Բաժիններ՝

Հայաստանի հետ 2 հզորագույն ծրագրեր ունենք, հուսով ենք, որ կարող ենք իրականացնել. ՀՀ-ում Իրանի դեսպան

Մեր զրուցակիցն է ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մոհամմադ Ռեիսին:



– Պարոն դեսպան, Արևմուտքի կողմից Իրանի դեմ պատժամիջոցների դադարեցումից հետո ի՞նչ ակնկալիքներ կան, Հայաստան-Իրան հարաբերությունների զարգացումն ինչպե՞ս եք պատկերացնում:

– Իրանի շրջափակումները վերացնելուց հետո, վստահ ենք, որ շատ ուժեղ քայլ առաջ կարող ենք դնել մեր երկկողմ հարաբերությունների մեջ: Բայց դա ժամանակ է պահանջում, Իրանի շրջափակումը վերացնելը մի քանի ամիս կտևի, անմիջապես չի կատարվի: Շրջափակումը վերացնելուց հետո արտերկրում սառեցված իրանական ֆինանսական միջոցները կվերադարձվեն մեզ, և այդ ժամանակ մեր ձեռքերն ազատ կլինեն, որ մեր ծրագրավորած նախագծերը, որ, ի վերջո, շատ կարևոր են մեզ համար և երկու երկրների համար, կարողանանք իրականացնել: Օրինակ՝ էներգետիկ ոլորտում Մեղրի ՀԷԿ-ի կառուցումն այն ծրագրերից մեկն է, որ պատժամիջոցները խստացնելուց հետո կանգ առավ, և, հույս ունենք, որ մեր գումարները վերադարձնելուց հետո կկարողանանք այն վերսկսել: Ինչպես տեղյակ եք, տարիներ առաջ է համաձայնագիրը կնքվել, բայց միայն նյութական դժվարությունների պատճառով չենք կարողացել իրացնել: Հուսով ենք, որ շուտով կկարողանանք վերսկսել: Հայաստանի հետ 2 հզորագույն ծրագրեր ունենք՝ էլեկտրահաղորդման բարձրավոլտ երրորդ գծի ծրագիրը և Հայաստան-Իրան երկաթգիծը: Հուսով ենք, որ դրանք կարող ենք իրականացնել:

 

– ԵՏՄ-ի հետ համագործակցությունն Իրանն ինչպե՞ս է պատկերացնում, ի՞նչ զարգացումներ են սպասվում:

– Անշուշտ, մենք շահագրգիռ ենք, որ համագործակցությունը զարգանա: Եվրասիական շուկան մեծ շուկա է, և մենք այդ երկրների հետ հարաբերությունները շատ լուրջ ենք տեսնում, մտածում ենք, որ ապագայում շատ լավ հնարավորություններ կստեղծվեն փոխհամագործակցության համար: Մեր առաջնահերթություններից մեկը մեր հարևանների հետ տնտեսական հարաբերություններին զարկ տալն է և, նկատի առնելով, որ Հայաստանն էլ մեր լավ հարևաններից մեկն է, որը ԵՏՄ անդամ է, կարծում ենք՝ Հայաստանի միջոցով կարող ենք լավ փոխհարաբերություններ ունենալ ԵՏՄ-ի հետ:

 

– Իրանը մի ժամանակ բավականին ակտիվ էր ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Այժմ, պատժամիջոցների վերացումից հետո, Իրանն ի՞նչ կարող է անել հակամարտության կարգավորման գործում:

– Իրանի կառավարությունը մտածում է, որ այս հակամարտությունը կարելի է խաղաղ ճանապարհով, բանակցությունների միջոցով լուծել: Խնդիրը պետք է լուծվի միջազգային իրավունքի հիմքերի վրա:

 

– Իրանը մտածո՞ւմ է անձամբ որևէ դերակատարում ունենալ այս գործում:

– Եթե մեզնից ուզենան, առաջարկեն, մենք պատրաստ ենք աջակցել: Իրանը մտածում է, որ մեր հարևան երկրների անկայունությունը կարող է Իրանի վրա էլ բացասական ազդեցություն ունենալ: Դրա համար որևէ անկայունություն հարևան երկրներում ցանկալի չէ:

 

– Արցախի շրջակա տարածքներում խաղաղապահ ուժերի տեղակայման մասին է կրկին խոսվում: Ի՞նչ եք մտածում այս մասին:

– Մենք վստահ ենք, որ տարածաշրջանի երկրները պետք է իրենք փոխադարձաբար, փոխհամաձայնությամբ իրենց խնդիրները լուծեն, և օտար ուժերի ներկայությունն այստեղ չի կարող որևիցե ձևով լուծել այդ խնդիրը: Խնդիրը պետք է կարգավորվի միայն փոխադարձ համաձայնությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս