Հենրիխ Մխիթարյանի մուտքի թույլտվության խնդիրը տեղավորվում է Ադրբեջանի հայատյաց քաղաքականության ուղեգծի մեջ. Տիգրան Բալայան

ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանն «Արմենպրես»-ի խնդրանքով անդրադարձավ վերջին օրերին գերմանական Դորտմունդի «Բորուսիա»-ի և Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ կապված իրավիճակին:

«Ադրբեջանական կողմի այս զավեշտալի մոտեցումը նորություն չէ, քանի որ հայկական ազգանունով որևէ մեկի համար Ադրբեջան մուտքը արգելված է, ինչն ամբողջովին տեղավորվում է հայատյացության քարոզչության այդ երկրի կողմից տարվող քաղաքականության ուղեգծի մեջ։ Հստակ է նաև, որ Արցախ այցելությունը որևիցե կապ չունի։

Իրավիճակն այնքան զավեշտալի է դարձել, որ անցյալ տարի Բաքվի օդանավակայանում արգելել էին Ադրբեջան մուտք գործել ազգությամբ թուրք Թուրքիայի քաղաքացու, ում ազգանունը ավարտվում էր «յան»-ով»,-շեշտեց Տիգրան Բալայանը:

Օգոստոսի 28-ին Շվեյցարիայի Նիոն քաղաքում տեղի է ունեցել Եվրոպայի լիգայի խաղարկության խմբային փուլի վիճակահանությունը: Գերմանական Դորտմունդի «Բորուսիա»-ն, որտեղ հանդես է գալիս Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը, ուժերը կչափի ադրբեջանական «Գաբալա»-ի հետ: Վիճակահանությունից անմիջապես հետո ադրբեջանական լրատվամիջոցները սկսեցին լուրեր տարածել այն մասին, որ հայ ֆուտբոլիստը կարող է Ադրբեջանի կողմից վիզա չստանալ: Լուրեր եղան այն մասին, որ Բաքվում Ադրբեջանի իշխանությունները կարող են ձերբակալել Մխիթարյանին` իբր այդ երկրի տարածքն «ապօրինի» հատելու մեղադրանքով:

Դորտմունդի «Բորուսիա»-ն հույս էր հայտնել, որ Հենրիխ Մխիթարյանը խնդիրներ չի ունենա Եվրոպայի լիգայի շրջանակում «Գաբալա»-ի հետ հանդիպմանը մասնակցելու համար Ադրբեջան այցի ժամանակ: Ինչպես հաղորդել էր «Արմենպրես»-ը` վկայակոչելով Sport1-ն, այդ մասին նշել էր դորտմունդյան ակումբի մամուլի քարտուղար Սաշա Ֆլիգգեն: «Ներկա դրությամբ Հենրիխը շատ կարևոր խաղացող է մեզ համար և վերջին շաբաթներին ցույց է տալիս հիանալի խաղ, ուստի, հույս ունենք, որ Մխիթարյանը խնդիրներ չի ունենա ԵԼ-ի խաղին մասնակցելիս»,- ասել էր Ֆլիգգեն:

Միաժամանակ, Azerisport-ը գրել էր, որ Մխիթարյանը կարող է ձերբակալվել Ադրբեջանում, եթե գա Բաքու` մասնակցելու «Գաբալա»-ի հետ Եվրոպայի լիգայի խմբային փուլի մրցավեճին: «Դրա պատճառ կարող է դառնալ Լեռնային Ղարաբաղ Մխիթարյանի այցելությունը»,- գրել էր ադրբեջանական կայքը:

Ադրբեջանի սև ցուցակում են հայտնվել աշխարհի տարբեր երկրների մի շարք քաղաքական, հասարակական և մշակութային գործիչներ, ովքեր այցելել են Արցախ:

ԵԼ խմբային փուլի «Գաբալա»-«Բորուսիա» հանդիպումը տեղի է ունենալու հոկտեմբերի 22-ին:

 

Տեսանյութեր

Լրահոս