«ԻՊ զինյալները կարող են բավական ակտիվ լինել այն դեպքում, երբ վերսկսվի Ղարաբաղյան պատերազմը». Սարգիս Ասատրյան

Գրեթե մեկ տարի հրետանի կիրառելուց հետո Ադրբեջանն անցավ հրթիռա-հրետանային միջոցների կիրառմանը (TR107), բացի այդ՝ Ադրբեջանն, ասես, ամեն կերպ ձգտում է բանակցությունների տապալմանը:

Ադրբեջանագետ Սարգիս Ասատրյանից 168.am-ը փորձեց պարզել, թե Ադրբեջանի այս քայլերն ի՞նչ նպատակ են հետապնդում՝ արդյոք դրանք լուրջ սպառնալիք չե՞ն ներկայացնում Հայաստանի համար: Ադբեջանագետն ասաց, որ դեռևս՝ ոչ, որովհետև դեռ վաղ է խոսել պատերազմական գործողությունների վերսկսման մասին՝ անկախ նրանից, թե ինչ զինատեսակ է այժմ կիրառվում.

«Փաստացիորեն, Ադրբեջանի այս ակտիվությունը սահմանային գոտում միշտ մի նպատակ է հետապնդել՝ շեղել ներսի հասարակության ուշադրությունը դեպի արտաքին թշնամին: Եթե հաշվի առնենք, որ Ադրբեջանում բավականին դժվարացել է սոցիալ-տնտեսական վիճակը, ապա պատահական չէ, որ այս ակտիվությունը մենք նկատում ենք այսպիսի ձևով՝ նոր զինատեսակների կիրառում, և այլն: Սակայն դեռևս չենք կարող խոսել ինչ-որ պատերազմական գործողությունների վերսկսման մասին, որովհետև, ի վերջո, պատերազմը հենց իրեն՝ Ադրբեջանին չի կարող ոչ մի կերպ ձեռնտու լինել՝ այն առումով, որ դա հսկայական ֆինանսական և մարդկային ռեսուրսներ է պահանջում: Այսինքն՝ դա կարող է լինել Իլհամ Ալիևի վարչակարգի ավարտը, իսկ նա չի կարող ռիսկի տակ դնել այդ ամբողջ կլանային համակարգը»:
Մեր հարցին, թե Թուրքիա-Ադրբեջան հետագա հարաբերություններն ինչպե՞ս կազդեն Հայաստանի վրա՝ հաշվի առնելով, որ Ադրեջանը թուրքական արտադրության TR107 տիպի համազարկային կրակի ռեակտիվ համակարգ է կիրառել, ադրբեջանագետը պատասխանեց, որ մեզ մոտ մեծ զարմանքով են մոտենում այն փաստին, որ Ադրբեջանը թուրքական զինատեսակ է կիրառում, բայց, ըստ նրա, որևէ զարմանալու բան դրանում չկա.

