Բաժիններ՝

«Ուզում են թռչնամսի ներմուծումն արգելենք, որ սահմանափակվե՞ն սպառողների իրավունքները. ինչ գնով ուզեն՝ վաճառե՞ն»

Հայաստանի թռչնաբուծարանների տնօրենները բողոքում են, որ Հայաստան ներկրվող թռչնամսի պատճառով՝ տեղական թռչնամիս արտադրող ընկերությունները կանգնել են խնդրի առջև: Մենք զրուցել էինք ինչպես նրանց, այնպես էլ ՀՀ թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանի հետ, որն ասել էր, թե Հայաստան ներմուծվում է անորակ թռչնամիս, ինչն էլ բացատրում է ներկրվող մսի էժան գինը: Իսկ Հայաստանի ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը մեզ հետ զրույցում ասել էր, որ կողմ է թռչնամսի ներկրմանը, քանի որ այդ դեպքում տեղական արտադրողները առիթից չեն օգտվի և մոնոպոլիաներ չեն ձևավորվի:

168.am-ը զրուցեց նաև ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության (այսուհետ՝ ՍԱՊԾ) Անասնաբուժության տեսչության պետ Հովհաննես Մկրտչյանի հետ, որը ներկայացրեց մսամթերքի (որի մեջ մտնում է նաև թռչնամիսը) ներմուծման ընթացակարգը.

«Թռչնամիս չի ներմուծվում այն երկրներից, որտեղ կան կենդանիների տարբեր հիվանդություններ: Մի քանի երկրից ընդհանրապես չենք ներմուծում. Թուրքիա, Մեծ Բրիտանիա, Հոլանդիա, Չինաստան, ԱՄՆ 16 նահանգներ, Իրանի իսլամական հանրապետության մեկ նահանգ: Մյուս վայրերից օրենքով արգելված չէ կենդանական ծագման մթերք ներմուծելը, այդ թվում՝ թռչնի միս:

Թռչնի միսը համարվում է անասնաբուժական ենթահսկման բեռ և ՍԱՊԾ բոլոր լծակները վերահսկում են և՛ ներմուծումը, և՛ արտահանումը, և՛ տարանցիկ փոխադրումները: Այդ գործընթացը կատարվում է սահմանային հսկիչ կետերի միջոցով: Հնարավոր չէ ծառայության հսկողության տակ գտնվող բեռը առանց հսկողության սահմանը հատի և գնա ինչ-որ մի տեղ՝ իրացման:

Երբ բեռը գալիս է, սահմանում հսկիչ կետի տեսուչը նախ զննում է փաստաթղթերը՝ ո՞ր երկրից է եկել, ունի՞ անասնաբուժական սերտիֆիկատ, թե՞ ոչ, ունի՞ տարբեր երկրների պահանջներին համապատասխան սերտիֆիկատներ, լաբորատոր փորձաքննության արձանագրություններ և այլն: Կառավարության մեկ այլ որոշումով՝ սահմանին ներդրված է ռիսկերի գնահատման համակարգ. բեռը զննելուց հետո համակարգը տալիս է բալ: Տրված բալերի հիման վրա նոր որոշվում է՝ այդ բեռը բաց թողնե՞լ սահմանից, թե՞ կասեցման կարգադրագիր գրել, որ չի թույլատրվում իրացնել բեռը: Ռիսկերի մեջ համակարգիչը հաշվի է առնում բեռի տեսակը, քանակը, պահանջվող փաստաթղթերից որևէ մեկի չլինելը և այլն: Այդ ամենը մուտքագրելուց հետո համակարգիչը տալիս է նշածս բալը: Այսինքն՝ տնտեսվարողների և ՀԿ-ների կողմից բարձրացված հարցը, թե անորակ թռչնամիս է ներմուծվում Հայաստան, իրականությանը չի համապատասխանում: Անորակ չի ներմուծվում, կարող է անորակ դառնալ հետագայում, երբ մեկը ներմուծում է, երկար ժամանակ պահում իր սառնարանում, հետո՝ վաճառում:

Բացի սահմանային հսկիչ կետերից ՍԱՊԾ-ն ունի նաև այլ ծառայություններ՝ պլանային ստուգումներ, դիտակումներ և անասնահամաճարակային մշտադիտարկումներ: Ունենք նաև թեժ գիծ և զանգերի հիման վրա կարողանում ենք գնալ, տեղում ստուգել և բարձրացված հարցի իսկությունը պարզելուց հետո՝ դիմել համապատասխան քայլերի»:

Ներմուծվող թռչնամսի էժան գինն, ըստ Հովհաննես Մկրտչյանի՝ պայմանավորված է մի շարք հանգամանքներով, բայց՝ ոչ որակի. «Մենք ամեն ինչը ներմուծում ենք՝ կերը, ճտերը կամ ինկուբացիոն ձուն, այստեղ միայն զբաղվում ենք թռչնին մոտ 30 օր պահելով, որ որոշակի քաշի հասնելուց հետո մորթենք: Բնական է՝ շատ հեռու կլինենք Կանադայի ու Ամերիկայի նման երկրներից, որտեղ այդ ամբողջ գործընթացն իրենց մոտ է արվում: Մարդիկ ուզում են զբաղվել թռչնաբուծությամբ, բայց ներդրում չանել, նման բան աշխարհում չի լինում: Թռչնաբուծական ֆերմա ստեղծելու համար առաջին հերթին կերի բազա պետք է ունենաս: Հետո ստանաս ինկուբացիոն ձուն, որ ճուտն էլ ստանաս: Այս ամենն ունեցող կազմակերպությունը մրցունակ կլինի և կվաճառի ամենաէժան գնով: Ուզում են թռչնամսի ներմուծումն արգելենք, որ սահմանափակվե՞ն սպառողների իրավունքները. ինչ գնով ուզեն՝ վաճառե՞ն»:

ՀՀ ԳՆ ՍԱՊԾ Սահմանային հսկիչ կետերի համակարգման բաժնի պետ Ա. Ալեքսանյանը մեզ ներկայացրեց 2015թ. Հայաստան ներկրված թռչնամսի ծավալները. «Հունվարի մեկից մինչև հուլիսի 20-ը տարբեր երկրներից Հայաստան է ներկրվել 17.910 տոննա թռչնամիս: ԵՏՄ երկրներից՝ 395 տոննա, Բրազիլիայից՝ 2000 տոննա, Ամերիկայից՝ 12.000 տոննա, Լեհաստանից՝ 60 տոննա, Բելգիայից՝ 425 տոննա, Ֆրանսիայից՝ 131 տոննա: Սրա մեջ մտնում է և՛ հավի կրծքամիսը, և՛ հավի աղացած միսը. թռչնամիսն ամբողջությամբ: Ներկրված ամբողջ թռչնամիսը ենթարկվել է փորձաքննության, ստացել ենք համապատասխան փորձաքննության եզրակացություն, տրամադրել ենք սերտիֆիկատ ու մաքսազերծվել է: Ունեցել ենք նաև դեպքեր, երբ անորակ թռչնամիսը հետ է ուղարկվել»:

Հարցին, թե ովքե՞ր են զբաղվում թռչնամսի ներմուծմամբ, մեր զրուցակիցները պատասխանեցին, որ ազատ շուկայական հարաբերություններ են. ով ցանկանում է՝ ներմուծում է:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս