Բաժիններ՝

Սաքունցն՝ ընդդեմ Շմայսի. ինչ որոշում կկայացնի էթիկայի հանձնաժողովը

Ազգային ժողովի էթիկայի հանձնաժողովը վաղը քննելու է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի դիմումը՝ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանի (Շմայս) սպառնալիքի կապակցությամբ: Պատգամավորը, հիշեցնենք, սպառնացել էր հնարավորության դեպքում «գլխատել ու բռնաբարել» բոլոր նրանց, ովքեր բացասաբար են արտահայտվել պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանի ընտանիքի հասցեին:

Գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ ԱԺ էթիկայի հանձնաժողովը տեղյակ չի պահել իրենց, որ քննելու է դիմումը այնպես, ինչպես տեղյակ չէր պահել Վանաձորի քաղաքապետի հետ կապված հարցի քննության դեպքում: Նա նշեց, որ ԱԺ կանոնակարգը չի պարտադրում դիմումատուի մասնակցությունը դիմումի քննությանը:

«Ես գտնում եմ, որ էթիկայի հանձնաժողովը պետք է Մովսիսյանի վարքը գնահատի որպես ԱԺ պատգամավորին ոչ հարիր՝ նույնիսկ եթե իրեն դուր չեն գալիս որոշակի հրապարակումներ, դիտարկի որ դա իրապես էթիկայի նորմերի խախտում է»,- ասաց Ա.Սաքունցը:

Նա տեղեկացրեց, որ այսօր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում կայացել է դատական առաջին նիստը՝ Հատուկ քննչական ծառայության վարչության պետի տեղակալի կողմից քրեական գործ հարուցելու որոշման մերժման հետ կապված: Ա.Սաքունցը, հիշեցնենք, հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել գլխավոր դատախազություն՝ պնդելով, որ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավորի հայտարարությունները քրեորեն պատժելի են: Նյութերն ուղարկվել էին ՀՔԾ, որտեղ սակայն մերժվել էր քրեական գործի հարուցումը:

Այսօր դատարանում Ա.Սաքունցը ներկայացրել է իր մոտեցումներն ու դիմումը, որտեղ պահանջում է վերականգնել մարդու իրավունքների խախտումը, իսկ ՀՔԾ վարչության պետի տեղակալ Ավետիսյանը ներկայացրել է իր մոտեցումերը: Դատական նիստը կշարունակվի հոկտեմբերի 2-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս