Բաժիններ՝

Դրամաշնորհների հնարավորություն՝ փոքր և միջին բիզնեսի համար

Այսօր կառավարության նիստում հավանության արժանացավ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Եվրոպական միության միջև «Ձեռնարկությունների և փոքր ու միջին ձեռնարկությունների մրցունակություն (COSME) (2014-2020 թվականներ)» միության ծրագրին ՀՀ մասնակցության մասին» համաձայնագիրը:

ՀՀ էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը ներկայացրեց, որ ծրագրի բոլոր միջոցառումներին (բացառությամբ ֆինանսական գործիքների) մասնակցելու համար Հայաստանի կողմից Եվրոպական միության բյուջե տարեկան վճարվող անդամավճարը 2016-2017թթ. ժամանակահատվածի համար կկազմի 78 868 եվրո:

Ծրագրի մյուս մասի համար (2018-2020թթ.) ամենամյա ֆինանսական մասնաբաժինը պետք է հաշվարկվի 2017թ. ընթացքում: Ըստ նրա՝ ՀՀ Փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնը (ՓՄՁ ԶԱԿ) պատրաստ է հատկացնել միջոցներ՝ COSME ծրագրին Հայաստանի մասնակցության համար նախատեսված անդամավճարը վճարելու համար:

Միաժամանակ, Հայաստանում ԵՄ պատվիրակության հետ ընթացող քննարկումների արդյունքների համաձայն` 2015թ. ընթացքում մեկնարկող մեկ այլ` ԵՄ կողմից ֆինանսավորվող մասնավոր հատվածի զարգացմանն ուղղված ծրագրի շրջանակներում նախատեսվում է COSME ծրագրի անդամակցության վճարի համաֆինանսավորում մինչև 50% չափով` 3 տարի ժամկետով:

«Ծրագրի հիմնական նպատակն է հնարավորություն ընձեռել հայաստանյան ՓՄՁ սուբյեկտներին օգտվել Եվրամիության կողմից ՓՄՁ-ների զարգացմանն ուղղված բազմաթիվ նախաձեռնություններից»,- ասաց Կ.Ճշմարիտյանը՝ հավելելով, որ ծրագրին մասնակցությունը Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ին հնարավորություն կտա համաֆինանսավորում ստանալ Ձեռնարկությունների Եվրոպական Ցանցի (ՁԵՑ) գործունեության շրջանակներում` էականորեն բարձրացնելով Հայաստանում վերջինիս գործունեության արդյունավետությունը, դիմել ամենամյա ERASMUS երիտասարդ ձեռներեցների ծրագրին և ձեռներեցության խթանման նմանատիպ այլ ծրագրերին, իչպես նաև հնարավորություն կտա հայաստանյան այլ կազմակերպություններին և առանձին ՓՄՁ սուբյեկտներին Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի աջակցությամբ մասնակցել ծրագրի շրջանակներում հայտարարվող բազմաթիվ բաց դրամաշնորհային մրցույթներին: ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը նկատեց, որ Հայաստանի այլ կազմակերպություններ ՓՄՁ ԶԱԿ աջակցությամբ մասնակցել են բազմաթիվ դրամաշնորհային մրցույթների: Նա նշեց, որ ՓՄՁ զարգացումը կառավարության առաջնահերթություններից է:

«Ես կարծում եմ, որ շատ լավ ծրագիր է և մենք պետք է աջակցենք ու անդամակցենք»,- ասաց Հ.Աբրահամյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս