«Եկեք սա անվանենք ոչ թե սահմանադրական բարեփոխումներ, այլ նոր Սահմանադրության ընդունում». փաստաբան

Փաստաբան Արայիկ Պապիկյան այսօրվա ասուլիսին ասաց, որ սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտություն Հայաստանում չկա. «Սահմանադրական բարեփոխումների օրակարգ չունեինք երեկ, չունենք նաև մոտ ապագայում: Իմ կարծիքով՝ սահմանադրական բարեփոխումներ կան միայն քաղաքական մակարդակում: Հասարակությունն իր օրակարգում սահմանադրական բարեփոխումների խնդիր չունի, իսկ քանի որ Սահմանադրությունն ամբողջ հանրության համար է, բնականաբար, այն միայն քաղաքական ուժերի օրակարգում է, իսկ դա որոշ չափով արհեստական օրակարգ է»:

Փաստաբանի կարծիքով՝ հնարավոր հանրաքվեից որոշ ժամանակ առաջ հանրությանը կներկայացնեն հայտնի և անհայտ սոցիոլոգիական հետազոտությունների տվյալներ, որ հանրության շրջանում անց կանցված հարցումներից պարզվել է՝ հանրության այսքան տոկոսը մասնակցելու է, կողմ է, անհրաժեշտությունը տեսնում է. «Սակայն մենք լինելով հանրության մի մասնիկը, գրեթե ոչ ոքից չենք լսում սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտության մասին: Սահմանադրական բարեփոխումներ երևույթի վերաբերյալ խոսում են միայն քաղաքական ուժերը: Բոլոր քննարկումները ծավալվում են բարեփոխման մի առանցքային հարցի շուրջ՝ կառավարման համակարգի փոփոխության: Բայց մեծամասնությունը չի անդրադառնում Սահմանադրության 1-ին և 2-րդ գլուխներին: Եթե մենք չունենք հստակ և շատ ամուր սահմանադրական կարգի հիմունքներ ու մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներն ու ազատությունները, ապա Սահմանադրության մյուս գլուխները արժեքավոր չեն»:

Ըստ նրա՝ ՀՀ-ն այսօր չունի որևէ ռեսուրս, որը հնարավորություն տա բարեփոխված Սահմանադրությունն ընդունելու, քանի որ այն ենթադրում է բազմաթիվ օրենքների փոփոխություն. «Նոր համակարգին անցնելու դեպքում մեր ամբողջ օրենսդրությունը պետք է փոխենք: Եկեք սա անվանենք ոչ թե սահմանադրական բարեփոխումներ, այլ նոր Սահմանադրության ընդունում: Առավել ևս՝ մենք կառավարման համակարգն ենք փոխում: Գործող Սահմանարդությունը 117 հոդվածից է բաղկացած, իսկ առաջարկվողը՝ 219, այսինքն՝ կրկնակի ավել, իսկ գործող Սահմանադրությունից եզակի հոդվածներ են պահպանվել:

Գործող Սահմանադրության մեջ մի շատ լավ դրույթ ունենք. Սահմանադրությունն ունի բարձրագույն իրավաբանական ուժ և նրա նորմերը գործում են անմիջականորեն: Սա լավագույն ձևակերպումներից է: Նախագծում սա չկա, այսինքն՝ այլևս Սահմանադրության նորմերը ոչ միայն իրավաբանական բարձրագույն ուժ չունեն, այլև անմիջականորեն չեն գործում: Հիմնավորումներում հանձնաժողովը նշում է, որ դա պայմանավորված է երրորդ անձանց իրավունքներով, սակայն ես, հարգելով մասնագիտական հանձնաժողովին, նրանց հմտություններն ու գիտելիքներն ամենևին էլ կասկածի տակ չդնելով, ինձ թույլ եմ տալիս չհամաձայնել այդ հիմնավորման հետ, որովհետև դա քաղաքական հիմնավորում է, ոչ թե իրավաբանական: Իրավաբանական տեսանկյունից Սահմանադրության նորմերը պետք է գործեն անմիջականորեն: Սահմանադրությունը համաձայնություն է հանրության և իշխանության միջև և այստեղ երրորդ անձ չկա»:

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս