«Ժամանակին քնարկվում էր երկաթգծի բացում Նախիջևանի հատվածով, գուցե սա նորից պետք է դնել քննարկման մեջ». Արա Պապյան

«ՀՀ-ն պետք է նախաձեռնողական քաղաքականություն վարի, այլապես այլ գործոններ կսկսեն օգտագործել Հայաստանի դեմ»,- Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախաձեռնությամբ կազմակերպված «Ղարաբաղյան հակամարտություն. ապասառեցո՞ւմ, թե՞ բանակցությունների վերսկսում» թեմայով քննարկման ժամանակ այս մասին ասաց «Մոդուս Վիվենդի» կենտրոնի ղեկավար Արա Պապյանը` անդրադառնալով տարածաշրջանի ապաշրջափակմանն ու այդ պայմաններում ՀՀ քաղաքականությանը:

Նա նշեց, որ ելնելով անցյալի փորձից՝ այնքան էլ լավատես չէ, թե կլինի նախաձեռնողական քաղաքականություն, քանի որ հայկական քաղաքականությունն ավելի սպասողական դերում է եղել: Դա, նրա խոսքով, ինչ-որ շրջաններում միգուցե արդարացվում է: «Սակայն, եթե մենք հիմա նախաձեռնողական քաղաքականություն չվարենք, մեր փոխարեն կսկսեն այլ գործոններ օգտագործել: Նույն քրդական գործոնը, որն ակտիվանում է, ի դեպ, ակտիվացվում է բոլորի կողմից: Վերջին պայթյունը Թուրքիա-Իրան գազամուղի, վաղուց էի ասում, հենց Իրանը ցանկանա գազ վաճառել, «Գազպրոմը» մի բան կսարքի: Վստահ եմ, որ «Գազպրոմը» PKK-ին կսկսի ֆինանսավորել, ինչ արել էր ԽՍՀՄ-ը, այստեղ շատ լուրջ խնդիրներ կան»,- ասաց Արա Պապյանը:

Անդրադառնալով ԼՂ հակամարտությանը, նա նշեց, որ այս կիսամյակը մեծագույն վտանգներով լի կիսամյակ էր, այդ վտանգը 2016թ. սկզբին ևս կպահպանվի: «Ես հույս ունեմ, որ լայնածավալ պատերազմի չի գնա, թեև կան ուժեր, որոնք շահագրգռված են այդ հարցում: Ալիևը դրան չի գնա, եթե չդրդեն: Այսինքն` ներսի տեղեկատվությունը դա է ցույց տալիս, խոսակցությունները ցույց են տալիս, որ պատրաստ չէ հասարակությունը պատերազմի: Լուրջ խնդիր կա, ինչ պետք է անի Ադրբեջանը, որ հաղթող լինի»,- ասաց Արա Պապյանը՝ շարունակելով, որ դա դժվար է անել՝ հատկապես Իրանի աճող դերակատարության պայմաններում: Սակայն Արա Պապյանն Իրան-ՀՀ երկաթգծի իրատեսականության իմաստով լավատես չէ:

«Ոչ միայն ֆինանսական առումով, այլ զուտ տեխնիկական խնդիների: 1992-1993թթ. այս հարցերն Իրանի հետ քննարկվել են, և այնտեղ շատ լուրջ խնդիր է Մեղրիից դեպի Քաջարան գնացող հատվածը՝ 1400 մետր 4 5 կիլոմետրի վրա՝ թե՛ անկումը, թե՛ տատանումը 3400 մետր, երկաթգծի կառուցման համար 3,5 միլիարդով չենք սահմանափակվի, եթե կառուցվի, դա գերծախսատար կլինի: Ժամանակին քննարկվում էր Հայաստան-Իրան-Թուրքմենստան եռակողմ ձևաչափի մեջ երկաթգծի բացում Նախիջևանի մասով: Գուցե սա նորից պետք է դնել քննարկման մեջ: Սա իրատեսական է, քանի որ երկաթգիծը կա, թող Ադրբեջանը մերժի, մենք առաջարկենք, որ պատրաստ ենք: Ավելին՝ մենք ժամանակին պատրաստակամություն էինք հայտնել Կարս-Գյումրի հատվածը բացել առանց փոխադարձության սկզբունքի: Եկեք նոր առաջարկներով հանդես գանք , թող իրենք մերժեն, գուցե աշխատի»,- ասաց Արա Պապյանը` խորհուրդ տալով ավելի ակտիվ դիվանագիտություն վարել:

 

Տեսանյութեր

Լրահոս