«Եթե Ռուսաստանը ցանկանա, Ղարաբաղյան հակամարտությունը կկարգավորվի». բրիտանացի վերլուծաբան

«ԼՂ հակամարտության գոտում անկայունությունը կպահպանվի»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց Չեչնիայում շարունակվող հակամարտությամբ, կովկասյան և Կենտրոնական Ասիայի անվտանգությամբ, հետսովետական երկրներում էներգետիկ հիմնահարցերով զբաղվող, Լոնդոնի «Քինգզ» քոլեջի դոկտոր Թրեյսի Ջերմանը` անդրադառնալով ԼՂ հակամարտության գոտում առկա փխրուն խաղաղությանն ու Արևմուտք-Ռուսաստան հնարավոր կոնսենսուսին՝ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի շուրջ:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ռուսաստանի և Արևմուտքի տարաձայնությունները չպետք է ազդեն Մինսկի ԵԱՀԿ խմբի աշխատանքի վրա Լեռնային Ղարաբաղի խնդրի կարգավորման շուրջ: «Հույս ունենք, որ Ռուսաստանի տարաձայնությունները այլ երկրների հետ, որոնք ծագում են ոչ մեր պատճառով, չեն ազդի Մինսկի ԵԱՀԿ խմբի աշխատանքների վրա, որտեղ ներառված են մասնավորապես ՌԴ-ն և ԱՄՆ-ը»,- ասել է Զախարովան` հավելելով.

«Մեր կողմից որևէ հարց կամ խնդիր լինել չի կարող»: Իր հերթին ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը նշել է. «Մենք անհամբերությամբ ենք սպասում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարների հետ հանդիպմանն ու բանակցային գործընթացի զարգացումը քննարկելուն»:
Թրեյսի Ջերմանն ասաց, որ ուկրաինական ճգնաժամի ֆոնին շարունակական լարվածություն կնկատվի նաև ԼՂ հակամարտության գոտում, որն Արևմուտքը կփորձի զսպել: Ըստ նրա` Արևմուտքը կփորձի զսպել, հասկանալով, որ հակամարտությունում առկա միջնորդներից գոնե մեկը, որը նաև ուկրաինական հակամարտության կողմ է, աչքի է ընկնում իր ագրեսիվ քաղաքականությամբ, ունի հզոր ազդեցություն ԼՂ-ի հակամարտող կողմերի` Հայաստանի և Ադրբեջանի, նկատմամբ և ցանկացած պահի կարող է նոր պատերազմ սանձազերծել: Բրիտանացի վերլուծաբանի կարծիքով, այս հակամարտությունում կարծես որոշումներ կայացնողը Ռուսաստանն է, ում ներկայումս կարգավորումն այնքան էլ ձեռնտու չէ, քանի որ հակամարտող կողմերին սպառազինություն մատակարարելով՝ Ռուսաստանը կարողանում է պահպանել իր ազդեցությունը Հարավային Կովկասում, ինչն Ուկրաինայի «կորստի» ֆոնին կենսական նշանակություն ունի Ռուսաստանի համար:

«Եթե Ռուսաստանը ցանկանա, ԼՂ հակամարտությունը կլարվի, եթե ոչ` այն կկարգավորվի, այսինքն` եթե ՌԴ-ին ձեռնտու լինի կարգավորում»,- ընդգծեց Թրեյսի Ջերմանը: Վերջինիս կարծիքով` քանի որ Արևմուտքի և Ռուսաստանի միջև լուրջ տարաձայնությունները շարունակվում են և Արևմուտքը լավ գիտակցում է, որ լարվածության նոր օջախ կարող է լինել Լեռնային Ղարաբաղում, փորձում է համաձայնության գալ Ռուսաստանի հետ գոնե այս հարցում, իսկ Ռուսաստանն այս պահին այլընտրանք չունի, քանի որ լուրջ ճնշումների է ենթարկվում Արևմուտքի կողմից:

«Միջնորդներից որևէ մեկին, ըստ էության, պատերազմ Հարավային Կովկասում ձեռնտու չէ, ուստի նրանք իրավիճակային համաձայնության կարող են գալ»,- ասաց նա` հավելելով, որ ապագան մնում է անորոշ, քանի որ Արևմուտքը հստակորեն չգիտի` ինչպես գործել: Փորձագետի համոզմամբ` հաշվի առնելով այս ամենը, Արևմուտքին ձեռնտու է իրավիճակը պահել կայուն՝ հակամարտությանը հետագայում նոր թափով անդրադառնալու հեռանկարով:

 

Տեսանյութեր

Լրահոս