Բաժիններ՝

«Ապագայի Հայաստան». ստեղծվել է հայկական արտադրության ինտելեկտուալ սեղանի խաղ

«Ապագայի ՀայաստանՀ» անվանումով ինտելեկտուալ սեղանի խաղն անտարբեր չի թողնի թե՛ երեխաներին, թե՛ մեծահասակներին: Խաղը մարզում է ուղեղը, թարմացնում հիշողությունը, զարգացնում տրամաբանությունը, նպաստում հայրենասիրական դաստիարակությանը, ստիպում սովորել չիմացածը և, ի վերջո, անփոխարինելի ժամանցի միջոց է:

Խաղի համահեղինակները 17-ամյա տղաներ են՝ Դավիթ Ալեքսանյանն ու Արամ Մամիկոնյանը: Տղաների մոտ գաղափարն առաջացել է այս տարվա ապրիլին: 168.am-ի  հետ զրույցում Արամն ասաց, որ բիզնես-մոդել ունենալու և Ցեղասպանության 100-ամյակի հետ կապված ինչ-որ բան անելու ցանկությունները միավորվեցին, և առաջացավ խաղի գաղափարը:

apagayi Hayastan1

«Խաղի հարցերը հիմնականում պատմական Հայաստանին են վերաբերում, սակայն կան նաև ինտելեկտուալ-տրամաբանական հարցեր: Խաղը նախատեսված է հիմնականում 2-4 մասնակիցների համար, կարելի է խաղալ նաև թիմերով: Մասնակիցները խաղադաշտում առաջ շարժվելով՝ համապատասխան թեմաներ են ընտրում և պատասխանում իրենց բաժին ընկած հարցերին: Հարցերից ստանում են միավորներ, իսկ վերջում ամփոփում արդյունքները»,- ասաց նա:

Կարդացեք նաև

apagayi Hayastan4 (1)Խաղի թեմաները 5-ն են՝ Պատմական Հայաստան (42 հարց), Հայ գրականություն (36 հարց), Մեծանուն հայեր (36 հարց), Հայոց Ցեղասպանություն և ճանաչած երկրներ (42 հարց. բացի նրանից, որ հարցեր կան այն մասին, թե ո՞ր երկիրն է ճանաչել, ո՞ր թվականին և այլն, նաև տվյալ երկրների մասին աշխարհագրական հարցեր կան) և Օսմանյան բանտ (30 հարց):

Մեր զրուցակիցն ասաց, որ խաղը կարող են խաղալ սկսած տասը տարեկանից. «Բայց, օրինակ, 11-12 տարեկան երեխան դժվար թե կարողանա պատասխանել հարցերի մեծ մասին, չնայած՝ խաղի իմաստն այն է, որ չպատասխանի ու սովորի: Մի քանի անգամ խաղալուց հետո կիմանա այդ հարցերի պատասխանները: Ամեն խաղին 180-ից ավելի հարցերի է պատասխանում, ինչը բավականաչափ գիտելիք է տալիս»:

apagayi Hayastan4 (2)

Խաղի թեմաներից հետաքրքրական է Օսմանյան բանտ կոչվող թեման: Օսմանյան բանտ դաշտում մասնակիցը պետք է պատասխանի տրամաբանական հարցերի, չպատասխանելու դեպքում՝ ստիպված է ևս մեկ շրջան մնալ նույն տեղում: Որքան շատ է մասնակիցը մնում այդ դաշտում, այնքան շատ միավորներ է կորցնում:

«Այս թեմայի հարցերը բավականին բարդ են, բայց, օրինակ, մեծահասակներից շատերը չեն կարողանում պատասխանել, իսկ երեխաներն ավելի ճարպիկ են ու պատասխանում են»,- ասաց Արամ Մամիկոնյանը:

apagayi Hayastan

Խաղը հնարավոր է ձեռք բերել՝ պատվիրելով այստեղից, իսկ խանութներում դեռևս առկա չէ, բայց շուտով կլինի: Արամն ասաց, որ լինելու է նաև խաղի օնլայն տարբերակը, բայց դա ֆինանսների հետ է կապված, և չգիտի՝ երբ կլինի:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս