Բաժիններ՝

Դեռ վաղ է արձանագրել, որ արտագաղթը նվազել է

Հայաստանի Միգրացիոն պետական ծառայության պետ Գագիկ Եգանյանը վաղ է համարում ուղևորահոսքերի բացասական մնացորդի փոփոխության մեջ որևէ օրինաչափություն գտնելու փորձերը:

Այս տարվա առաջին կիսամյակում ՀՀ-ից միջազգային ուղևորահոսքերի բացասական մնացորդը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ  պակասել է 9.9 հազարով կամ 11.6 %-ով և կազմել 75.5 հազար մարդ:

«Անցած տարվա համեմատ պակասել է, բայց օրինաչափություն գտնելու, մեկնաբանելու համար երկար ժամանակ է պետք, որ երևույթը մի որոշ ժամանակաշրջան պահպանվի: Նման դեպքում, որ մի անգամ կամ երկու անգամ է կարճաժամկետ ի հայտ եկած բանի հետ կապված, դժվար է մեկնաբանել»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Եգանյանը: Ըստ նրա՝ առայժմ արձանագրել, որ արտագաղթի միտումը նվազել է, չենք կարող. «Ուղևորահոսքերը, միգրացիոն հոսքերը երկար ժամանակ պահանջող երևույթներ են, որ պետք է կարողանալ ավելի գնահատականների մեջ չսխալվել: Տարբեր պատճառներ կարող են լինել՝ սկսած արգելանքի համակարգից Ռուսաստանում, և այլն, և այլ ուրիշ հանգամանքներ: Ապրիորի հայտարարություններ չանելու համար ժամանակ է պետք»:

Նա չհամաձայնեց տեսակետին, որ բացասական սալդոն նվազել է ի հաշիվ նրա, որ պոտենցիալ արտագաղթողների մեծ մասն արդեն իսկ հեռացել է երկրից. «Արտագաղթի աճ չկա, հակառակ դեպքում պետք է բացասական սալդոն մեծանար: Ընդամենը 4500-ի մասին է խոսքը, որ էդքան պետք չէ շեշտել ու դրանով բացատրել: Եկեք սպասենք մի քիչ: Մարդիկ ժամանակից շուտ կարծիքներ են հայտնում: Կարող է լսես, թե զանգվածային արտագաղթ կա, ալիք կա: Բայց ժամանակ է պետք, որ հասկանանք, ինչ է տեղի ունենում»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս