«Հայաստանն ու Վրաստանը չպետք է հրաժարվեն իրանական գազը Եվրոպա տարանցելու հնարավորությունից». Վրաստանի ԱԳ նախկին նախարար

«Վրաստանը դեմ չի լինի Իրանի նոր առաջարկներին»,- այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Վրաստանի ԱԳ նախկին նախարար, քաղաքական վերլուծաբան Իրակլի Մենագարիշվիլին` անդրադառնալով Իրան-«Վեցյակ» համաձայնությանն ուրանի հարստացման ծրագրի շուրջ, Իրանի ապաշրջափակման ազդեցությանը Հարավային Կովկասի վրա և իրանական գազը Հայաստանի և Վրաստանի միջոցով Եվրոպա տարանցելու հնարավորությանը:

Փորձագետն ասաց, որ Իրանը տարածաշրջանային ամենաառանցքային խաղացողներից մեկն է, որը պատժամիջոցների ենթարկվելու տարիներին չէր կարողանում օգտագործել իր ողջ ներուժը՝ և հարևանների, և գերտերությունների հետ հարաբերություններում: Ըստ նրա` սա վերաբերում է և՛ տնտեսական, և՛ քաղաքական հարաբերություններին, քանի որ Իրանը գտնվում էր էմբարգոների տակ: Սակայն, ըստ փորձագետի, եթե Իրանն ու Արևմուտքը կատարեն իրենց ստանձնած պարտավորությունները, որոնց հետևանքով Իրանը կազատագրվի պատժամիջոցներից, Իրանն ըստ էության կվերակենդանանա` սկսելով իրականացնել բոլոր կիսատ թողած պրոյեկտները: Իրանը, ըստ Մենագարիշվիլիի, ստիպված կլինի վերամշակել իր արտաքին քաղաքականությունը, որը պատժամիջոցների ներքո պասիվ փուլ էր մտել: Վերլուծաբանի համոզմամբ` Իրանն իր հնարավորությունների շնորհիվ մեծ դերակատարություն կարող է ստանձնել, իսկ դրա համար համապատասխան քաղաքականություն և ռազմավարություն է անհրաժեշտ: «Վստահաբար Իրանը կմեծացնի տնտեսական և առևտրային հարաբերություններն իր հարևանների հետ»,- ասաց Մենագարիշվիլին` հավելելով, որ կմեծանա Իրանի տարածաշրջանային դերը, բայց թե ինչ մասշտաբով՝ ցույց կտա ժամանակը, երբ գործադրվող պատժամիջոցների վերացումից հետո Իրանը սկսի թելադրել իր նոր մոտեցումները:

Իրակլի Մենագարիշվիլին, խոսելով իրանական գազը դեպի Եվրոպա տարանցելու ուղիների մասին, ասաց, որ բոլորին է հայտնի` կա երկու ուղի` թուրքական և հայ-վրացական: Իրակլի Մենագարիշվիլիի կարծիքով` երկրորդ տարբերակը բավականին երկար ժամանակ կխլի, քանի որ չկան նույնիսկ համապատասխան պայմանավորվածությունները, ներդրումները, ենթակառուցվածքները: Այսինքն, նրա համոզմամբ, դա ապագայի հարց է: «Եթե, այնուամենայնիվ, Իրանն առաջարկի գազն առաքել Եվրոպա, Վրաստանն ու Հայաստանը չպետք է հրաժարվեն, քանի որ այդ պրոյեկտն ինքնին կկարևորի Հայաստանի և Վրաստանի դերը տարածաշրջանում, կամրապնդի անվտանգությունը, ինչը պակաս կարևոր չէ»,- ասաց Մենագարիշվիլին, խորհուրդ տալով սպասել:

Հիշեցնենք, որ օրերս Երևանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Մուհամադ Ռաիսին անդրադառնալով Իրան-Հայաստան հարաբերություններում առաջացած հնարավորություններին՝ ասել էր, թե հավանական է համարում իրանական գազի տարանցումը դեպի Եվրոպա: Պարզապես, նրա խոսքով, չկան համապատասխան ենթակառուցվածքներ: Նա նշել էր. «Անձամբ այն կարծիքին եմ, որ Հայաստանը Սև ծովը Պարսից Ծոցին կապելու համար շատ լավ միջանցք կարող է հանդիսանալ, հնարավոր է՝ դա ժամանակի առումով երկար տևի, սակայն գիտեք, որ կոմունիկացիաները լուրջ ազդեցություն են ունենում երկրի տնտեսության վրա»:

 

Տեսանյութեր

Լրահոս