Մարդը՝ ափից դուրս

Երեկ Ազգային ժողովում կայացան սահմանադրական բարեփոխումների նախագծի շուրջ խորհրդարանական լսումներ, որոնց ընթացքում հնչեցին ինչպես՝ այդ բարեփոխումները պաշտպանող, այնպես էլ՝ քննադատող բազմաթիվ գնահատականներ: Բայց դրանց թվում ամենաուշագրավը Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, ԱԺ-ում նախագահի ներկայացուցիչ Վարդան Պողոսյանի հայտարարությունն էր այն մասին, որ 1995 թվականին ընդունված Սահմանադրությունն իշխանակենտրոն էր, իսկ այսօր առաջարկվողը՝ մարդակենտրոն:

Համաձայնեք, շատ գեղեցիկ է հնչում, և գուցե սահմանադրական նախագծի տարբեր գլուխներում «մարդակենտրոնությունն» ապահովող ավելի գեղեցիկ ձևակերպումներ էլ ամրագրված լինեն, որոնք մեխանիկորեն կվկայեն «մարդակենտրոնության» մասին: Իրականում, սակայն, Հայաստանի ներկայիս իշխանության, այս սահմանադրական բարեփոխումները ներկայացնող իշխանության պայմաններում մարդակենտրոնության մասին խոսելն ուղղակի ծիծաղելի է: Իշխանության անմիջական ու հետևողական ջանքերի արդյունքում՝ Հայաստանում մարդը վաղուց ոչ թե նպատակ է, այլ միջոց՝ իշխանությունը պահպանելու ու դրանից բխող համապատասխան նյութական ռեսուրսներին տիրապետելու համար:

Հայաստանում որևէ քայլ կատարվում է ոչ թե մարդու, քաղաքացու համար, այլ ճիշտ հակառակը՝ արվում է հնարավորը, որպեսզի մարդը հեռանա Հայաստանից, ու, ինչպես ժամանակին նախկին վարչապետն էր խոստովանել, չմնա Հայաստանում ու հեղափոխություն չանի: Իրականում մարդակենտրոն պետք է լինի ոչ թե Սահմանադրությունը, այլ, առաջին հերթին, իշխանությունը, որը՝ այսպիսին լինելու դեպքում, պետությունը կդարձնի քաղաքացու «կենտրոն»՝ անկախ կառավարման կարգից:

Հետևաբար՝ մարդակենտրոնության համար պետք է փոխել ոչ թե Սահմանադրությունը, այլ իշխանությունը, ինչպես՝ ֆիզիկապես, այնպես էլ՝ հոգեբանության, աշխարհընկալման, մտածողության առումով: Իսկ այսօր ներկայացվող սահմանադրական փոփոխությունները, առաջին հերթին, ապահովելու են գործող իշխանության վերարտադրությունը, որի գործունեության արդյունքում Հայաստանի «ամենամարդակենտրոն» հաստատությունը դարձել է «Զվարթնոց» օդանավակայանը:

Տեսանյութեր

Լրահոս