«Մենք ձեր մկաններից չենք վախենում, մի քիչ ուղեղ ունեցեք»

«Ո՛չ թալանին» նախաձեռնության համակարգող խմբի անդամ Սոֆյա Հովսեփյանն այսօրվա ասուլիսին հիշեցրեց, որ բազմիցս նամակներով դիմել են կառավարությանը, նախարարություններին, վարչապետին, ՀԷՑ-ին, և այլն, և ասաց, որ մասամբ ստացել են նամակների պատասխաններն ու ցանկանում են ծանոթացնել դրանց.

«Կառավարություն ներկայացրած նամակներից մեկի հարցերից մեկը վերաբերում էր նրան, թե ի՞նչ միջոցներով պետք է լինի աուդիտը, և ստացանք այսպիսի պատասխան՝ պետք է լինի «ԻՆՏԵՐ ՌԱՕ ԵԷՍ» ընկերության միջոցներով, իսկ մյուս հարցերին անգամ չանդրադարձան՝ պատասխանելով, որ դեռ պարզ չէ սուբսիդավորման հարցը: Դրանից ընդամենը մի քանի օր հետո վարչապետ Հովիկ Աբրահամյանը հայտարարեց, որ Որոտանի ՀԷԿ-ի վաճառքից պետք է տրամադրվեն միջոցներ՝ 7 դրամի սուբսիդավորման համար:

Այսինքն՝ կա՛մ մեր կառավարություն լավ չի գիտակցում խնդիրը, կա՛մ դեռ շարունակում է չգիտակցել այն վերջին հնարավորությունը, որը տրված էր իրեն՝ խելամիտ որոշում կայացնել՝ թալանին վերջ տալու համար: Ստացվում է՝ վարչապետը, մեղմ ասած, մուկ ու կատու է խաղում ժողովրդի հետ ու չի գիտակցում, որ ամենախորամանկ մուկն անգամ շատ հեշտությամբ է ընկնում ժողովրդի թակարդը:

Ժողովրդի ունեցածը նորից վերցնում ու տալիս են 7 դրամի սուբսիդավորմանը: Ժողովրդի գրպանից վերցրին ու փակեցին իրենց «լափած» գումարները, որը, վստահեցնում եմ՝ մեծ արձագանք կունենա, և մի հարցում իրենք սխալվեցին. եթե նախկինում ունեին ժողովուրդ, որը կարող էր 5000 դրամով ընտրություն կատարել, այսօր, քավ լիցի, մենք չունենք դա: Ունենք ժողովուրդ, որը ոչ թե լիդերի կարիք ունի, ով պետք է ուղղորդի իրեն, այլ՝ որը կարող է ամեն պահի ինքնակազմակերպվել և պահանջել՝ վերջ տալ թալանին:

Նախագահին տրվել էր վերջին հնարավորությունը, որպեսզի Վովա Գասպարյանի ասած՝ սթափվեն, բայց չսթափվեցին: Մենք ունենալու ենք հետագա քայլեր, որոնք միանշանակ կլինեն օրենքի շրջանակներում: Չի ասվելու՝ ինչ քայլեր. միայն փողոց փակելը չէ, շատ ու շատ այլ միջոցներ էլ կան»:

Ս. Հովսեփյանն ասաց, որ տարբեր անառակաբարո միջոցներ գործածելով՝ սկսել են սպառնալ նախաձեռնության անդամներին.

«Այսօրվա տեղեկություններով՝ սպառնալիքները եղել են քաղաքացիական հագուստով ոստիկան-թիկնապահների կողմից, որոնք տարբեր ձևերով փորձում են մեզ ինֆորմացիա հասցնել: Տեղեկացնեմ, որ մենք ձեր մկաններից չենք վախենում, մի քիչ ուղեղ ունեցեք: Մի փորձեք, որովհետև, եթե անգամ փորձեք մեզնից մի քանիսին վախեցնել, միևնույն է, ժողովուրդը չի վախենալու, որովհետև մենք չունենք այն ժողովուրդը, որը պիտի անի այն, ինչ դուք ասեք, այլ անելու է այն, ինչ կարող է, ինչ ուզում է»:

«Ո՛չ թալանին» նախաձեռնության համակարգող խմբի անդամը նշեց նաև, որ «Ոտքի՛, Հայաստան» նախաձեռնությունն ինքն իր գործունեությունն է ծավալում, առանձին նախաձեռնություն է.

«Առաջարկ եղել է, որպեսզի համատեղ գործունեություն կազմակերպվի, սակայն «Ո՛չ թալանին» նախաձեռնությունն իրենց կատարած գործողություններին միանալը նպատակահարմար չի գտել, այսինքն՝ եթե չունենք կոնկրետ պատասխաններ, հստակ հիմք, որով կարելի է դուրս գալ նստացույց անել, կամ՝ ինչ-որ գործողությունների դիմել, ուղղակիորեն նստացույց անելը կամ փողոցում կանգնելը նպատակահարմար չենք գտել: Բոլորս ՀՀ քաղաքացիներ ենք, և խմբի անդամները կարող են ուղղակի մասնակցություն ունենալ, ինչը և եղել է»:

Տեսանյութեր

Լրահոս