Բաժիններ՝

«Հովոյի ճանաչելիությունն օգնում էր միայն սկզբնական շրջանում». Ասում է դիմահարդար Մերի Ազոյանը

Բարձրահասակ, գրավիչ, իսկ ժամանակին՝ նաև շիկահեր Մերի Ազոյանին ճանաչում են ոչ միայն՝ որպես հաղորդավար և դերասան Հովհաննես Ազոյանի կին, այլև՝ որպես սեփական բիզնեսը հիմնած հմուտ դիմահարդար: Ընդամենը մեկ ու կես տարի է, ինչ մեր քաղաքում գործում է Մերիի հիմնած «Beautiful» գեղեցկության սրահը, սակայն այն արդեն հասցրել է ճանաչում ձեռք բերել՝ հատկապես հայտնի կանանց և աղջիկների շրջանում: Երբ Մերիին առաջարկեցինք թվարկել իր սրահ այցելող ճանաչված հեռուստատեսային դեմքերից մի քանիսի անունները, նա համեստորեն նշեց. «Այո, մեր սրահում հաճախ են լինում ճանաչված դեմքեր: Սակայն նրանք բոլորն էլ դիմում են տարբեր դիմահարդարների, այցելում են տարբեր գեղեցկության սրահներ, այդ իսկ պատճառով, կարծում եմ՝ իմ կողմից սխալ քայլ կլինի անուններ թվարկելը»:

– Մերի, պատմեք Ձեր նախաձեռնած բիզնեսի մասին: Խոսքը Ձեր գեղեցկության սրահի բացման մասին է: Ո՞ւմ էր պատկանում գեղեցկության սրահ բացելու մտահղացումը՝ Ձե՞զ, թե՞ Ձեր ամուսնուն՝ դերասան Հովհաննես Ազոյանին:

Երկար տարիներ աշխատելով տարբեր գեղեցկության սրահներում, հասունացավ սեփական բիզնես հիմնելու որոշումը: Մտահղացումը միանշանակ իմն էր: Կարծում եմ՝ ճիշտ որոշում եմ կայացրել: Սրահը գործում է ընդամենը մեկ ու կես տարի: Վստահ եմ, որ այն դեռ երկար կգործի:

Hovhannes-Meri

Կարդացեք նաև

– Մեր քաղաքում գեղեցկության սրահների պակաս երբևէ չի զգացվել: Որքանո՞վ էր ռիսկային՝ բացել ևս մեկը:

– Գեղեցկության սրահների պակաս իրապես երբևէ չի եղել: Սակայն պետք է նշեմ, որ տաղանդավոր մասնագետներ քիչ կան: Կարծում եմ, որ կարողացել եմ մեկ վայրում՝ մեկ սրահի ներքո, հավաքել լավագույն մասնագետների:

Տարիների ընթացքում ձեռք բերելով բավականին մեծ թվով հավատարիմ հաճախորդներ, ինչպես նաև՝ տարիների փորձ, թույլ տվեցի ինձ, որ իրավունք ունենամ համարելու ինձ որոշ չափով կայացած դիմահարդար: Այդ իսկ պատճառով սրահի բացման գլխավոր շեշտադրումը եղավ հենց իմ գործոնը:

Hovhannes Azoyan (6)

– Որքանո՞վ է մատչելի՝ լինել Ձեր սրահի հաճախորդը:

– Մեր սրահում աշխատում են բարձրորակ նյութերով, բայց մատչելի գներ ևս ունենք: Դա պայմանավորված է նրանով, որ բոլոր կանայք և աղջիկները կարողանան օգտվել մեր ծառայություններից:

– Արդյո՞ք Ձեր ամուսինը ողջունում էր սրահ բացելու Ձեր որոշումը:

– Ամուսինս աջակցում և ողջունում է իմ յուրաքանչյուր որոշումը: Իսկ իմ որոշումներն անիմաստ և անհիմն չեն լինում:

Hovhannes Azoyan (4)

Hovhannes Azoyan (3)

