ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ կհանդիպեն ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում. Ուորլիք

ԱՄՆ-ը չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը որպես անկախ երկիր, այդ պատճառով էլ Վաշինգտոնը չի ճանաչում այդ ընտրությունների արդյունքները՝ որպես Լեռնային Ղարաբաղի իրավական կարգավիճակի վրա ազդող արդյունքներ: Այս մասին Аzernews թերթի հետ հարցազրույցում ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը:

Նա այդպես է մեկնաբանել Լեռնային Ղարաբաղում սեպտեմբերի 13-ին կայանալիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրության անցկացման հանգամանքը:
Պատասխանելով հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում իրավիճակի լարման վերջին դեպքերի մասին հարցին՝ Ուորլիքը նկատել է, որ տարվա մեծ մասը իրավիճակը շփման գծում ու հայ-ադրբեջանական սահմանին եղել է հարաբերականորեն կայուն:

«Մենք դիմել ենք կողմերին՝ կոչ անելով նվազեցնել լարվածությունը ու խստորեն պահպանել կրակի դադարեցման ռեժիմը: Մենք նաև շարունակում ենք ջանքեր գործադրել վստահության ամրապնդման ուղղությամբ, որոնք կուժեղացնեն հրադադարի ռեժիմը՝ բանակցությունների համար ստեղծելով ավելի բարենպաստ պայմաններ, ինչը կարող է կարգավորման հանգեցնել»,- ասել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահը:

Ուորլիքի խոսքով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները սեպտեմբերին հանդիպումներ կունենան Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների հետ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում:
«Նախարարների հետ քննարկելու ենք այս տարվա ընթացքում ավելի ուշ նախագահների հաջորդ հանդիպման հնարավորությունը»,- ասել է նա՝ հավելելով, թե համանախագահները աշնանը պլանավորել են այցելել տարածաշրջան:

Տեսանյութեր

Լրահոս