Բաժիններ՝

Նվազել է Վանաձորի պետական համալսարան ընդունվողների թիվը

asparez.am-ը գրում է. Այս տարի Վանաձորի պետական համալսարանում նախատեսված 540 տեղի դիմաց դիմել է 420 դիմորդ, որից բուհ է ընդունվել 345-ը: Նրանցից 291-ը կսովորեն վճարովի, 54-ը՝ անվճար համակարգում: Նախորդ տարի բուհն ունեցել էր 461 դիմորդ, ընդունվել էին 383-ը:

ՎՊՀ-ն այս տարի ընդունելություն է կատարել 19 մասնագիտությունների գծով: Ընդունվողների առավելագույն թիվը գրանցվել է «Մանկավարժություն եւ մեթոդիկա» (50 մարդ), նվազագույնը՝ «Կենսաբանություն» մասնագիտությամբ (6 մարդ): «Թարգմանչական գործ» բաժնում ընդհանրապես ընդունվող չի եղել:

ՎՊՀ-ի ընդունող հանձնաժողովի պատասխանատու քարտուղար Սամվել Աղաջանյանի տեղեկացմամբ՝ բուհն այս տարի առաջին անգամ է ընդունելություն կատարել «Իրավագիտություն», «Հոգեբանություն», «Սերվիս», «Ինֆորմատիկա եւ կիրառական մաթեմատիկա» մասնագիտությունների գծով:

Երկու մասնագիտությունների գծով ընդունվել է նախատեսված թվից ավել դիմորդ: «Սոցիալական մանկավարժություն» եւ «Սոցիալական աշխատանք» մասնագիտությունների գծով ՀՀ ԿԳ նախարարությունը տեղերի վերաբաշխում է կատարել եւ նույնատիպ միավորներ ունեցող դիմորդները հնարավորություն են ունեցել ընդունվել բուհ:

Դիտարկմանը, որ բուհ ընդունվողների թիվը տարեցտարի նվազում է, պատասխանատու քարտուղարն արձագանքում է.

-Տարեցտարի բուհերի թիվն ավելանում է, շրջանավարտների թիվը նվազում, ինչի արդյունքում էլ, բնականաբար, դիմորդների թիվը նվազում է:

Ինչ վերաբերում է այն տեսակետին, որ ինստիտուտից համալսարանի կարգավիճակի անցնելը պետք է որ նպաստեր դիմորդների թվի ավելացմանը, Ս. Աղաջանյանը պատասխանում է.

-Մենք էլ էինք մտածում, որ դիմորդների թվի ինչ-որ փոփոխություն կլինի, բայց փաստն այն է, որ Լոռու մարզի շրջանավարտների թիվը նվազել է, իսկ մեր դիմորդների աշխարհագրությունը գրեթե անփոփոխ է մնում: Ես 5 տարի է՝ աշխատում եմ, բայց այս ընթացքում Երեւանից մեկ կամ երկու հոգի հազիվ եկած լինեն մեր բուհ: Շատ են դիմում Տավուշի մարզից, քիչ՝ Արագածոտնի մարզից, Շիրակից գրեթե չեն գալիս, այսինքն՝ ստիպված ենք սահմանափակվել մեր տարածաշրջանով:

Հոդվածն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս