Բաժիններ՝

Նոր մանրամասներ ռուս գործարար Գերման Ստերլիգովի՝ ընտանիքի հետ Լեռնային Ղարաբաղում բնակություն հաստատելու մասին

Ինչպես երեկ տեղեկացրել էինք, ռուս գործարար, քաղաքական ու հասարակական գործիչ, «Ալիսա» բորսայի հիմնադիր, Ռուսաստանում առաջին մուլտիմիլիոնատերերից մեկը՝ Գերման Ստերլիգովը, հուլիսի 4-ին հեռացել է Ռուսաստանից ու բնակության նպատակով տեղափոխվել Լեռնային Ղարաբաղ:

Հայտնի է, որ վաճառքի են հանվել գործարարի ֆերմերային տնտեսությունն ու նրա ավտոպարկի մեքենաները: «ՎԿոնտակտե» սոցցանցի իր էջում նա հրապարակել էր իր տան լուսանկարները՝ պատուհանները փայտերով ամրացրած: «Սլոբոդայի թարմ լուսանկարը՝ հուրախություն Ռուսաստանի թշնամիների: Վաղ եք ուրախանում: Կգա օրը ու մենք կվերադառնանք: Փառք Հիսուս Քրիստոսին: Գերման Ստերլիգով ու որդիներ»:

«Մոսկովսկի կոմսոմոլեցը» կապ է հաստատել Ստերլիգովի օգնական Պոլինա Սիրոտայի ու նրա փաստաբան Արթուր Հայրապետովի հետ:
Սիրոտան հայտնել էր, որ Գերման Ստերլիգովը պարտադրված է եղել հեռանալ Ռուսաստանից՝ ակնարկելով իշխանությունների հետ ունեցած խնդիրների մասին, սակայն ավելին հրաժարվել էր ասել:

Փաստաբան Արթուր Հայրապետովին «Մոսկովսկի կոմսոմոլեցը» հարցրել է, թե արդյոք գործարարի հապճեպ հեռանալը կապված չէ Ստանիսլավ Մարկելովի ու լրագրող Անաստասիա Բաբուրովայի սպանության համար դատապարտված ազգայնական Նիկիտա Տիխոնովի վկայությունների հետ, ով հայտարարել է, թե գործարարին պատկանող հողատարածքներում տեղակայված է այսպես կոչված «ռուս ազգայնականների մարտական կազմակերպության» մարզաբազա:

Կարդացեք նաև

sterligov1

«Իմ պաշտպանյային զրպարտում են: Ինչ-որ ուժեր փորձում են օգտագործել Գերման Ստերլիգովի՝ մեդիայում ստեղծված կերպարը նրա հետ հաշիվները մաքրելու համար: Հեռուստատեսությունը մեկ անգամ չէ, որ սյուժեներ է պատրաստել այն մասին, թե ինչպես է Ստերլիգովը Սլոբոդայում իր երեխաներին սովորեցնում զենքից օգտվել:

Դա նրա համար արվեստին հավասար բան էր: Մի՞թե դուք մտածում եք, որ նա իրեն պատկանող տարածքներում նույն բանով էր զբաղվում ահաբեկիչների հետ: Այդ գործով դատական լսումներին հնչել են այսօրվա Ռուսաստանի համար քաղաքական տեսակետից ավելի ազդեցիկ անձանց ազգանուններ, այդ թվում՝ Ռուսաստանի ադմինիստրացիայից: Նրանցից ոչ ոք չի վեր կացել իր տեղից ու չի գնացել չճանաչված հանրապետություն:

Իսկ Ստերլիգով ազգանունը այնտեղ ի միջիայլոց է հնչել ու գործին ըստ էության չի վերաբերել: Իմ պաշտպանյալը ոչ մի կապ չունի պատվերով գործերի հետ: Կարծում եմ՝ գործն ավելի լուրջ է ու կապված չէ իրավապահ մարմինների ու նրանց կողմից հնարավոր հետապնդումների հետ»,-ասել է Ստերլիգովի փաստաբանը՝ նշելով, թե չի կարծում, թե Ստերլիգովը հեռացել է Ռուսաստանից «ինչ-որ մանր բանդիտների կամ այլ խուլիգանների» պատճառով:

Հարցին, արդյոք ինչ-որ սպառնալիքներ են հնչել գործարարի հասցեին, փաստաբանը պատասխանել է, թե ինքը տեղյակ չէ: «Իմանալով Գերման Լվովիչին, չեմ կարծում, թե ինչ-որ մեկը կհամարձակվեր նրան բացահայտ կերպով սպառնալ»,-ասել է Հայրապետովը:

Վերջին տարիներին Ստերլիգովը ակտիվորեն քարոզում էր պայքարել աբորտների դեմ: «Իսկ դա շատ լուրջ բիզնես է որոշ մարդկանց ձեռքում: Նա հիմնավոր կերպով ապացուցում էր, որ Ռուս ուղղափառ եկեղեցին հայտնվել է մոլորության մեջ: Դրա հետ կարելի է համաձայնել կամ չհամաձայել:

Սակայն, նկատեք, որ ոչ ոք, ցավոք, չի կարողացել հերքել այն փաստարկները, որոնք ներկայացրել է Գերմանը»,-ասել է փաստաբանը՝ նշելով, որ նրա դեմ կարող էին հալածանքներ սկսել «Գրոզնիից մինչև Պուտին» գրքի պատճառով:

«Այնտեղ նկարագրված է ամբողջ պատմությունը, որը մենք ուսումնասիրել ենք դպրոցում, ընդ որում, նյութը վերցված է սկզբնաղբյուրներից: Հարկ է նշել, որ նա Ռուսաստանի նախագահին վերաբերվում էր չափազանց հարգալից, Վլադիմիր Պուտինին համարում է Ռուսաստանի կայունության երաշխավորը»,-ասել է Արթուր Հայրապետովը:

sterliugov78

Հարցին, թե ինչու է նա ընտրել Լեռնային Ղարաբաղը՝ որպես բնակության վայր, փաստաբանը հայտարարել է, թե Ստերլիգովը Հայաստանում լավ հարաբերություններ ունի շատերի հետ, ունի հետաքրքիր ծանոթներ:
«Այն բոլոր արժեքները, որ նա վերջին շրջանում կիրառում էր Սլոբոդայում, արդեն իրականացված են Լեռնային Ղարաբաղում: Ի դեպ, այնտեղ հրաշալի էկոլոգիա է»,-խոսքը եզրափակել է փաստաբանը:

Ստերլիգովը ամուսնացած է: Կնոջ անունը Ալյոնա (Լենա) է: Զույգն ունի 5 երեխա՝ դուստրը՝ Պելագեյան, որդիներ Արսենին, Սերգեյը, Պանտելեիմոնն ու Միխեյը: Ունի 3 թոռ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս