Սուրիկ Խաչատրյանը պահանջե՞լ է բիզնեսի կեսը. ինչ ցուցմունք է տվել Արտակ Բուդաղյանը

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի առանձնատան մոտ 2013թ. հունիսի 1-ին հնչած կրակոցների գործով ամբաստանյալ Արտակ Բուդաղյանին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը մեղավոր էր ճանաչել: Դատարանը վճռել էր նրա նկատմամբ որպես պատիժ նշանակել 120 հազար դրամ տուգանք: Կիրառել «ՀՀ անկախության հռչակման 22-րդ տարեդարձի կապակցությամբ համաներում հայտարարելու մասին» ՀՀ Ազգային Ժողովի որոշումը՝ դատարանը վճռել էր նրան ազատել նշանակված պատիժը կրելուց:

Դատական տեղեկատվական համակարգում հրապարակվել է դատարանի վճիռը:

Ինչում է մեղադրվել Արտակ Բուդաղյանը

Արտակ Բուդաղյանին մեղադրանք է առաջադրել այն բանի համար, որ նա «իր եղբայր Ավետիք Բուդաղյանից տեղեկանալով, որ 2013թ. հունիսի 1-ին` ժամը 22-ի սահմաններում, Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ավտոմեքենայում իրեն ծեծի են ենթարկել, նպատակ ունենալով վախեցնել Սուրիկ Խաչատրյանին և նրա ընտանիքի անդամներին, նրանց մոտ առաջացնել տագնապի, սեփական անվտանգության համար անհանգստության զգացում, նույն օրը` ժամը 23-ի սահմաններում «ՎԱԶ 2106» մակնիշի ավտոմեքենայով գնացել է Գորիս քաղաքի Դավիթ Բեկ փողոցում գտնվող` Սուրիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան մոտ, իր հետ նախապես վերցված, իր անվամբ հաշվառված «Բեկաս-Ավտո» որսորդական հրացանը ձեռքին իջնելով ավտոմեքենայից, սպանության սպառնալիքներ է տվել Սուրիկ Խաչատրյանի և նրա հարազատների հասցեին»:

Կարդացեք նաև

Ինչ ցուցմունք է տվել Արտակ Բուդաղյանը

Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանն իր վճռում նշել է, որ դատաքննությամբ Արտակ Բուդաղյանն առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր չի ճանաչել և ցուցմունք է տվել, որ 2013թ. հունիսի 1-ին` ժամը 17-ի սահմաններում, ծառայողական մեքենայով Ստեփանակերտից եկել է Գորիս: Ավտոտնակում կանգնեցնելու համար այն տվել է բարեկամ Արման Հակոբյանին: Հետո երեխաների հետ գնացել է զբոսնելու և տուն վերադարձել ժամը 21:30-ի սահմաններում: Քիչ անց տուն է եկել եղբայրը` Ավետիք Բուդաղյանը:

Վերջինս լարված էր և շատ անտրամադիր: Հարցրել է, թե ինչ է պատահել, պատմել է, որ «Սդղի գյոլից» վերադառնալիս ավտոմեքենայի մեջ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը նրանից պահանջել է բիզնեսի կեսը: Եղբայրն ընդդիմացել է, ինչի պատճառով վիճաբանություն է առաջացել: Այնուհետև Սուրիկ Խաչատրյանը և Զարզանդ Նիկողոսյանը հարվածել են նրան և իջեցրել ավտոմեքենայից: Եղբոր պատմածից զայրացել է, ասել, որ գնում է Ղարաբաղ և դուրս եկել տնից: Գնացել է Արման Հակոբյանի տուն, նրան տվել բջջային հեռախոսը, վերցրել նրա «Վազ-2106» մակնիշի ավտոմեքենան, որպեսզի դրանով գնա մինչև ավտոտնակը, որտեղ կայանված էր ծառայողական ավտոմեքենան:

Մաշտոցի փողոցով երթևեկելիս, տեսել է, որ եղբոր ավտոմեքենան մոտենում է Սուրիկ Խաչատրյանին պատկանող առանձնատանը: Գնացել է նրա հետևից, քանի որ մտավախություն է առաջացել, որ կարող է եղբոր նկատմամբ կրկին բռնություն գործադրեն: Երբ մոտենում էր առանձնատանը, եղբոր ավտոմեքենան փակել է իր ճանապարհը: Այդ պահին նկատել է, որ եղբորը քաշքշում են: Այդ իսկ պատճառով վերցրել է ավտոմեքենայի միջի կիսաքանդ որսորդական հրացանը և իջել ավտոմեքենայից: Զենքը տեսնելով` եղբոր հետ վիճաբանողները ետ են քաշվել: Եղբայրը մոտեցել է իրեն և ասել, որ ամեն ինչ նորմալ է: Մոտեցել է նաև Լորետա Բարսեղյանը` մի կնոջ հետ, ու երեքով մոտ 30 մետր հրելով իրեն մի կողմ են տարել: Այդ պահին կրակոցներ են լսվել, որից հետո ցավ է զգացել ու ընկել գետնին: Լսել է, որ կանանցից մեկը գոռում էր. «Սուրիկ էս ինչ ես անում, ինչ էիր խոսք տվել, էս ինչ ցավի մեջ գցեցիր մեզ»: Երբ դադարեցին կրակոցներն իրեն ու եղբորը տարբեր ավտոմեքենաներով տեղափոխել են հիվանդանոց:

Նշել է, որ Լորետա Բարսեղյանին չի հայհոյել և որ նրա ու նրա ընտանիքի անդամների հասցեին սպանության սպառնալիքներ չի հնչեցրել:
Արտակ Բուդաղյանը, օգտվելով իր իրավունքից, հրաժարվել է առաջադրված հարցերին պատասխանելուց:

Անթույլատրելի ապացույց

Ըստ դատական ակտի՝ Արտակ Բուդաղյանի պաշտպան Հայկ Ալումյանի միջնորդությունը` նախաքննությամբ որպես վկա Արտակ Բուդաղյանի կողմից տված ցուցմունքների՝ որպես ապացույց օգտագործելու անթույլատրելիությունը հաստատելու մասին, ենթակա է բավարարման հետևյալ պատճառաբանությամբ.

ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 105 հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի համաձայն` քրեական գործով վարույթում մեղադրանքի հիմքում չեն կարող դրվել և որպես ապացույց օգտագործվել այն նյութերը, որոնք ձեռք են բերվել քննչական կամ այլ դատավարական գործողության կատարման կարգի էական խախտմամբ, իսկ նույն հոդվածի 2-րդ մասն ամրագրել է, որ ապացույցներ ձեռք բերելիս էական են այն խախտումները, որոնք դրսևորվելով մարդու և քաղաքացու սահմանադրական իրավունքի և ազատությունների կամ նույն օրենսգրքի որևէ պահանջի խախտմամբ, դատավարության մասնակիցներին` օրենքով երաշխավորված իրավունքների զրկմամբ կամ սահմանափակմամբ, կամ որևէ այլ կերպ ազդել են կամ կարող էին ազդել ստացված փաստական տվյալների հավաստիության վրա:

Նույն օրենսգրքի 106 հոդվածը սահմանում է, որ փաստական տվյալների` որպես ապացույց օգտագործման անթույլատրելիությունը, ինչպես նաև վարույթում դրանց սահմանափակ օգտագործման հնարավորությունը հաստատում է վարույթն իրականացնող մարմինը` սեփական նախաձեռնությամբ կամ կողմի միջնորդությամբ: Ապացույցի թույլատրելիությունը հիմնավորելու պարտականությունն ընկած է այն ձեռք բերող կողմի վրա: Եթե ապացույցը ձեռք բերելիս պահպանվել են սույն օրենսգրքի բոլոր պահանջները, ապացույցի անթույլատրելիությունը հիմնավորելու պարտականությունը կրում է դրա թույլատրելիությունը վիճարկող կողմը:

Տվյալ դեպքում Արտակ Բուդաղյանը սույն քրեական գործի շրջանակներում մինչև մեղադրյալի կարգավիճակ ստանալը ցուցմունք է տվել որպես վկա, ինչը բավարար հիմք է նշված ապացույցի օգտագործումն անթույլատրելի ճանաչելու համար:

Ինչով է դատարանն ապացուցված համարել ամբաստանյալի մեղքը
Դատարանը գտել է, որ Արտակ Բուդաղյանի ցուցմունքն այն մասին, որ Լորետա Բարսեղյանին չի հայհոյել և որ նրա ու նրա ընտանիքի անդամների հասցեին սպանության սպառնալիքներ չի հնչեցրել, արժանահավատ չէ, չի համապատասխանում իրականությանը, գործի փաստական հանգամանքներին և հետապնդում է քրեական պատասխանատվությունից ու պատժից խուսափելու նպատակ:

1. Տուժող Լորետա Բարսեղյանի (Սուրիկ Խաչատրյանի կինը) ցուցմունքով` 2013թ. հունիսի 1-ին, ժամը 23-ի սահմաններում, գտնվում էր հյուրատանը, երբ տնային աշխատող Կարինե Հարությունյանն ասել է «Լորետա արի, էն սև մեքենան էլի եկավ»: Դուրս է եկել և քայլել ծաղկանոցի ուղղությամբ: Տեսել է, որ Ավետիք Բուդաղյանի սև «Բռաբուս» մակնիշի ավտոմեքենան կանգնած է ճանապարհի մեջտեղում, մի սպիտակ «ժիգուլի» մակնիշի ավտոմեքենա էլ մոտեցել ու կանգնել է վերջինիս ավտոմեքենայի կողքին: «Ժիգուլի» մակնիշի ավտոմեքենայից իջել է Արտակ Բուդաղյանը` երկարափող զենքը ձեռքին: Վերջինս, զենքի հետ ինչ-որ գործողություններ կատարելով, հայհոյանքներ էր տալիս, սպառնում իրեն և իր ընտանիքի անդամներին` ասելով «Դեզոյի ցեղը պիտի վերացնեմ, դրանք չպիտի ապրեն էս քաղաքում, դրանց մերը»:

Տեսնելով, որ որդին` Տրդատ Խաչատրյանը մոտ է գտնվում Արտակ Բուդաղյանին, արագ մոտեցել է, Արտակ Բուդաղյանի զենքի փողն ուղղել վերև: Ավետիք Բուդաղյանի հետ փորձել է հանգստացնել Արտակ Բուդաղյանին: Ավետիք Բուդաղյանն ասել է «տես, ով է դեմդ կանգնած, Լորետ քույրիկն ա»: Սակայն Արտակ Բուդաղյանը շարունակում էր հայհոյել ու սպանության սպառնալիքներ հնչեցնել: Այնուհետև վերջինս հրել և վայր է գցել իրեն: Կրակոցներ է լսել, սակայն չի իմացել, թե ով է ում կրակել և քանի անգամ։
Նշել է, որ Արտակ Բուդաղյանը սպանության սպառնալիքներ է հնչեցրել իր հասցեին և որ դրանք իր համար իրական վտանգ են ներկայացրել:

2. Վկա Զարզանդ Արտաշեսի Նիկողոսյանի (Սուրիկ Խաչատրյանի օգնականը) ցուցմունքով` 2013թ. հունիսի 1-ին` ժամը 23:00-ի սահմաններում, գտնվում էր Սուրիկ Խաչատրյանի աոանձնատան բակում, երբ Ավետիք Բուդաղյանն իր «Բռաբուս» մակնիշի ավտոմեքենայով եկել է այդտեղ և ավտոմեքենան կանգնեցրել ճանապարհի մեջտեղում: Որոշ ժամանակ անց «ժիգուլի» մակնիշի ավտոմեքենայով եկել է վերջինիս եղբայրը` Արտակ Բուդաղյանը: Նա` հրացանն աջ ձեռքին, իջել է ավտոմեքենայից ու սպանության սպառնալիքներ և հայհոյանքներ տվել Սուրիկ Խաչատրյանի և նրա ընտանիքի անդամների հասցեին` ասելով «Խաչատրյան Սուրիկն ուր ա, ես դրան սպանելու եմ, թողեք, ես սրանց սպանելու եմ»:

Մոտեցել են Լորետա Բարսեղյանը և Ավետիք Բուդաղյանն ու փորձել հանգստացնել նրան, սակայն նա չէր ենթարկվում ու շարունակում էր սպանության սպառնալիքներ հնչեցնել Լորետա Բարսեղյանի ու նրա ընտանիքի անդամների հասցեին: Դրանից հետո փոխհրաձգություն է սկսվել, որի արդյունքում Արտակ և Ավետիք Բուդաղյանները վիրավորվել են:

3. Վկա Տրդատ Խաչատրյանի  (Սուրիկ Խաչատրյանի որդին) ցուցմունքով` 2013թ. հունիսի 1-ի երեկոյան գտնվում էր տան բակում, երբ իր ավտոմեքենայով այդտեղ է եկել Արտակ Բուդաղյանը: Վերջինս` զենքը ձեռքին, իջել է ավտոմեքենայից և սկսել հայհոյել ու սպառնալ իրենց ընտանիքի անդամներին` ասելով «կսպանեմ»,  «կոչնչացնեմ»: Փորձել են նրան հանգստացնել և չթողնել, որ կրակի, սակայն չի ստացվել: Փոխհրաձգություն է սկսվել, որից հետո վիրավորներին տեղափոխել են հիվանդանոց:

4. Վկա Կարինե Հարությունյանի ցուցմունքով` 2013թ. հունիսի 1-ին` ժամը 23:00-ի սահմաններում, գտնվում էր Սուրիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խոհանոցում, երբ դրսից ձայներ է լսել և դուրս եկել բակ: Բակ է դուրս եկել նաև Լորետա Բարսեղյանը: Այդ պահին սպիտակ մեքենա է մոտեցել տանը, որից իջել է Արտակ Բուդաղյանը` զենքը ձեռքին: Վերջինս հայհոյանքներ և սպանության սպառնալիքներ է տվել Սուրիկ Խաչատրյանի ընտանիքի անդամներին` ասելով «սպանելու եմ, Դեզոյի ցեղը վերացնելու եմ»

5. Վկա Լարիսա Բարխուդարյանի ցուցմունքով` 2013թ. հունիսի 1-ին գտնվում էր քրոջ` Լորետա Բարսեղյանի տանը: Ժամը 23:00-ի սահմաններում, երբ տան ժամանակավոր խոհանոցում էր, դրսից աղմուկ է լսել և դուրս եկել բակ: Տեսել է, որ ճանապարհին կանգնած է սպիտակ «Ժիգուլի» մակնիշի ավտոմեքենա, որի ճանապարհը փակել էր «Բռաբուս» մակնիշի ավտոմեքենան:

Մոտեցել է և տեսել, որ Արտակ Բուդաղյանը` երկարափող հրացանը ձեռքին, հայհոյում և սպանության սպառնալիքներ է տալիս Սուրիկ Խաչատրյանի ընտանիքի անդամներին` ասելով «ընտանիքդ կվերացնեմ, ցեղդ կսպանեմ, Դեզոյի ցեղն արմատախիլ կանեմ»: Լորետա Բարսեղյանը և Ավետիք Բուդաղյանը մոտեցել են նրան և փորձել հանգստացնել, սակայն նա չէր ենթարկվում: Դրանից հետո կրակոց է լսվել: Վախեցել է և վազել դեպի խոհանոց: Որոշ ժամանակ անց դուրս է եկել բակ և տեսել, որ Ավետիք Բուդաղյանը վիրավոր ընկած է Նիկոլայ Աբրահամյանի ավտոմեքենայի մոտ: Գնացել է հարևանի տուն և զանգահարել շտապօգնություն:

6. Վկա Մարիետա Շալունցի ցուցմունքով` 2013թ. հունիսի 1-ին գտնվել է եղբոր` Սուրիկ Խաչատրյանի տանը: Ժամը 22:30-ի սահմաններում տուն է եկել Սուրիկ Խաչատրյանը և քիչ հետո գնացել է քնելու: Որոշ ժամանակ անց դրսից ձայներ է լսել ու դուրս եկել բակ: Տեսել է, որ «Բռաբուս» մակնիշի ավտոմեքենայով այդտեղ էր եկել Ավետիք Բուդաղյանը, ով ցանկանում էր խոսել Սուրիկ Խաչատրյանի հետ: Մոտեցել է նրան և ասել, որ եղբայրը քնած է: Նա հեռացել է, իսկ ինքը մտել է տուն: Որոշ ժամանակ անց դրսից կրկին ձայներ է լսել: Դուրս է եկել տան բակ ու տեսել, որ Ավետիք Բուդաղյանը նույն ավտոմեքենայով կրկին եկել է այդտեղ: Վայրկյաններ անց «Ժիգուլի» մակնիշի ավտոմեքենայով եկել է Արտակ Բուդաղյանը: Վերջինս` զենքը ձեռքին, դուրս է եկել ավտոմեքենայից և սկսել հայհոյել ու սպառնալ եղբորը` Սուրիկ Խաչատրյանին ու նրա ընտանիքի անդամներին: Տեսել է, թե ինչպես էին Լորետա Բարսեղյանը և Ավետիք Բուդաղյանը փորձում հանգստացնել Արտակ Բուդաղյանին: Այնուհետև կրակոց է լսվել. և ինքը կորցրել է գիտակցությունը: Երբ ուշքի է եկել, տեսել է, որ Ավետիք Բուդաղյանը վիրավոր ընկած է տան բակում: Նրան օգնություն է ցույց տվել, որից հետո Ավետիք և Արտակ Բուդաղյաններին տեղափոխել են հիվանդանոց:

7. Վկա Սուրիկ Խաչատրյանի բարեկամ Նիկոլայ Աբրահամյանի ցուցմունքով` 2013թ. հունիսի 1-ին` ժամը 23:00-ի սահմաններում, գտնվում էր Սուրիկ Խաչատրյանին պատկանող տան բակում, երբ Ավետիք Բուդաղյանն իր ավտոմեքենայով երկրորդ անգամ եկել է այդտեղ: Քիչ անց եկել է «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենա, որտեղից` զենքը ձեռքին, իջել է Արտակ Բուդաղյանը: Նա սպանության սպառնալիքներ և հայհոյանքներ է տվել Սուրիկ Խաչատրյանի ու նրա ընտանիքի անդամներին` ասելով «Լիսկա, դուս եկ, սպընիլու եմ, Դեզոյի ցեղը վերացնելու եմ: Սուրիկ Խաչատրյանի կինը` Լորետա Բարսեղյանը, մոտեցել է նրան ու փորձել հանգստացնել: Հետո կրակոցներ են լսվել և ինքը վիրավորվել է:

8. Վկա Արագած Ղևոնդյանի (Սուրիկ Խաչատրյանի վարորդը) ցուցմունքով` 2013թ. հունիսի 1-ի երեկոյան գտնվում էր Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանին պատկանող տան բակում: Ժամը 23:00-ի սահմաններում իր ավտոմեքենայով այդտեղ է եկել Ավետիք Բուդաղյանը: Մի քանի րոպե հետո եկել է «ՎԱԶ-2106» մակնիշի սպիտակ ավտոմեքենա, որից` հրացանը ձեռքին, իջել է Արտակ Բուդաղյանը: Նա սպառնալիքներ և հայհոյանքներ է տվել` ասելով «սաղիդ սպընիլուըմ, վերացնիլուըմ, Լիսկա ցեղդ վերացնիլուըմ»:

Լորետա Բարսեղյանն ու Ավետիք Բուդաղյանը մոտեցել են նրան ու փորձել հանգստացնել: Ավետիք Բուդաղյանն ասել է «Արտակ մի արա, դեմդ Լորետ քույրիկնա, ամեն ինչ նորմալա», սակայն Արտակ Բուդաղյանը նրա հասցեին էլ է սպանության սպառնալիքներ հնչեցրել և հայհոյել: Որոշ ժամանակ անց կրակոց է լսել և վազել դեպի տուն: Փոխհրաձգություն է սկսվել, որից հետո Տիգրան Խաչատրյանի հետ Նիկոլայ Աբրահամյանին տեղափոխել է հիվանդանոց:

Վկա Տիգրան Խաչատրյանը՝ Սուրիկ Խաչատրյանի որդին հայտնել է, որ այդ քրեական գործով իր նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է, որն օրինական ուժի մեջ չի մտել, ուստի, օգտվելով իր սահմանադրական իրավունքից, հրաժարվում է ցուցմունք տալուց և հարցերին պատասխանելուց:

Ամբաստանյալի կինը, օգտվելով իր իրավունքից, հրաժարվել է ցուցմունք տալուց:

9. Վկա` Անգելինա Քայանի ցուցմունքով` 2013 թ. հունիսի 1-ին` ժամը 23:00-ի սահմաններում, գտնվում էր Սուրիկ Խաչատրյանին պատկանող առանձնատան խոհանոցում, երբ տեսել է, որ տանը գտնվող մարդիկ դուրս են գալիս բակ։ Գնացել է նրանց հետևից և տեսել, որ բաց գույնի «ժիգուլի» ավտոմեքենա է կանգնած տան մոտ։ Այդտեղից իջել է Արտակ Բուդաղյանը և սկսել հայհոյել. «Լիսկա ես քո մերը, կնիկը»:

Երբ վերջինս մի քանի քայլ առաջ է եկել, նրա ձեռքին երկար հրացան է տեսել, որի փողը Լորետա Բարսեղյանը փորձում էր ուղղել վերև: Այդ ընթացքում լսվել են Արտակ Բուդաղյանի սպառնալիքները` «Լիսկա ազգդ սպընիլու եմ, Դուք չպիտի ապրեք, Դեզոյի ցեղը վերացնելու եմ»։ Որոշ ժամանակ անց կրակոց լսվեց: Տնային աշխատող Կարինե Հարությունյանն ասել է, որ Նիկոլայ Աբրահամյանը վիրավորվել է: Գնացել է խոհանոց, զանգահարել շտապօգնություն և վերադարձել բակ: Տեսել է, որ Ավետիք Բուդաղյանը վիրավոր ընկած է ավազաթմբի մոտ: Այդ պահին նրան է մոտեցել Արտակ Բուդաղյանը, ում որովայնի շրջանն արյունոտ էր: Քիչ անց նրանց տեղափոխել են հիվանդանոց:

10. Դատաբժիշկ-փորձագետի թիվ եզրակացությամբ` Արտակ Բուդաղյանի ստացած մարմնական վնասվածքը որովայնի առաջային պատի թափանցող հրազենային գնդակային կույր վիրավորման ձևով, պատճառվել է հրազենային գնդակային զենքից արձակված կրակոցի հետևանքով, հնարավոր է նշված ժամանակին, որը պատճառել է առողջությանը ծանր վնաս` որպես կյանքին վտանգ սպառնացող։ Արտակ Բուդաղյանը որովայնի առաջային պատի թափանցող կույր հրազենային վնասվածքը ստանալու պահին` որովայնի առաջային պատով ուղղված է եղել դեպի հրազենային զենքի փողի լայնական կտրվածքի կողմը։

11. Դատաձգաբան-փորձագետի եզրակացությամբ` ներկայացված կարաբինը հանդիսանում է գործարանային արտադրության 12 տրամաչափի «Բեկաս-ավտո» մոդելի ԽԽ 1201 համարի որսորդական ողորկափող մեկփողանի ինքնալից կարաբին, պիտանի է կրակոցներ կատարելու համար և հանդիսանում է որսորդական ողորկափող հրազեն։

