«Էրդողանը չի կարողանում հասնել իր նպատակին». թուրքագետ

Արևելագիտության ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյան այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում վերլուծեց Թուրքիայում կատարվող վերջին իրադարձությունները.

«Մենք գտնվում ենք լարվածության ուժեղացման դեռ սկզբնական փուլերից մեկում և լարվածության ուժեղացումը գնալով ավելի ակնհայտ կդառնա: Դա պայմանավորված է Թուրքիայի քաղաքականությամբ, և պատահական չէ, որ Թուրքիայի «ակտիվացումը» Սիրիայում և քրդական շարժման դեմ Թուրքիայի ուժեղացող հարվածները կապվում են ներքաղաքական իրադրության հետ: Գնալով ավելի ակնհայտ է դառնում, որ ներկայիս իշխանությունները՝ «Արդարություն և զարգացում» կուսակցության կառավարող վերնախումբը, փորձում են ներքին քաղաքական հարցերն ու արտաքին քաղաքական գործունեությունը կապել իրար հետ: Այսինքն՝ օգտագործելով այն հանգամանքը, որ երկրի ներսում Քրդական բանվորական կուսակցությունը բավական ուժ է հավաքել վերջին տարիների ընթացքում և, փորձելով այդ ուժը կոտրել, Թուրքիան ուժեղացնում է համագործակցությունը ԱՄՆ-ի հետ ու ակտիվացնում իր հակակառավարական գործունեությունը Սիրիայում»:

Թուրքագետի կարծիքով՝ Թուրքիայի այս քայլները պայմանավորված են ներքին քաղաքական պատճառներով, մասնավորապես, նոյեմբերի 1-ի արտահերթ ընտրություններով. « Քրդական բանվորական կուսակցության դիրքերին հարվածներ հասցնելով՝ Թուրքիան փորձում է թուլացնել այս առաջատար քրդական ուժը, միաժամանակ հասնել այն բանին, որ թուլանան քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության դիրքերը երկրի ներքաղաքական ներկապնակում: Արդարություն և զարգացում կուսակցության հիմնական նպատակն է՝ հասնել այն բանին, որ քրդամետ կուսակցությունը խորհրդարանում տեղ չունենա նոր ընտրություններից հետո: Այս նպատակն իրականացնելու համար թուրքիան գնաց ԱՄՆ հետ համագործակցության: Ըստ էության, Թուրքիան  ԱՄՆ-ից թույլտվություն է ստանում՝ Քրդական բանվորական կուսակցության վրա իր հարվածներն ուժեղացելու համար, փորխարենը՝ Թուրքիան ընդունեց ԱՄՆ պահանջը՝ ներգրավվելու Իսլամական պետության դեմ պայքարին: Սա Թուրքիայի արտաքին քաղաքականության համար տիպիկ գործելակերպ է. նրանք օգտագործում են այլ երկրների որոշակի պահանջները, իրենց նպատակներն առաջ տանելու համար»:

Ըստ Ռուբեն Սաֆրաստյանի՝ առաջատար կուսակցության նպատակներից մեկն է՝ ստանալ ծայրահեղական, պանթյուրքիստական գաղափարներ ունեցող ընտրողների ձայները, որոնք իրենց ձայները տալիս են պանթյուրքիստական «Ազգայնական շարժում» կուսակցությանը:

Կարդացեք նաև

«Երկրորդ հաշվարկը, որ, ըստ էության՝ կատարվել է Էրդողանի և նրա թիմակիցների կողմից, հետևյալն է՝ փորձել այս հակաքրդական գործողությունների ընթացքում թուլացնել քրդամետ կուսակցության դիքերը՝ սերմանելով վախի մթնոլորտ քրդերի միջավայրում:

Մինչև հիմա ինձ հայտնի հանրային կարծիքի 3 կենտրոնների հետազոտության արդյունքները վկայում են, որ «Արդարություն և զարգացում» կուսակցությունը օգոստոսի կեսերի դրությամբ չի կարողանում հասնել իր նպատակին: Հետևաբար, կարծում եմ, որ մոտակա երկու ամիսների ընթացքում Թուրքիայի ներքին քաղաքական կյանքում ականատես կլինենք բավական սրացումների, ինչը կուղեկցվի զինված ուժի կիրառման ավելի լայնածավալ գործողութուններով»:

 

 

Տեսանյութեր

Լրահոս