Սերժ Սարգսյանը շնորհավորել է Նազար Նազարյանին

Նախագահ Սերժ Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել ազգային բարերար Նազար Նազարյանին՝ ծննդյան հոբելյանական տարեդարձի առթիվ: Ուղերձում, մասնավորապես, ասված է.

«Հարգելի՛ պարոն Նազարյան,

Ինձ համար առանձնակի ուրախություն է շնորհավորել Ձեզ և Նազարյան ընտանիքի անդամներին՝ Ձեր ծննդյան հոբելյանական տարեդարձի առթիվ:

Տասնամյակների ընթացքում հայրենանվեր ու արգասաբեր գործունեությամբ և տևական հանձնառություններով Դուք արժանիորեն վաստակել եք ազգային բարերարի մեծ անունն ու հեղինակությունը՝ հայրենիքում և սփյուռքում:

Բնակվելով հայրենիքից հեռու՝ մշտապես ապրում եք նրա հետ և հայ ժողովրդին կապված մնում ջերմագին զգացմունքներով: Տարբեր ժամանակներում և պայմաններում Դուք կարողացել եք ստանձնել պատասխանատվություն և իրականացնել ազգանպաստ ծրագրեր՝ առանց այդ մասին բարձրաձայնելու:

Հայ բարեգործության լավագույն ավանդույթները շարունակելու համար երախտապարտ եմ Ձեզ ու Ձեր ազնիվ տիկնոջը՝ Արտեմիս Նազարյանին:

Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երկար տարիների կյանք և արևշատություն»:

Հանրապետության Նախագահը նաև պարգևատրել է Նազար Նազարյանին (ԱՄՆ) «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 2-րդ աստիճանի շքանշանով՝ հայրենիք-սփյուռք կապերի ամրապնդման գործում ներդրած նշանակալի ավանդի, երկարամյա բարեգործական և մարդասիրական գործունեության համար:

Տեսանյութեր

Լրահոս