– Որքանո՞վ էր Հովոյի հայտնի լինելն ազդել սրահի ճանաչման և նոր հաճախորդներ ներգրավելու գործընթացում:

– Անկեղծորեն կարող եմ ասել, որ ամուսնուս ճանաչելիությունն օգնում էր միայն սկզբնական շրջանում:

– Էկրանային Հովհաննես Ազոյանին ճանաչում են շատերը: Իսկ թե ինչպիսի՞ն է նա իրականում՝ էկադրից դուրս, թերևս, միայն Դուք գիտեք: Մի փոքր կբացե՞ք փակագծերը, թե ինչպիսին է նա ընտանիքում: Որքանո՞վ է տանելի կամ «անտանելի»:

– Այո, այդ մասին գիտեմ միայն ես: Եվ թող որ այդպես էլ մնա՝ իմանամ միայն ես:

– Ասում են, երբ կինն ամուսնու անունն ամբողջությամբ է նշում, ուրեմն «մի բան» այն չէ: Հաճա՞խ եք նրան անվանում Հովհաննես:

– Հավատացեք, որ մինչ օրս չեմ ասել նրան Հովհաննես:

Hovhannes Azoyan (5)

Hovhannes Azoyan (2)

– Դուք և Հովոն մեր շոուբիզնեսի ամենահետաքրքիր զույգերից եք առայսօր: Գաղտնիք չէ, որ շատերը նախանձով էին նայում Հովոյին, երբ նա դեռ նոր էր հանրությանը ներկայանում Ձեր պես բարձրահասակ գեղեցկուհու ուղեկցությամբ: Բոլոր նրանց համար, ովքեր մինչ օրս չեն կարողանում «մարսել» այդ իրողությունը, կբացե՞ք գաղտնիքը, թե ինչպե՞ս է Հովոն գրավել Ձեր սիրտը:

– Շնորհակալություն, իհարկե, բայց պետք է նշեմ, որ Հովոն արժանի է, որ իր կողքին լինի գեղեցիկ կին: Նա առաջին հերթին՝ ազնիվ և աստվածավախ մարդ է: Հովոն խենթի պես սիրում էր և սիրում է ինձ առայսօր: Այդ հատկանիշները բավական էին, որպեսզի ես սիրահարվեի Հովոյին:

Hovhannes Azoyan (1)

– Ասում են, որ կանայք սիրում են «ականջներով»: Ի՞նչ կարծիքի եք այս արտահայտության վերաբերյալ:

– Հարաբերությունների սկզբում միգուցե և ականջներով են սիրում: Սակայն, երբ խոսքերին այդպես էլ չեն հաջորդում գործողությունները, ականջները մի օր կսկսեն հոգնել:

– Ամառային արձակուրդները հետզհետե մոտենում են ավարտին: Կպատմե՞ք, թե որտեղ եք հանգստացել այս ամառ: Երևի թե այն չէր կարող անհետաքրքիր անցնել Ձեր ամուսնու պես հումորով տղամարդու կողքին:

– Մեր ամառային արձակուրդներն այս տարի անցկացրեցինք Բուլղարիայում, սակայն առանց մեր հայրիկի, քանի որ Հովոն, աշխատանքի բերումով, չկարողացավ մեզ հետ մեկնել:

Hovhannes Azoyan (8)

– Երկու հրաշք բալիկ ունեք: Երեխաներն ո՞ւմ են նման բնավորությամբ: Եվ «պետական նշանակության» վերջին հարցս՝ երրորդ բալիկի «մտադրություն» ունե՞ք:

– Այո, մենք երկու աղջիկ ունենք՝ Կարինան և Վիկտորյան: Նրանք նման են մեզ երկուսիս և, միաժամանակ, շատ տարբեր են: Դժվար է նշել, թե ո՞վ ում է նման բնավորությամբ և խառնվածքով: Նրանք շատ փոփոխական են: Երրորդ բալիկի մասին դեռ չենք մտածում, բայց մի քանի տարի հետո միգուցե սկսենք մտածել:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս