Ստեփանակերտի կաթ և կաթնամթերք արտադրող ձեռնարկությունները վերսկսել են արտադրանքի առաքումը վաճառակետեր

Ստեփանակերտի կաթ և կաթնամթերք արտադրող ձեռնարկությունները վերսկսել են արտադրանքի առաքումը վաճառակետեր:

Փորձաքննության արդյունքում տեղական արտադրության կաթնամթերքում օրգանիզմի համար վտանգավոր տարրեր չեն հայտնաբերվել: Այդ մասին «Արցախպրես»-ին տեղեկացրել են «Արցախ կաթ» ընկերությունից: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Արցախ կաթ» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր ինժեներ Վալերի Սիմոնյանը մանրամասնեց, որ նախորդ օրերին ընկերությունը կաթի ու կաթնամթերքի առաքումը վաճառակետեր ժամանակավորապես դադարեցրել էր՝ հանրապետությունում սուր աղիքային վարակի դեմ պայքարի միջոցառումների շրջանակներում: Այդ ընթացքում «Արցախ կաթ»-ում հայտարարվել են սանիտարական օրեր:

Բացի այդ Երևանից ժամանած համաճարակաբանները փորձաքննության նպատակով կաթի նմուշներ են վերցրել: Լաբորատոր փորձաքննության արդյունքում պարզվել է, որ կաթնամթերքը վտանգավոր նյութեր չի պարունակում, որից հետո միայն «Արցախ կաթ»-ը վերսկսել է կաթնամթերքի առաքումը:

Իր հերթին «Առաջնեկ» ՓԲԸ տնօրեն Մուշեղ Ենգիբարյանը նույնպես նշեց, որ իրենց ընկերությունը նույնպես վերսկսել է կաթնամթերքի առաքում, որը դադարեցրել էր օգոստոսի 25-ից հայտարարված սանիտարական օրերի շրջանակում: Նշենք, որ օրերս ԼՂՀ ԳՆ Սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ֆեյսբուքյան էջում հաղորդագրություն էր տեղադրվել այն մասի, որ տեղական արտադրության կաթնամթերքը չի հանդիսացել վերջին շրջանում սուր աղիքային վարակի պատճառ:

Սննդային գործոնը ստուգելու նպատակով ուսումնասիրություններ են իրականացվել կաթնամթերքի 2 տեղական արտադրություններում, որոնց արտադրանքն ըստ մասնագետների համապատասխանում է գործող սանիտարական նորմերին: Բացի այդ, Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը տեղեկացրել էր, որ իր կողմից չի կասեցվել «Արցախ կաթ» և «Առաջնեկ» ընկերությունների արտադրությունը: Արտադրողները սեփական նախաձեռնությամբ հայտարարել են սանիտարական օր: Ինչպես նաև տեղեկացնենք, որ մինչ այսօր նշված արտադրություների կողմից արտադրվող արտադրանքների մասով կատարված բոլոր լաբորատոր փորձաքննություններում անվտանգության ցուցանիշներով անհապատասխանություներ չեն հայտնաբերվել: Առողջապահության նախարարության կողմից վերջին շրջանում սուր աղիքային վարակի պատճառների վերաբերյալ վերջնական փորձագիտական պարզաբանումից հետո ծառայությունը հանդես կգա համապատասխան պարզաբանմամբ, եթե այն կապված լինի պատրաստի սննդամթերքի անվտանգության հետ:

 

Տեսանյութեր

Լրահոս