«Ոչ ոքի համար էլ երբեք գաղտնիք չի եղել, որ ադրբեջանական բանակը կարող է զինված լինել նաև թուրքական զինատեսակներով: Շատ վաղուց Թուրքիայի և Ադրբեջանի միջև գոյություն ունի ռազմական սերտ համագործակցություն: Եվ, ինչ խոսք, այս համագործակցությունը նաև կշարունակվի: Թուրքիան իր ազդեցության ոլորտներն է տարածում Ադրբեջանում: Եվ, ըստ էության, սա ևս մի ազդեցության ոլորտ է: Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ զենք վաճառելը, բացի տնտեսական կողմից, ունի նաև որոշակի քաղաքական ենթատեքստ: Թուրքիան փորձում է իր ազդեցությունը պահպանել Ադրբեջանում և թյուրքական հանրապետություններում: Իսկ այսպիսի ռազմական համագործակցությունը բավական լավ առիթ է այդ ազդեցությունը պահպանելու համար: Բացի դրանից, եթե չեմ սխալվում, Ադրբեջանի հատուկ նշանակության ջոկատի զինվորները լուրջ պատրաստվածություն են անցնում Թուրքիայում, նաև թուրք ռազմական ինստրուկտորները գալիս ու մարզում են Ադրբեջանի բանակի զինվորներին: Այսինքն՝ սերտ համագործակցություն գոյություն ունի և սա ոչ ոքի համար էլ գաղտնիք չէ»,-ասաց նա:
Հարցին, թե Իսլամական պետություն (ԻՊ) ահաբեկչական խմբավորումը որքանո՞վ կարող է օգտվել Թուրքիայում և Ադրբեջանում ստեղծված ներքին խառնակ իրավիճակից, և այս համատեքստում ինչպիսի՞ն կլինեն խմբավորման գործողությունները Հայաստանի հետ կապված, Ս. Ասատրյանը
դժվարացավ պատասխանել, բայց ըստ նրա՝ կարելի է պնդել, որ ԻՊ ազդեցությունը դուրս է իր վերահսկողության տարածքներից. «ԻՊ-ն, ըստ էության, համացանցը լավագույնս օգտագործում է իր նպատակների համար՝ որպես նորանոր մարդկանց իր շարքերը ներգրավելու բավականին լավ գործիք: Դեռևս պետք է սպասել, տեսնել՝ Թուրքիայում և Ադրբեջանում իրավիճակն ինչպես կընթանա, ըստ այդմ՝ նոր կարելի է ենթադրություններ անել, թե ինչպես կարող է իրեն պահել ԻՊ-ն»:
Մեր այն դիտարկմանը, թե որոշ փորձագետների կարծիքով՝ ցանկության դեպքում Թուրքիան կարող է ուղղորդել ԻՊ-ին դեպի իր ցանկացած երկիրը, այդ թվում՝ նաև Հայաստան, մեր զրուցակիցը պատասխանեց, որ կասկածում է, թե Թուրքիան կարող է ուղղորդել ԻՊ-ին դեպի Հայաստան.

«Թուրքիան ինքն էլ է հասկանում, որ Իսլամական պետության հետ այդպիսի «սիրախաղերը» բավական վատ հետևանքներ կարող են ունենալ իր համար, որովհետև ոչ ոքի համար գաղտնիք չէր, որ Թուրքիան ու ԻՊ-ն բավականին սերտ համագործակցում էին, և փաստացի ԻՊ-ն արդեն հնարավորություն էր ստացել Թուրքիայում մեծ քարոզչական աշխատանքներ տանել ու Թուրքիայի քաղաքացիներին ներգրավել էր իր շարքերը: ԻՊ զինյալները կարող են բավական ակտիվ լինել այն դեպքում, երբ, ենթադրենք, վերսկսվի Ղարաբաղյան պատերազմը: Այդ դեպքում չի բացառվում, որ կարող է այդ զինյալների որոշակի քանակ գա և պատերազմի մեր դեմ: Բայց դա միայն պատերազմի վերսկսման դեպքում: Իսկ մինչ այդ, ԻՊ-ն մեզ այնքանով վտանգ չի սպառնում, որ, ըստ էության, Հայաստանը, երևի թե, եզակի երկրներից է տարածաշրջանում և ամբողջ աշխարհում, որտեղ չկա իսլամական գործոնը: Այստեղ հնարավոր չէ ինչ-որ քարոզչական աշխատանք տանել, մարդկանց ներգարվել սեփական շարքերը, այսինքն՝ թեորեապես այստեղ կարող է վտանգը գալ միայն դրսից, այն էլ, մտածում եմ, որ ամեն դեպքում մեր սահմանները բավական լավ են պաշտպանվում մեր բանակի կողմից, և այս դեպքում խոսել, թե ԻՊ-ն կարող է վտանգ սպառնալ, ինձ թվում է՝ դեռևս վաղ է և ժամանակավրեպ ընդհանրապես»:

 

Տեսանյութեր

Լրահոս