Բաժիններ՝

Հայաստանի եվրոպական ինտեգրման կրթական հաշվելի ցուցանիշներն այսօր և 4 տարի առաջ մի քանի անգամ տարբերվում են իրենց քանակով և որակով. Արմեն Աշոտյան

Այսօր տեղի ունեցավ քննարկում «Եվրոպական կրթություն եվրասիական Հայաստանում» թեմայով, որի ժամանակ ՀՀ կրթության և գիտության նախարար Արմեն Աշոտյանն ասաց, որ եվրոպական բարձրագույն կրթական տարածքն իր մեջ ներառում է նաև ոչ ԵՄ անդամ երկրներ. «Այսօր Բոլոնիայի գործընթացի 48 անդամ երկրներից 28-ն են ԵՄ անդամ երկրներ, այսինքն՝ Բոլոնիայի գործընթացը՝ եվրոպական բարձրագույն կրթական տարածքը, այլևս Եվրամիության սեփականությունը չէ:

Հայաստանը, Ռուսաստանը և այլ երկրներ մտան Բոլոնիայի գործընթաց, որովհետև այդ գործընթացը ծնեց կրթության համար ունիվերսալ գործիքներ, մոտեցումներ, որոնք հնարավոր է կիրառել նաև մեզ նման երկրներում, որոնք չեն հանդիսանում ԵՄ ընդհանուր տնտեսական տարածքի մաս»:

Նախարարը նշեց, որ այս տարի լրանում է Հայաստանի անդամակցության 10 տարին, և ընդգծեց այդ ընթացքում ունեցած նվաճումները. «Ամենակարևորն այն է, որ Հայաստանը կարողացավ ավարտին հասցնել Բոլոնիայի գործընթացով պայմանավորված բոլոր կառուցվածքային բարեփոխումների փուլը: Եվրոպական բարձրագույն կրթական տարածքի ստեղծման կառուցվածքային փուլը Հայաստանում կարող ենք համարել ավարտված: Իհարկե, այն պահանջում է վերանայումներ ու թարմացումներ:

Բայց կան նաև խնդիրներ, օրինակ՝ Հայաստանում ներդրված բակալավր, մագիստր բաժանումն այսօր աշխատաշուկայում հստակ տարանջատում չունի: Գրեթե չեք հանդիպի աշխատաշուկայում պահանջարկ, որը տարբերակում է այս երկու կրթական աստիճանները՝ անգամ պետական ապարատում:

Կարդացեք նաև

Այս ամենով հանդերձ, Հայաստանը 2012թ. հանդգնեց դիմել Բոլոնիայի քարտուղարություն ստանձնելու գործընթացին, և Բուխարեստում կայացած հանձնաժողովին ես ներկայացրի մեր երկրի հայտը, որը բավարարվեց միաձայն: Իհարկե, այդ ժամանակ դժվար էր պատկերացնել, թե ինչ է մեզ սպասվում, մեզ շարժում էր շատ կարևոր քաղաքական ամբիցիա՝ Հայաստանը եվրոպական քաղաքակրթական տարածքի մաս է, ավելին՝ կրթությունն այն դաշտն է, որտեղ, անկախ աշխարհաքաղաքական զարգացումներից, հնարավոր է և պետք է զարգացնել ինտեգրացիոն գործընթացը: Հետևաբար՝ ստանձնելով քարտուղարության դերակատարությունը՝ մենք մի քանի նպատակ էինք հետապնդում.

  1. Քաղաքական հայտ տալ՝ ընդգծելու Հայաստանի դերակատարությունն ընդհանուր Եվրոպայի քարտեզի վրա:
  2. Կրթական շարժառիթ՝ ընդգծելու Հայաստանի կարողությունները՝ պատասխանատու լինելու եվրոպական ողջ բարձրագույն կրթական տարածքի բարեփոխումների համակարգման և ինստիտուցիոնալ հիշողության ձևավորման համար:
  3. Սա հրաշալի հնարավորություն էր մեզ համար՝ ուղիղ կապ հաստատել եվրոպական ինստիտուտների՝ և՛ իշխանական, և՛ մասնավոր, և՛ համալսարանական շրջանակների հետ, որովհետև Բոլոնիայի քարտուղար բրենդը շատ արագ դարձավ մեր կրթական համակարգի համար այցետոմս՝ եվրոպական բազմաթիվ գրասենյակներում և գլխադասային օֆիսներում:
  4. Մենք նպատակ ունեինք, և մեզ հաջողվեց հիմնականում օգտագործել մեր՝ Եվրոպայի ուշադրության կենտրոնում լինելու հանգամանքը ՝ Հայաստանում ուժեղացնելու բարձրագույն կրթության կարողությունները:

Կարող եմ հստակ ասել, որ Հայաստանի եվրոպական ինտեգրման կրթական հաշվելի ցուցանիշներն այսօր և 4 տարի առաջ պարզապես մի քանի անգամ տարբերվում են իրենց քանակով և որակով»:

Ի՞նչ ունենք մենք այսօր Եվրասիական սահմանագծում: Ըստ Ա. Աշոտյանի՝ ի թիվս այլ երկրների, Բոլոնյան գործընթացի անդամ են Ղազախստանը, Ռուսաստանը, Բելառուսը, մենք, այսինքն՝ եվրասիական երկրներից 4-ը դրա անդամ են.

«Եվրասիական ընդհանուր տնտեսական տարածքն ունի իր պայմանագրային հավելվածների մեջ դրույթներ, որոնք առնչվում են կրթությանը: Դրանք 3-ն են՝

1. Եվրասիական միության անդամ երկրները պարտավոր են ավտոմատ կերպով ճանաչել բոլոր որակավորումները և կրթական փաստաթղթերը:

2. Բացառությամբ՝ իրավաբանություն, բժշկություն, դեղագիտություն և մանկավարժություն մասնագիտությունների:

3. ԵՏՄ անդամ 4 երկրներն ավտոմատ կերպով ճանաչում են իրենց կողմից տրված գիտական աստիճանները»:

 

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս