Թուրքիայում խառնակ իրավիճակ է ստեղծվել, ինչը ձեռնտու է Հայաստանին. թուրքագետ

Թուրքագետ Գևորգ Պետրոսյանն այսօր հրավիրված ասուլիսին ասաց, որ Թուրքիայում իրավիճակը խառնակ է մի քանի ճակատներով.

«Քրդական խնդրից բացի՝ խնդրիներ կան նաև «Իսլամական պետություն» խմբավորման հետ, ինչպես նաև՝ մեկ ամսից ավելի է՝ Թուրքիայում չեն կարողանում կազմել կոալիցիոն կառավարություն, ինչը ևս լուրջ խնդիրներ է առաջ բերում:

Կարելի է ասել, որ Թուրքիայում քաոսային իրավիճակ է, և հետաքրքիր է տեսնել, թե ինչպիսի զարգացումներ են լինելու:

Եթե առանձին ճակատների բաժանենք, ապա առայժմ հստակություն չկա կոալիցիայի հարցում, ինչը կարող է բերել նոր ընտրությունների, իսկ դա նոր խնդիրներ է առաջ բերելու՝ հաշվի առնելով քրդական սրացումը, քանի որ իշխող կուսակցությունն առաջին հերթին՝ խնդիր է դնելու նոր ընտրություններում տապալել Քրդական կուսակցությանը»:

Թուրքագետն ասաց, որ Քրդական կուսակցությունը ցույց է տվել, որ ոչ միայն կարողանում է հաղթահարել 10 տոկոսանոց անցողիկ շեմը, այլ նաև՝ 13 տոկոս ձայներ հավաքել:
«Իսկ եթե նոր ընտրություններում նրանք չկարողացան մտնել խորհրդարան, պատկերացրեք, թե բազմամիլիոն քուրդ ընտրողների համար դա ինչ կնշանակի, և բախումների նոր ալիք կարելի է սպասել Թուրքիայում:

2 տարվա պայմանական դադարից հետո տեսնում ենք, որ Քրդստանի աշխատավորական կուսակցության և թուրքական պետության միջև արյունալի բախումները վերսկսվել են: Այսինքն՝ նշանակում է, որ Էրդողանի թուրք-քրդական համերաշխության ծրագիրը որոշակիորեն ձախողում է ապրում: Այս իրավիճակը շարունակելու է խորանալ:
Թուրքիայում այս խառնակ վիճակը բխում է մեր շահերից, քանի որ ցանկացած ճգնաժամ Թուրքիայում մեզ ձեռնտու է»,- պարզաբանեց նա:

Տեսանյութեր

Լրահոս