Ուսամա բեն Լադենի ընտանիքի անդամները Լոնդոնում ավիավթարի զոհ են դարձել. Daily Mail

Ուսամա բեն Լադենի ընտանիքի անդամները, ենթադրաբար, զոհվել են Անգլիայի Հեմփշիր ու Սուրեյ կոմսությունների մոտ գտնվող «Բլեքբուշ» (Blackbushe) օդանավակայանում մասնավոր ինքնաթիռի պայթյունի հետևանքով:

Դեպքը տեղի է ունեցել երեկ երեկոյան, իր կայքում հայտնել է բրիտանական Daily Mail-ը: Ինքնաթիռում գտնվել է 4 մարդ, ներառյալ՝ օդաչուն: Վայրէջք կատարելիս օդաչուն շեղվել է թռիչքուղուց, ու օդանավը, դուրս գալով ավիացիոն դաշտից, քանդելով արգելապատնեշները, բախվել է լիցքավորման կայանին:
Բախման հետևանքով պայթյուն է տեղի ունեցել, որին հաջորդել է հրդեհը՝ ամբողջությամբ ոչնչացնելով ֆյուզելյաժն ու ինքնաթիռի սրահը:
Իրավապահները բացառում են ահաբեկչության վարկածը:
Ինքնաթիռը գրանցված է եղել Salem Aviation ընկերությունում, որը պատկանում է Լադեն ընտանիքին ու կոչվում էր Սալեմի՝ թիվ մեկ ահաբեկչի եղբոր անունով:

Ինքնաթիռի բորտային համարը պատկանել է Լադենների անձնական ինքնաթիռին: Ընտանիքի հայրը՝ Մուհամմեդ բեն Լադենը, ինքնաթիռը գրանցել էր դեռևս 1960 թվականին:

Ինքնաթիռը ժամանում էր Միլանից, որտեղ Լադեն ընտանիքը ունի գործնական հետաքրքրություններ, գրում է թերթը:
Սաուդյան Արաբիայի ու բրիտանական ԶԼՄ-ները հայտնել են, որ որ ինքնաթիռում գտնվող Բեն Լադեն ընտանիքի 3 անդամները զոհվել են:

Առանց զոհերի ինքնությունը ճշտելու՝ Մեծ Բրիտանիայում Սաուդյան Արաբիայի դեսպանը՝ արքայազն Մուհամմեդ բին Նավաֆ Ալ Սաուդը դեսպանության Twitter-յան էջում ցավակցություն է հայտնել Լադեն ընտանիքին:

Սաուդյան Արաբիայի դեսպանությունը հայտնել է, որ բրիտանական իշխանությունների հետ համատեղ հետաքննում է տեղի ունեցածը ու կանի ամեն ինչ, որ զոհերի մարմինները հանձնվեն հարազատներին:

Սկսվել է հետաքննություն:

Տեսանյութեր

Լրահոս