«Ի՜նչ ուրախ տոնով եք ասում. Ռուսաստանի քայքայվելը շա՞տ ուրախալի փաստ է». Արամ Սարգսյանը՝ Անուշ Սեդրակյանին

«Այսօր աշխարհաքաղաքական այնպիսի գործընթացներ են ընթանում, որ դժվար է կանխագուշակել, թե ինչով կավարտվեն: Ինձ թվում է` սա տևելու է մինչև 2020 թիվը, մինչև Միացյալ նահանգները չհասկանան, որ իրենց վարած քաղաքականությունը բերում է իրենց ամբողջական մեկուսացմանը և հակաամերիկյան տրամադրությունների»,- այսօրվա ասուլիսում՝ խոսելով աշխարհաքաղաքական վերջին զարգացումների մասին, այսպիսի կարծիք հայտնեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Գասպարի Սարգսյանը:

«Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը նրան հեգնեց՝ ասելով, թե իրեն թվում է՝ պարոն Սարգսյանն ապրում է մի ուրիշ իրականության մեջ. «Ես տեսնում եմ, որ ներկա պահին ԱՄՆ-ն հսկայական խաղ է կատարում նավթի շուկայում, որի հետևանքով նավթը և գազը դադարում են դառնալ գեոպոլիտիկ ճնշման գործիք: Այն երկրները որոնք օգտագործել են հումքակեր քաղաքականությունը՝ իբրև իրենց գերակայության հաստատման մեթոդաբանություն, դադարում են լինել հեգեմոն: Վերջին երեք ամսվա կտրվածքում «Գազպրոմ»-ի շահույթը իջել է 12.5 տոկոսով: Դա ուղղակի սննկացման հասնող թիվ է, որովհետև «Գազպրոմը», լինելով Կրեմլի մահակ, արդեն կորցնում է իր տնտեսական բոլոր լծակները»:

Արամ Սարգսյանն էլ իր հերթին հեգնեց. «Ի՜նչ ուրախ տոնով եք ասում. Ռուսաստանի քայքայվելը շա՞տ ուրախալի փաստ է»

Անուշ Սեդրակյանը պատասխանեց, որ եթե երկիրը 21-րդ դարում գտնվում է 20-րդ դարում, ուրեմն անխուսափելիորեն ժամանակավրեպ է և 20-րդ դարի քաղաքականությամբ երկիրը պետք է կամ քայքայման և ապամոնտաժման ենթարկվի, կամ «խելքը գլուխը հավաքի». «Օրինակ՝ Իրանը հասկացավ, որ չի կարելի նոր զարգացող տեխնոլոգիաների և քաղաքականությունների համատեքստում շարունակել ապրել այնպես, ինչպես ապրում էր մինչ այժմ: Հայաստանը մնացել է ետ մնացող երկրների միության մեջ և շարունակում է իր սահմանադրական բարեփոխումների աշխատանքը, որը որևէ կերպ կապ չունի արտաքին քաղաքականության հետ»:

Տեսանյութեր

Լրահոս