«Կարելի է թունավորվել անգամ սովորական հացից». սննդաբանը խորհուրդ է տալիս ուշադիր լինել գնվող սննդի նկատմամբ

«Եթե անգամ ամռային օրը մռայլ ու ամպամած է, վտանգ կա արևայրուք ստանալու, որը շատ վնասակար է մեր օրգանիզմի համար: Ամպերը միգուցե փակում են ինֆրակարմիր ճառագայթները, որոնք տաքացնում են մեզ, բայց չեն փակում ուլտրամանուշակագույն ճառագայթները, ինչը հենց շատ վտանգավոր է մարդու օրգանիզմի համար: Անգամ մեկ անգամ լավ արևայրուք ընդունելուց հետո մարդը 15 տարի անց կարող է հիվանդանալ աշխարհում ամենասարսափելի, ամենավտանգավոր և արագ զարգացող հիվանդությամբ՝ մելանոմայով: Գիտականորեն ապացուցված է, որ վիտամին D-ի լիարժեք քանակը ապահովելու համար բավարար է շաբաթվա մեջ 2 րոպե մնալ ուլտրամանուշակագույն ճառագայթների տակ»,-այսօրվա ասուլիսին ասաց սննդաբան Հասմիկ Աբովյանը:

Ինչ վերաբերվում է ճիշտ սնվելուն, նա ասաց, որ տարվա բոլոր եղանակների նման՝ ամռանը ևս առողջ քաշ ունենալու և տարբեր հիվանդություններից խուսափելու համար պետք է սնվել ռացիոնալ և բալանսավորված. «Անհեթեթ դիետաները չպետք է տեղ ունենան մարդու կյանքում: Պետք է սնվել փոքր չափաքանակով և հաճախակի՝ օրական 5-7 անգամ, ինչը բացառում է շատ ուտելու վտանգը, քանի որ հաճախ սնվելու դեպքում մարդը չի զգում սով:

Եթե ձմռանը մեզ պետք է սննդարար, ճարպերով, սպիտակուցներով և ածխաջրերով հարուստ կերակուր, ապա ամռանը մթերքները կարող են լինել ավելի թեթև, ջրալի և մեծ տեղ պետք է տալ բուսական կերակուրներին: Ամռանը կարելի է պակասեցնել մսամթերքի օգտագործման քանակը և փոխարինել բուսական սպիտակուցներով»:

Սննդաբանը նկատեց՝ սննդային թունավորում կարող է տեղի ունենալ ցանկացած մթերքից, եթե այն պահպանված չէ սանիտարահիգիենիկ կանոններով. «Կարելի է թունավորվել անգամ սովորական հացից. եթե հացը դրված է խանութի առաջին շարքում, բաց վիճակում, որտեղ մոտենում են մարդիկ, ձեռք են տալիս դրան և մենք գնում ենք դա, ապա կարող ենք թունավորվել և հիվանդանալ շատ լուրջ հիվանդություններով: Հետևաբար, եթե գնելու պահին մարդը հասկանա, թե ի՞նչ է գնում, և ինչքանո՞վ է այդ մթերքը առնչվել պաթոգեն ֆակտորների հետ(ուրիշի ձեռքեր, օդակաթիլային հանարվոր փոխանցվող վարակներ), այդքան այդ մարդը կարող է պաշտպանված լինել: Մթերքները պետք է լինեն թարմ, արտաքնապես չվնասված, ենթարկվեն շատ լավ ջրային ու ջերմային մշակման:

Հատկապես վտանգավոր է այս եղանակին օգտագործել պահածոյացված մթերքներ: Իսկ տանը պատրաստվող պահածոներից առաջարկում եմ ընդհանրապես հրաժարվել: Պահածոյացված մթերքն անվտանգ է, եթե գնված է խանութից, քանի որ արդյունաբերական պայմաններում պատրաստվող սննդամթերքը անցնում է մշակման պրոցեդուրաներ, իսկ տան պայմաններում պատրաստված պահածոները վտանգավոր են ոչ միայն առողջության, այլև կյանքի համար»:

 

Տեսանյութեր

Լրահոս