«Ստացվում է, որ Բաղդասարյանը հետապնդվում է իր մասնագիտական գործունեությունը պատշաճ կատարելու համար». Ինչում են մեղադրում փաստաբանին

ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանին օրերս մեղադրանք է առաջադրվել: Փաստաբանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 144-րդ հոդվածով՝ անձնական կամ ընտանեկան կյանքի մասին տեղեկություններ ապօրինի հավաքելը, պահելը, օգտագործելը կամ տարածելը:

Նիկոլայ Բաղդասարյանի պաշտպաններից Լուսինե Սահակյանը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ փաստորեն ստացվում է՝ Նիկոլայ Բաղդասարյանը հետապնդվում է իր մասնագիտական գործունեությունը պատշաճ կատարելու համար:

«Բաղդասարյանը մի գործով ներկայացրել է ամբաստանյալի շահերը, և այդ ընթացքում պարզվել է, որ նույն քրեական գործով ցուցմունք տվող անձանցից մեկը տառապում է հոգեկան հիվանդությամբ: Բաղդասարյանը համապատասխան հարցում է կատարել համապատասխան բժշկական հաստատություն, սակայն նրան մերժել են տեղեկատվության տրամադրումը՝ նկատի ունենալով, որ այն բժշկական գաղտնիք է պարունակում, և Բաղդասարյանը միջնորդել է դատարանի միջոցով ստանալ:

Դատարանը բավարարել է միջնորդությունը, և այդ փաստաթուղթը ստացվել է, որի համաձայն՝ նշված անձը, որի ցուցմունքը դրվել է իր պաշտպանյալի մեղադրանքի հիմքում, տառապում է հոգեկան հիվանդությամբ:

Կարդացեք նաև

Ըստ այդմ էլ՝ Բաղդասարյանը միջնորդություն է ներկայացրել, որպեսզի նրա ցուցմունքն անթույլատրելի ճանաչվի: Եվ նույն ընթացքում նաև Բաղդասարյանը մասնակցել է «Կիսաբաց լուսամուտներ» հաղորդաշարին և այդ ընթացքում ևս հրապարկել է տվյալներ, որ նշված անձը տառապում է հոգեկան հիվանդությամբ, որպեսզի նաև հանրային հնչեղություն տա այս գործին՝ նկատի ունենալով այն հանգամանքը, որ իր պաշտպանյալի նկատմամբ ապօրինի քրեական հետապնդում է իրականացվում, և հոգեկան հիվանդ անձի ցուցմունքը դրվում է նրա մեղադրանքի հիմքում:

Մեղադրանքի էությունը կայանում է նրանում, որ իբրև Բաղդասարյանը ապօրինի հավաքել է նշված տեղեկությունները և ապօրինի տարածել է նշված տեղեկությունները»,- ասաց Լուսինե Սահակյանը՝ նշելով, որ մեղադրանք առաջադրելիս խնդրել են պարզաբանում տալ մեղադրանքին, որովհետև մեղադրանքը պարզ չէ, թե ինչում են կայացել նշված տեղեկությունները հավաքելու և տարածելու ապօրինությունը:

«Հասկանալի է, որ պարզաբանում չենք ստացել, որովհետև ակնհայտ օրինական է գործել Բաղդասարյանը, և նրա գործողությունների նպատակն է եղել ներկայացնել և պաշտպանել իր պաշտպանյալի շահերը: Եվ յուրաքանչյուր փաստաբան պարտավոր է ցանկացած ձևով՝ և´ հանրային հնչեղություն տալով, և´ դատական նիստերում միջնորդություններ ներկայացնելով ներկայացնել իր պաշտպանյալի շահերը: Հիմա փաստորեն ստացվում է, որ Բաղդասարյանը հետապնդվում է իր մասնագիտական գործունեությունը պատշաճ կատարելու համար»,- ասաց Լուսինե Սահակյանը: Նրա խոսքով՝ դատական նիստը դռնբաց է եղել, այն երբևէ դռնփակ չի եղել, փաստաթուղթը երբևէ գաղտնի չի համարվել. «Եվ, իհարկե, Բաղդասարյանն իրավունք ուներ հրապարակելու այդ տեղեկությունները, առավել ևս, որ նաև ոչ ոք նախազգուշացված չի եղել, որ այդ տվյալներն իրավունք չունի հրապարակելու»:

Լուսինե Սահակյանն ասաց, որ իրենք բողոք են ներկայացրել դատարան. ժամանակին քրեական գործի վարույթը կարճվել է, ապա քաղաքի դատախազի որոշմամբ՝ վերացվել է կարճման որոշումը: Փաստաբանի խոսքով՝ դատարանում վիճարկվում է հենց այդ որոշումը:

Տեսանյութեր

Լրահոս