12. Համակարգչատեխնիկական և տեսաձայնագրառման համալիր փորձաքննության եզրակացության համաձայն` ներկայացված թվային տեսագրիչի օրացույցի և ժամացույցի, ընթացիկ ցուցմունքները համապատասխանում են իրականին։ Փորձաքննության ներկայացված թվային տեսագրիչի կոշտ սկավառակում պարունակվում են թվով 6 տեսախցիկներից կատարված տեսաձայնագրություններ, այդ թվում նաև փորձաքննության նշանակման որոշման մեջ նշված 2013թ. հունիսի 1-ի ժամը 21:00-ից մինչև 2013թ. հունիսի 2-ի ժամը 02:00-ն ընկած ժամանակահատվածի, վերաբերյալ տեսագրություններ։ Տեսանյութերում փոփոխություններ չեն հայտնաբերվել։

13. Իրեղեն ապացույց ճանաչված «P.BERETTA CAL 9mm» տեսակի հրազենով, դրա պահունակում առկա 6 հատ փամփուշտով, «Արմսքոր» տեսակի և «Բրաունինգ» տեսակի ատրճանակներով, «Բեկաս Ավտո» տեսակի  որսորդական հրացանով, «Բայկալ МР-161К» տեսակի հրացանով, 5.6 մմ տրամաչափի 5 հատ և 9մմ տրամաչափի 8 հատ փամփուշտի կրակված պարկուճներով, Ավետիք Բուդաղյանի դիակից հանված 2 հատ 5.6մմ տրամաչափի գնդակով, Արտակ Բուդաղյանի մարմնից վիրահատության ժամանակ հանված մեկ հատ 5.6մմ տրամաչափի գնդակով և «DVR» թվային տեսագրիչ սարքով` կրիչի հետ, Նիկոլայ Աբրահամյանի, Արտակ Բուդաղյանի, Ավետիք Բուդաղյանի, Տիգրան Խաչատրյանի, Տրդատ Խաչատրյանի, Սուրիկ Խաչատրյանի և Զարզանդ Նիկողոսյանի հագուստներով:

14. Այլ փաստաթուղթ հանդիսացող և ապացույց ճանաչված հեռախոսային վերծանումների 3 լազերային սկավառակով, դրանք զննելու մասին արձանագրություններով, որոնց համաձայն` 2013 թվականի հունիսի 1-ին` ժամը 22:59-ին, Ավետիք Բուդաղյանին պատկանող բջջային հեոախոսահամարից կատարվել է ելքային զանգ Զարզանդ Նիկողոսյանի բջջային հեռախոսահամարին 52 վայրկյան տևողությամբ։

Դատարանի իրավական վերլուծությունները

Սյունիքի ընդհանուր իրավասության դատարանը հաստատված է համարել, որ ամբաստանյալը կատարել է հանցավոր արարք, որը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքի 137 հոդվածի 1-ին մասով և որակվում է որպես սպանության սպառնալիք, որն իրականացնելու իրական վտանգ է եղել:

Դատարանն արձանագրել է, որ ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը ծանրացնող հանգամանքներ չկան։

Ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը մեղմացնող հանգամանքներ են պատիժ նշանակելու պահին խնամքի տակ մինչև 14 տարեկան երկու երեխայի առկայությունն ու առաջին անգամ ոչ մեծ ծանրության հանցանք կատարելը:
Ամբաստանյալը բնութագրվում է դրականորեն, ընտանիքի միակ կերակրողն է, բարձրագույն զինվորական կրթությամբ սպա է, վատառողջ է, պարգևատրվել է  մեդալներով, հուշամեդալով, արժանացել է խրախուսանքների:

Նշենք, որ հրապարակումից մեկ ամիս անց դատավճիռը կարող է բողոքարկվել վերաքննիչ դատարան. պաշտպանական կողմն արդեն հայտնել է այն բողոքարկելու մտադրության մասին:

Պատրաստեց ՕՖԵԼՅԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԸ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս