ քաղաքի վրանային ավանում ու միայն Պոլսո Հայոց պատրիարքարանի միջնորդությամբ օրերս վերադարձել են Հայաստան, հայտնում է LifeNews-ը:

Սիրիայում Սերոբն ու նրա ընտանիքն ունեցել են մեծ տուն, դարբնոց, կինը զբաղվել է տնային տնտեսությամբ, երեխաները դպրոց են հաճախել: Ամեն ինչ նորմալ էր, մինչ քաղաք եկան ԴԱԻՇ-ի զինյալները, պատմում է Սերոբը:

«Տունը հողին հավասարեցրին: Ոչինչ չմնաց, մեքենաները, խանութները, որ ունեինք, ամեն ինչ ոչնչացվել է: Մեզ վրա տանկերից էին կրակում, ռազմական ուղղաթիռներից»,- պատմում է Թովմասյանը:

Ինչպես բազմաթիվ սիրիահայեր, Թովմասյանների ընտանիքն ապաստան է գտել Թուրքիայում, որտեղ 13 հոգանոց ընտանիքին հատկացրել էին փոքրիկ սենյակ, քանի որ տեղ չկար՝ ամեն օր փախստականների թիվը ավելանում էր: Վերջիններս հուսով էին՝ իրավիճակը Սիրիայում կկարգավորվի ու իրենք կկարողանան վերադառնալ իրենց բնականոն կյանքին:

Սերոբի եղբայրը անգամ գնաց հայրենի քաղաք՝ հետախուզության, սակայն այլևս չվերադարձավ՝ նրան ԴԱԻՇ-ի զինյալները սպանել էին:

«Երբ ես այդ մասին իմացա, քիչ էր մնում՝ խելագարվեի: Հուսահատ էի: Մենք հարց էինք տալիս՝ ո՞ւր է մեր ժողովուրդը, ինչո՞ւ մեզ ոչ ոք չի օգնում: Մի ամբողջ տարի մենք անորոշության մեջ էինք՝ չգիտեինք որտեղ հաստատվել, որտեղ գտնել նոր տուն»,- պատմում է Իլլա Թովմասյանը:

Արքեպիսկոպոս Արամ Աթեշյանը անձամբ դիմել է Թուրքիայի ԱԳՆ, ապա՝ Հայաստանի իշխանություններին, ու ահա, մեկ տարի անց, Թովմասյաններն արդեն Հայաստանում են:
Հայաստանի սփյուռքի նախարարության տվյալներով՝ դեռևս 100 հազար հայ գտնվում է փախստականների ճամբարներում կամ զինյալների կողմից վերահսկվող տարածքներում:

Տեսանյութը՝ այստեղ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս