Գտնվել է Սուրեն Կարայանը

Երեկ Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ պարզվեց, որ «անհետացել» է Սուրեն Կարայանը: Վերջինս 2015թ. հունվարի 13-ից ՀՀ միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարարի առաջին տեղակալն է, իսկ մինչ այդ զբաղեցնում էր ֆինանսների նախարարի տեղակալի պաշտոնը:

Պատգամավոր Հրանտ Բագրատյանը հետաքրքրվեց, թե այժմ որտե՞ղ է Կարայանը: Նա հիշեցրեց, որ ԱԺ-ում ԵՏՄ-ին անդամակցության հարցերը ներկայացնելիս հենց Ս.Կարայանն էր ասում, որ ԵՏՄ մտնելուց հետո կունենանք 150 մլն դոլար մաքսատուրք, բայց հիմա այդ թիվը ոչ 10%-ով է պակասել, այլ՝ 7 անգամ: Հ.Բագրատյանը պահանջեց պատասխանատվության ենթարկել Կարայանին:

Հանձնաժողովի նիստին ներկա էին ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանն՝ իր տեղակալներով: Արձագանքելով Հ.Բագրատյանի պահանջին՝ Գ.Խաչատրյանը հայտարարեց. «Մենք էլ ենք Կարայանին ման գալիս»:

Եվ ահա այսօր վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի տնտեսական զարգացումներին վերաբերող խորհրդակցություն, որին մասնակցել են տնտեսական ոլորտի պատասխանատու գերատեսչությունների ներկայացուցիչները, այդ թվում՝ ֆինանսների նախարարի 5 տեղակալները, միջազգային տնտեսական ինտեգրման և բարեփոխումների նախարար Վաչե Գաբրիելյանն ու նրա տեղակալը՝ հենց ինքը Սուրեն Կարայանը, ով նստած էր Հ.Աբրահամյանի ձախ կողմում:

Կարդացեք նաև

 

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են տնտեսության ակտիվացման, նոր ծրագրերի իրականացման, ներդրումների ներգրավման և մի շարք այլ հարցեր, իսկ որևէ մեկին որևէ պատասխանատվության ենթարկելու մասին խոսք անգամ չի եղել: Ամեն դեպքում, ֆինանսների փոխնախարներն առնվազն իմացան Կարայանի տեղը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս