«Հանրությունը մնում է անբավարարված, ու կարող ենք բողոքի ավելի հուժկու ալիքի ականատես լինել». Էդգար Վարդանյան

Երեկ բացվեց շուրջ 2 շաբաթ փակված Բաղրամյան պողոտան, որտեղ ժողովուրդը բողոքի ցույց էր իրականացնում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ: Հիշեցնենք, որ Բաղրամյան պողոտան բացվեց ոստիկանների կողմից, ովքեր նաև 46 անձի բերման ենթարկեցին:

Սակայն ազատ արձակվելուց հետո ցուցարարները երեկ երեկոյան հավաքվեցին Ազատության հրապարակում և հայտարարեցին, որ շարունակում են իրենց պայքարն արդեն քաղաղաքական հարթությունում: Նրանք նպատակ ունեն մարդկանց կրիտիկական զանգվածի առկայության պարագայում նորից վերադառնալ Բաղրամյան պողոտա կամ արդեն Բաղրամյան 26:

168.am-ի հետ զրույցում ՌԱՀՀԿ փորձագետ Էդգար Վարդանյանը կարծիք հայտնեց, որ իշխանություններն ամեն ինչ արեցին, որպեսզի շարժումը գնա դեպի թուլացում: Նրա խոսքով՝ իշխանությունները նախ՝ շատ լուրջ հոգեբանական ճնշում իրականացրեցին շարժման համակարգողների նկատմամբ և այնպես արեցին, որ ստեղծվի առնվազն պառակտման պատրանք, որպեսզի հանրությունը մտածի, որ պառակտում է եղել:

«Բնականաբար, եթե հանրությունը մտածում է, որ եղել է պառակտում, հավատն այդ գործընթացի հանդեպ կորչում է, մոտիվացիան՝ շարունակելու մասնակցությունը, թուլանում է, և, բնականաբար, դա բերում է այդ բողոքի ակցիայի թուլացման»,- ասաց մեր զրուցակիցը՝ նշելով, որ իշխանություններն օգտագործեցին նաև իրենց քարոզչամեքենան:

Նրա գնահատմամբ՝ նախքան Սերժ Սարգսյանի հայտնի հայտարարությունը՝ այդ քարոզչամեքենան կա՛մ նեյտրալ էր, կա՛մ նաև աջակցում էր բողոքի ակցիային, իսկ Սերժ Սարգսյանի հայտարարությունից հետո կտրուկ ձևով փոխեց իր դիրքորոշումը՝ ասելով, որ՝ «ա՛յ, տեսե՛ք, արդեն իսկ նրանք, ովքեր մնում են այնտեղ ու չեն ընդունում Սերժ Սարգսյանի առաջարկը, դրանք ծայրահեղականներ են, մարգինալներ են, նրանք փորձում են ամեն ինչ փչացնել»: Է. Վարդանյանի համոզմամբ՝ սա որոշակի ազդեցություն թողեց մարդկանց գիտակցության վրա, քանի որ, ըստ նրա՝ շատերը դեռևս քարոզչությունն ու լրատվությունը դժվար են տարանջատում:

Փորձագետի գնահատմամբ՝ ցուցարարների կողմից առաջ քաշված պահանջներին հասնելու ուղիներն այնքան էլ հստակ չէին, որը նույնպես նպաստել է շարժման թուլացմանը: «Շատ դեպքերում ասում են՝ պահանջները պետք է վերանայել, միգուցե պետք է վերանայել, բայց աստեղ շատ կարևոր է, որ մարդիկ գտնեն այդ պահանջներին հասնելու ճանապարհային քարտեզը: Երբ մարդիկ տեսնում են, որ չկա այդ քարտեզը, շատերը կարող են ընկճվել, հիասթափվել կամ մտածել, որ ժամանակավորապես պետք է դադար տալ՝ մինչև կլինի այդ ճանապարհային քարտեզը»,- նշեց նա:

Է. Վարդանյանի խոսքով՝ եթե այդ ճանապարհային քարտեզը համոզիչ լինի, և ակտիվիստները կարողանան լուրջ աշխատանք տանել հանրության հետ, չեզոքացնեն իշխանական քարոզչությունը, նորից նոր բողոքի ալիքի ականատես կարող ենք լինել, որը կլինի շատ ավելի «հուժկու»:

Խոսելով այն մասին, թե հիմա նոր նախաձեռնության անդամները հայտարարում են, որ այլևս քաղաքական հարթությունում են պատկերացնում պայքարը՝ նա նկատեց, որ քաղաքացիական անհնազանդությունը քաղաքական ակցիա է՝ անկախ նրանից, թե որն է եղել քաղաքացիական անհնազանդություն իրականացնելու առիթը:

«Առիթը, այո, սոցիալ-տնտեսական բնույթի էր, բայց իրական պատճառը, որը դրդել էր մարդկանց դիմել քաղաքացիական անհնազանդության, նախևառաջ՝ այն համոզմունքն էր, որ երկրում լայնածավալ կոռուպցիա է տիրում, որ ռուսական ընկերությունը և հայաստանյան իշխանությունները որոշակի կոռուպցիոն հարաբերությունների մեջ են: Այդ զգացողությունն է, որը դրդել էր մարդկանց դուրս գալ փողոց և այդպես կտրուկ միջոցների դիմել, ինչպես, օրինակ, այդ փողոցում երկարաժամկետ նստացույց իրականացնելը: Ու պահանջն ուղղված էր երկրի իշխանություններին: Այսինքն՝ սա մաքուր քաղաքական գործընթաց է»,- նշեց մեր զրուցակիցը:

Խոսելով այն մասին, թե ինչով է տարբերվելու այս շարժումը նախորդից՝ Է. Վարդանյանը նշեց, որ բողոքող հանրությունը ստիպեց իշխանություններին գնալ ինչ-որ «կիսաքայլերի», բայց քանի որ որևէ պահանջ բավարարված չէ, հանրությունը, ընդհանուր առմամբ, մնում է «անբավարարված», և հիմա տեսնում է, որ միայն զուտ չեղարկման նպատակ հետապնդելը, միգուցե, բավարար չէ:

««Ո՛չ թալանին» նախաձեռնությունը շատ ավելի լայն խնդիրներ է իր մեջ ներառում, և հնարավոր է, որ քաղաքացիները ցանկանում են փաթեթային լուծման հասնել, նաև կոնկրետ քաղաքական պաշտոնյաների հրաժարականի, պատասխանատվության ենթարկելու պահանջներ կարող են լինել, որ մինչ այժմ չկար: Հիմա հնարավոր է՝ նրանք ցանկանում են կոնկրետ հասցեական պահանջներ դնել և պատասխանատվության ենթարկել կոնկրետ մարդկանց»,- նշեց Է. Վարդանյանը:

Տեսանյութեր

Լրահոս