Բաժիններ՝

«Ոտքի՛ Հայաստան»-ը պատրաստ է աջակցել «Ո՛չ թալանին»-ին, անկախ նրանից՝ իշխանափոխության պահանջ կդնե՞ն, թե՞ ոչ

«Ոտքի՛ Հայաստան» քաղաքացիական նախաձեռնությունը հավանաբար կմասնակցի էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ պայքարող «Ո՛չ թալանին» նախաձեռնության կողմից վաղը, «Սիրահարաների այգում» կազմակերպած հավաքին: Այս մասին 168.am-ին հայտնեց «Ոտքի՛ Հայաստան» նախաձեռնության անդամ Անդրիաս Ղուկասյանը՝ նշելով, որ դեռ վերջնական որոշում չկա, բայց ենթադրում է, որ մասնկացելու են:

Հիշեցնենք, որ «Ո՛չ թալանին» նախաձեռնությունը վաղը «Սիրահարների այգում» հավաք է կազմակերպել, որտեղ հայտնելու են իրենց հետագա քայլերի մասին ու մեկնարկելու են բողոքի նոր շարժումը: Ըստ նրանց՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն ու վարչապետ Հովիկ Աբրահամյանը «խաբել» են ժողովրդին և այդ պատճառով իրենք բողոքի նոր հավաք են կազմակերպելու:

«Տրամաբանական է, որ քաղաքացիական նախաձեռնությունները պետք է սոլիդար լինեն միմյանց հետ և մեկը մյուսին աջակցեն: Ողջունում ենք, որ «Ո՛չ թալանին» նախաձենռությունը նորից վերադարձել է պայքարի հարթակ և շատ կարևոր ենք դա համարում»,- մեզ հետ զրույցում նշեց Ա. Ղուկասյանը:

Հիշեցնենք նաև, որ «Ո՛չ թալանին» նախաձեռնության համակարգող խմբի անդամները օրերս տեղի ունեցած ասուլիսի ժամանակ չբացառեցին, որ կարող է միացում լինի «Ոտքի՛ Հայաստան« նախաձեռնության հետ:

Մեր հարցին, թե որքանո՞վ է այդ միացումը հավանական, Ա. Ղուկասյանը պատասխանեց, որ, իհարկե, քաղաքացիական շարժումները կարող են միանալ կոնկրետ խնդրի շուրջ. «Այսօր առաջացել է մի իրավիճակ, որ «Ո՛չ թալանին» նախաձեռնությունը մատնացույց է անում, որ տեղի է ունեցել խաբեություն Սարգսյանի կողմից, և, ենթադրում եմ, որ վաղվա հավաքի ժամանակ այդ նախաձեռնության, շարժման մասնակիցները որոշում կկայացնեն՝ ինչպես խնդիրներ դնել շարժման առջև, եթե մեր մոտեցումները համընկնեն, ողջամիտ կլինի շարժումների միավորումը»,-ասաց նա: Մեր զրուցակցի խոսքով՝ բնականոն և ողջամիտ կլինի, որպեսզի դրվի իշխանությունների հեռացման պահանջը:

Մեր այն հարցին էլ՝ եթե «Ո՛չ թալանին» նախաձեռնությունն այդպես էլ չդնի իշխանափոխության պահանջ, դուք պատրա՞ստ եք ամեն դեպքում նրանց հետ շարունակել պայքարը՝ էլկտրաէներգիայի սակագնի թանկացման դեմ, Ա. Ղուկասյանն այսպես պատասխանեց. «Կարևոր է, որ էներգետիկայի ոլորտի այդ քաղաքացիական պայքարը շարունակի իր գործունեությունը, որովհետև գտնում ենք, որ այսօր կա խնդիր արթանացնել հանրության կամքը՝ փորձել բարեփոխել երկիրը, բարեփոխել քաղաքական, տնտեսական, սոցիալական կյանքը, և դա մեծ պատասխանատվություն է ստեղծում քաղաքացիական նախաձեռնությունների համար, քաղաքացիական հանրության համար՝ լինել հետևողական և առաջ քաշած պահանջները միշտ հասցնել արդյունքի: Դրա համար մենք համարում ենք, որ մեր պարտավորությունն է լինել սոլիդար «Ո՛չ թալանին» նախաձեռնության հետ ու աջակցել իրենց բոլոր գործողություններում»:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս