Բաժիններ՝

Պետական մարմինները քանի՞ միավոր զենք են պարգևատրել և ո՞ւմ

Բուդաղյան եղբայրների սպանության գործով Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանի տանը առգրավված զենքի օրինականության հետ կապված քննարկումներից ելնելով, որոշեցինք պարզել, թե քանի միավոր զենք  որ պետական մարմնի կողմից և ով է պարգևատրվել զենքով:

Մեր տեղեկատվական հարցումներն ուղարկվել էին ՀՀ Նախագահի աշխատակազմ, ՀՀ Կառավարությանն առընթեր Ազգային անվտանգության և ոստիկանության   ծառայություններ, ՀՀ Կառավարություն, ՀՀ Պաշտպանության նախարարություն: Հարցմամբ պահանջվել էր տեղեկատվությունը տրամադրել 1992թ.-ից մինչև օրս/2015թ հունիսի 29-ը/ ընկած  ժամանակահատվածում պարգևատրված զենքերի վերաբերյալ: Ըստ պետական մարմիների տրամադրած տեղեկատվության անցած 23 տարիների ընթացքում պարգևատրվել են ընդհանուր թվով 2291/երկու հազար երկու հարյուր իննսուն մեկ/  միավոր զենքով:

Առավել շատ զենք պարգևատրել է պաշտպանության նախարարությունը՝ 873 միավոր, այնուհետև ոստիկանությունը՝ 787 միավոր, ՀՀ կառավարությունը՝ 418, ազգային անտանգության ծառայությունը՝ 174 միավոր, և առավել քիչ թվով ՀՀ նախագահի աշխատակազմը՝ 39 միավոր:  Ի դեպ, ՀՀ Նախագահի աշխատազմի կողմից զենքով պարգևատրումները կատարվել են 1998թ-ից: Բոլոր պետական կառույցները հայտնել են, որ չեն կարող տրամադրել այն անձանց տվյալները, որոնք պարգևատրվել են զենքով, հղում կատարելով տարբեր իրավական նորմերին:

Ազգային անվտանգության ծառայությունը «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերին: «1. Տեղեկատվություն տնօրինողը, բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասում սահմանված դեպքերի, մերժում է տեղեկության տրամադրումը, եթե դա՝ 1) պարունակում է պետական, ծառայողական, բանկային, առևտրային գաղտնիք. 2) խախտում է մարդու անձնական և ընտանեկան կյանքի գաղտնիությունը, այդ թվում՝ նամակագրության, հեռախոսային խոսակցությունների, փոստային, հեռագրական և այլ հաղորդումների գաղտնիությունը.», իսկ մնացած մարմինները՝ ՀՀ Սահմանադրության 23-րդ հոդվածին.

«Յուրաքանչյուր ոք իրավունք ունի, որպեսզի հարգվի իր անձնական ու ընտանեկան կյանքը: Առանց անձի համաձայնության նրա վերաբերյալ չի կարելի հավաքել, պահպանել, օգտագործել կամ տարածել այլ տեղեկություններ, քան նախատեսված է օրենքով: Արգելվում է անձին վերաբերող տեղեկությունների օգտագործումն ու տարածումը, եթե դա հակասում է տեղեկությունների հավաքման նպատակներին կամ չի նախատեսված օրենքով»:

Այսպիսով, ըստ պետական մարմինների մոտեցման, զենքով պարգևատրվածների անուն ազգանունները տվյալները համարվում են անձնական գաղտնիք: Այս հարցն իհարկե մեր կողմից կուսումնասիրվի, կփորձենք հասկանալ նման մոտեցման տրամաբանությունը՝ իրավական հիմնավորումների տեսակետից: Այնուամենայնիվ, գտնում ենք. ՀՀ քաղաքացին պետք է իմանա, որ բացի  ուժային և իրավապահ մարմինների ներկայացուցիչներից, զենք կրելու իրավունք ունեն  նաև ՀՀ այլ քաղաքացիներ, որոնք կարող են որոշ իրավիճակներում նաև կիրառվել:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս