Բաժիններ՝

Լարված իրավիճակ Տաջիկստանում. զինված բախումների հետևանքով 17 մարդ է սպանվել

Տաջիկստանի մայրաքաղաք Դուշանբեում ու արվարձաններում բախումներ են տեղի ունեցել, ինչի հետևանքով սպանվել է նվազագույնը 17 մարդ, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Երեկ 8 միլիցիոներ է սպանվել Վախդատ քաղաքի ներքին գործերի բաժանմունքի ու երկրի պաշտպանության նախարարության կենտրոնական ապարատի վրա հարձակման հետևանքով, հայտնում է Տաջիկստանի ՆԳՆ-ն:

Իշխանությունները տեղի ունեցածի մեղքը գցել են պաշտոնից ազատված երկրի փոխնախարար, գեներալ Նազարզոդա Աբդուլհալիմ Միրզոյի վրա:

Դուշանբեում ԱՄՆ դեսպանությունը փակվել է ու նախազգուշացրել, որ բախումները բռնության նոր ակտերի ալիք կարող են դառնալ:
«Թեև այդ դեպքերի նշանակությունը պարզ չէ, դրանց կարող են հաջորդել բռնության այլ ակտեր: Դեսպանությունը փակ է, աշխատակիցներին խորհուրդ է տրվել մնալ տներում ու երեխաներին այսօր դպրոց չուղարկել: ԱՄՆ բոլոր քաղաքացիներին խորհուրդ է տրվում զգուշություն ցուցաբերել»,- ասվում է Facebook-ում դիվանագիտական առաքելության հաղորդագրության մեջ:

Տաջիկստանի ՆԳՆ հայտարարության մեջ ասվում է, որ երեկ առավոտյան կազմակերպված հանցավոր խումբը հարձակվել է Վախդատ քաղաքի ՆԳՆ բաժանմունքի ու Դուշանբեում ՊՆ շենքի վրա: «Հարձակման հետևանքով հանցագործները տիրացել են մեծ քանակությամբ զենքի ու զինամթերքի»,- ասվում է հայտարարության մեջ:
Իշխանությունները հայտնում են, որ ահաբեկիչների խումբը՝ Նազարզոդա Միրզոյի գլխավորությամբ, թաքնվել է Վախդատի շրջանում:

Գեներալ Նազարզոդան Տաջիկստանի միացյալ ընդդիմության անդամ էր, որը կռվում էր կառավարական ուժերի դեմ 1990-ականներին: Նա իր պաշտոնը զբաղեցրել է 1997-ին խաղաղ պայմանավորվածության կնքման արդյունքում:
Մասնագետները նշում են, որ այդ իրադարձությունները կարող են լինել նախագահ Էմոմալի Ռահմոնի կառավարության ու զինված ընդդիմության ջոկատների նախկին հրամանատարների միջև պայքարի հետևանք:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս