Բաժիններ՝

Նաիրիտցիների դիմումը զայրացրե՞լ է նախարարին. Զախարյանը հունից դուրս է եկել

Հուլիսի 18-ին նաիրիտցիները դիմում են հղել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանին՝ խնդրելով պարզաբանել ստորագրելու համար իրենց տրվող պայմանագրի որոշակի կետեր, մասնավորապես՝ արդյոք դրա կատարման հետ կապված պետությունը որևէ պարտավորվածություն կրո՞ւմ է, ինչո՞ւ է աշխատակիցների տույժ-տուգանքների իրավունքը զիջվում «Նաիրիտ 2»-ին, այլ ոչ «Նաիրիտ գործարան» ՓԲԸ-ին և արդյոք գոյություն ունի՞ պայմանագիր «Նաիրիտ գործարանի» և «Նաիրիտ 2»-ի միջև, արդյոք պայմանագիրն ունի՞ իրավական հիմք (լիազոր մարմնի կողմից ընդունված):

Նաիրիտցիները դիմումով նաև պահանջել են պայմանագրում ավելացնել կետ, որտեղ նշված կլինի, որ եթե պայմանագրով նախատեսված ժամկետում Կողմ 1-ը միանվագ չվճարի գումարը, ապա պայմանագիրը կճանաչվի անվավեր և այլն: Դիմումը, փաստացի, ստորագրել է 22 աշխատակից, սակայն պարզ է, որ այն բոլոր 2200 նաիրիտցիների անունից է:

Այսօր մինչ նաիրիտցիները բողոքի ակցիա էին իրականացնում կառավարության շենքի առջև, նրանցից մի խումբ գնացել է նախարարություն՝ պահանջելով պատասխան տալ իրենց դիմումին: Նախարարության տնտեսագիտական բաժնի պետ Վահան Հայրապետյանը նրանցից երկուսին առաջնորդել է ֆինանսատնտեսագիտական վարչության պետ Բորիս Գյուլումյանի մոտ:

168.am-ի հետ զրույցում նաիրիտցիները պատմեցին, որ Գյուլումյանը լսել է իրենց, փորձել է հարցերին որոշակի պատասխաններ տալ, բայց պարզ է դարձել, որ նա ծանոթ չէ դիմումի հարցերին ու միայն այդ ժամանակ է Վ.Հայրապետյանը նրան ներկայացրել դիմումը:

«Պարզվեց, որ նախապես նամակն ուղարկել էին գործարան, որ այնտեղից պատասխան ստանանք, բայց մեզ պետք չէր գործարանի պատասխանը, որովհետև «Նաիրիտի» ղեկավարությանն ուղղորդողն էլ հենց նախարարությունն է: Եվ այդ պայմանագիր-պահանջագրի օրինակն էլ գործարանի տնօրեն Սաղաթելյանը նախարարությունից էր բերել այն օրը, երբ մենք գործարանի մոտ փակել էինք փողոցը: Հաջորդ օրն էլ կրկին նախարարության ուղղորդմամբ փոփոխվեց պայմանագիրը: Այսինքն՝ այդ պայմանագիրը հենց նախարարության կողմից է կազմվել»,- ասացին նաիրիտցիները:

Ըստ նրանց՝ այսօր էլ Գյուլումյանը սկսել է համոզել, թե՝ միայն փողն ուզեք. «Ասում էր՝ ինչի՞ եք նման մանրուքների հետևից ընկել: Վերջիվերջո գործարանի աշխատելը ձեր ինչի՞ն է պետք, ինչի՞ եք ընկել նման բաների հետևից, ով կտա, ով կվերցնի, ինչ կանի, այդ երկուսի՝ «Նաիրիտի» ու «Նաիրիտ 2»-ի միջև պայմանագիր կա, թե ոչ, ձեզ ի՞նչ է վերաբերում»:

Գյուլումյանը նաև փորձել է շեշտադրել, որ նաիրիտցիներն արդեն նախկին աշխատակիցներ են:

«Փորձեցինք բացատրել, որ մեր պայքարը շարունակվելու է նաև վերագործարկման համար, բայց զուր»,- ասացին նաիրիտցիները:

Նրանք տեղեկացրին, որ այդ ընթացքում Գյուլումյանին զանգահարել է անձամբ Երվանդ Զախարյանը, անպատվել, բղավել է նրա վրա, թե ինչու է ընդունել մարդկանց, իսկ Գյուլումյանն էլ արդարացել է, թե Վահան Հայրապետյանն է իր մոտ բերել:

Ե.Զախարյանը բղավելով կարգադրել է ետ ուղարկել նաիրիտցիներին, իսկ պատասխանը կարող են պահանջել Սաղաթելյանից: Ի վերջո, Գյուլումյանը նաիրիտցիներին ասել է, թե նամակն ուղարկել է Սաղաթելյանին, պատասխանը ստանալուց հետո պաշտոնապես կպատասխանեն նրանց հարցադրումներին:

Նկատենք, որ կառավարության խոստացած ժամկետը, երբ նաիրիտցիները պետք է ամբողջությամբ ստանան իրենց աշխատավարձի ողջ պարտքը, լրանում է հուլիսի 31-ին: Նախարարությանն ուղղված դիմումի պատասխանի համար վերջնաժամկետը օգոստոսի 19-ն է: Այսինքն՝ մինչ այդ շատ ջրեր կհոսեն և նախարարության պաշտոնական պատասխանն էլ, եթե լինի այդպիսին, այլևս գուցե իմաստազուրկ լինի:

Եվ, հաշվի առնելով, թե ինչ դժվարությամբ ու ձգձգելով է կառավարությունը փոխանցում պայմանագիրը ստորագրած նաիրիտցիների գումարը, ապա մարդկանց մտավախությունները արդարացված են, որ հնարավոր է մի մասն աշխատավարձ չստանա:

Gayane

2

3

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս