Նոր ամբուլատորիաներ՝ տնտեսումների հաշվին

Տավուշի մարզի Նավուր, Բագրատաշեն և Ոսկեվան, Լոռու մարզի Լեռնապատ, Արարատի մարզի Քաղցրաշեն և Արմավիրի մարզի Ակնալիճ համայնքների բնակիչներին ուրախություն պարգևեց ամբուլատորիաների նորակառույց շենքերի շահագործումը։ Իսկ Տավուշի մարզի Բերդավանի ամբուլատորիան և Արմավիրի մարզի Մեծամորի ԲԿ-ի պոլիկլինիկական հատվածը վերաբացվեցին հիմնանորոգումից և ժամանակակից սարքավորումներով հագեցվելուց հետո։ Մարզային բժշկական բոլոր այս հիմնարկությունները շահագործման են հանձնվել ընթացիկ տարվա առաջին եռամսյակում։ Իսկ որ առավել կարևոր է` դրանք կառուցվել ու հիմնանորոգվել են «Առողջապահական համակարգի արդիականացում» ծրագրի երկրորդ փուլի լրացուցիչ ֆինանսավորման ընթացքում տնտեսված միջոցների հաշվին։

Այդ միջոցները մարզերի գյուղական համայնքների առողջության առաջնային պահպանման օղակի ենթակառուցվածքների արդիականացմանն են ուղղվել ՀՀ առողջապահության նախարարության և Համաշխարհային բանկի համատեղ որոշումով:

2014-2015թթ. ծրագրում հավելյալ ընդգրկվել են 12 համայնքային ամբուլատորիա և Մեծամորի ԲԿ-ի պոլիկլինիկական հատվածը, որոնց շինարարական աշխատանքները հիմնականում մեկնարկել էին 2014թ. մայիսին:

Այս ամիս կսկսվեն Արագածոտնի մարզի Բյուրական, Լոռու մարզի Ուռուտ, Վայոց ձորի մարզի Շատին, Արարատի մարզի Մխչյան և Լանջազատ համայնքների ամբուլատորիաների նոր շենքերի կառուցման աշխատանքները, որոնք կավարտվեն 2016թ. առաջին եռամսյակում:

Այս աշխատանքների իրականացման համար արդեն իսկ ներդրվել է 397 մլն ՀՀ դրամ։ Առաջիկայում կներդրվի ևս շուրջ 300 մլն:

Տեսանյութեր

Լրահոս