Բաժիններ՝

Դեգերումներ շրջանառության հարկի լաբիրինթոսում

 

Երբ 2013 թ. հունվարի 1-ից կառավարությունը ներդրեց նոր հարկատեսակ՝ շրջանառության հարկ, հայտարարվում էր, թե այն կոչված է պարզեցնելու վարչարարությունը և հեշտացնելու տնտեսվարողների կյանքը: Կառավարությունը փաստաթղթավորման պահանջ չէր դրել, բայց 3.5% շրջանառության հարկը զգալի ծանրացրեց հարկայինբեռը: Տարեկան 52.8 մլն դրամ իրացում ունեցող խանութի դեպքում՝ ծախսերի փաստաթղթավորում ունեցող հարկ վճարողը շրջանառության հարկի ներդրման դեպքում 2013 թ-ին վճարեց առնվազն 7 անգամ ավելի շատ հարկ, քան պետք է վճարեր մինչև շրջանառության հարկի ներդրումը:

Որոշ ժամանակ անց կառավարությունը «սթափվեց» ու որոշեց, որ փաստաթղթավորման բացակայությունը նպաստում է ստվերի աճին ու որոշեց դրա դեմ պայքարի շրջանակներում տնտեսվարողներից նաև փաստաթուղթ պահանջել: Փոխարենը շրջհարկը դարձրեց 1%՝ պարտադիր փաստաթղթավորման պայմանով, իսկ դրա բացակայության դեպքում՝ 5%: Փոփոխություններն ուժի մեջ մտան այս տարի հուլիսի 1-ից: Գործարարները սա անվանում են «հերթական լավ մտածված ու բազմաքայլ խաղարկված հարկային ծուղակ», իսկ օրենսդրական բարեփոխումները՝ «չարեփոխումներ»:Սահմանելով շատ մեծ տույժ ու տուգանքներ՝ կառավարությունը ՓՄՁ ներկայացուցիչներին պարտադրեցներկայացնել իրենց մոտ առկա անփաստաթուղթ ապրանքների ցանկը, որը պետք է համարվեր ձեռքբերումները հիմնավորող փաստաթուղթ ու ապահովագրեր տուգանքներից (վերջնաժամկետը այս տարվա փետրվարի 1-ն էր): Սակայն ընդամենը մի քանի ամիս անց՝ հուլիսի 1-ին, պարզվեց, որ այս ամենը գեղեցիկ խաղ էր, որի նպատակն էրտնտեսվարողներին ստիպել հայտարարագրել իրենց ապրանքները և այդ ամբողջ մնացորդը նախկին 3.5 %-ի և այսօրվա 1%-ի փոխարեն հարկել 5%-ով։

Այս ամենի հետ մեկտեղ ուշագրավ է, որ շրջանառության հարկի փոփոխություններից այսօր դժգոհում են ոչ միայն տնտեսվարողները, այլև կառավարությունը: Ֆինանսների նախարարության հաշվարկներով՝ շրջանառության հարկի գծով կորուստը 2015 թ. 6 ամիսների ընթացքում 2.6 մլրդ դրամ է: Ընդ որում, ինչպես հայտարարել է ֆինանսների փոխնախարար Արմեն Ալավերդյանը, դա ընդամենը բացարձակ կորուստն է, իսկ իրական տնտեսական կորուստը 4.7 մլրդ դրամ է, որովհետև 60 հազար շրջ. հարկ վճարողներ ամեն տարի վարչարարության հաշվին 10-15% եկամուտ էին ապահովում, և այժմ բյուջեով նախատեսված աճը չկա:

Տնտեսվարողներն իրենց հերթին պնդում են, որ ապրանքների փաստաթղթավորման դժվարությունների պատճառով անցած ամիսներին լավագույն դեպքում միջինում 3% շրջհարկ են վճարել: Նրանք նաև բողոքում են հաշվապահության բարդացումից և որ հիմա պարտադիր պետք է հաշվապահ պահեն՝ հաշվետվություններում չխճճվելու ու նոր խնդիրների առջև չհայտնվելու համար:

Իշխանության ներկայացուցիչներից շատերը ևս գիտակցում են, որ բիզնեսի զարգացման համար կայուն և կանխատեսելի հարկային դաշտ է հարկավոր: Բայց Հայաստանում նման իրավիճակ դեռևս շուտ չի լինի. ոլորտի պատասխանատուներն այժմ կրկին խոսում են, որ շրջանառության հարկի մեջ ինչ-որ բան այն չէ ու նոր փոփոխությունների անհրաժեշտություն կա: Թե ի՞նչ ուղղությամբ կարվեն այդ փոփոխությունները, ցույց կտա ժամանակը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս