Բաժիններ՝

Հայաստանում և Չինաստանում կստեղծվեն առևտրային ներկայացուցչություններ

Հայաստանի և Չինաստանի միջև գործարար նախաձեռնությունների ակտիվացման և առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման նոր հնարավորություն կստեղծվի: Հայաստանում և Չինաստանում նախատեսվում է ստեղծել առևտրային ներկայացուցչություններ: Այս մասին համաձայնագրի կնքման առաջարկությանը համաձայնություն տալու հարցը քննարկվելու է ՀՀ կառավարության առաջիկա՝ օգոստոսի 31-ի նիստում:

ՀՀ նախագահի՝ 2015 թվականի մարտին Չինաստան կատարած պետական այցի ընթացքում պայմանավորվածություններ էին ձեռք բերվել ընդլայնել և ամրապնդել հայ-չինական փոխշահավետ առևտրատնտեսական համագործակցությունը և բարենպաստ պայմաններ ստեղծել ապրանքների, ծառայությունների, տեխնոլոգիաների և կապիտալի ներմուծման համար։ Համաձայնագրի տեքստի հեղինակները գտնում են, որ այս համատեքստում առևտրական ներկայացուցչությունների փոխադարձ հիմնումը թույլ կտա առավել արդյունավետ ներկայացնել 2 երկրների տնտեսական շահերը առևտրին և տնտեսական համագործակցության այլ ձևերին առնչվող բոլոր ոլորտներում, կդյուրացնի հայկական և չինական տնտեսվարող սուբյեկտների կողմից առևտրական, տնտեսական և գիտատեխնիկական համագործակցության բնագավառում գործարքների իրականացումը և կօժանդակի միմյանց միջև կապերի ստեղծմանը: Առևտրային ներկայացուցչությունների հիմնումը հնարավորություն կտա նաև առավել օպերատիվ տեղեկատվություն ստանալ Չինաստանի տնտեսական իրավիճակի, արտաքին տնտեսական գործունեության ոլորտը կարգավորող օրենսդրության մասին, ինչպես նաև Հայաստանի վերաբերյալ այդպիսի տեղեկություններ հաղորդել Չինաստանի շահագրգիռ մարմիններին:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս