ՍԴ-ն այսօր կհրապարակի՞ վճիռը

Այսօր` հուլիսի 7-ին, Սահմանադրական դատարանը շարունակելու է «Կուտակային կենսաթոշակների մասին» նոր օրենքը՝ հարակից փոփոխություններով, Սահմանադրությանը հակասելու վերաբերյալ հայցի քննությունը: Խորհրդարանական ոչ իշխանական եռյակը՝ ՀՅԴ-ն, ԲՀԿ-ն ու «Ժառանգությունը»` ՍԴ էին դիմել 2014թ. հոկտեմբերի 3-ին, առաջին նիստը նշանակվել էր 2015թ. մարտի 31-ին, ապա հետաձգվել մինչև հուլիսի 7-ը:

ԱԺ ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը «168 Ժամի» հետ զրույցում նշեց, որ իրենց ակնկալիքը մեկն է, որ դիմումը բավարարվի և օրենքը ճանաչվի Սահմանադրությանը հակասող ու անվավեր: Ըստ նրա` դրա համար բոլոր իրավական և փաստական հիմքերը ներկայացված են ՍԴ:

Ա.Մինասյանի կարծիքով, հավանական է, որ ՍԴ-ն վճիռ կկայացնի արդեն այսօր, օրվա երկրորդ կեսին. «Նկատի առնելով, որ ՍԴ-ն այդպես էլ չբավարարեց բանավոր ընթացակարգով գործի դատաքննությունն իրականացնելու մեր միջնորդությունը, այլ միայն գրավորը, նշանակում է, որ նախապես արդեն իրենք ուսումնասիրել են ներկայացված բոլոր փաստաթղթերը թե՛ մեր կողմից, թե՛ պատասխանող կողմից, թե՛ որպես բացատրություն ներկայացնող կողմ ներգրավված Ազգային ժողովից: Կարծում եմ, որ կարճ կտևի այս քննությունը և, ամենայն հավանականությամբ, օրվա երկրորդ կեսին պետք է ակնկալենք գործի արդյունքներով որոշման հրապարակումը»:

Ա.Մինասյանը պարզաբանեց, որ եթե հայցադիմումը լիովին բավարարվի, նշանակում է, որ պարտադիր կուտակայինը վերացվում է. «Կենսաթոշակային համակարգի կուտակային բաղադրիչը վերածվում է կամավոր մոտեցումների, այսինքն` կամավոր սկզբունքի ամբողջական որդեգրման և խրախուսման համակարգի գործադրման: Եթե մասնակի բավարարվի, պետք է դիտարկել՝ ըստ որոշմամբ ներկայացված հիմնավորումների»:

Կարդացեք նաև

Պատգամավորի գնահատմամբ` ներկայացված բոլորը փաստարկները շատ հիմնավոր են, սկսած նրանից, որ չեն կատարվել ՍԴ 2014 թ. ապրիլի 2-ի թիվ 1142 որոշման պահանջները, այսինքն` օրենսդրական նախաձեռնությունները, որոնք մշակվել, քննարկվել և իրականացվել են, բոլոր գործընթացներում տեղի են ունեցել Սահմանադրության և օրենքների կոպտագույն խախտումներ, ավարտված նրանով, որ բովանդակային անհամապատասխանությունները հսկայական են, մասնավորապես` նպատակային սոցիալական վճարն այդպես էլ ըստ էության չի դարձել պետական բյուջեի եկամտի և ծախսի մաս, ԱԺ-ն, ՎՊ-ն և հանրությունը զրկված են պատշաճ վերահսկողության հնարավորություններից՝ այդ միջոցների հավաքագրման և տեղաբաշխման ուղղությամբ, չկա պատասխանատվություն այն կառույցների, պաշտոնատար անձանց և համակարգի գործունեությունն ապահովող կառույցների առումով, ովքեր կարող են թերանալ կամ ժամանակին չիրականացնել, չձեռնարկել անհրաժեշտ գործողությունները քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար:

«Դրանց վերաբերյալ, ի դեպ, նաև ներկայումս բազմաթիվ ահազանգեր ունենք, որ մարդիկ բողոքում են` իրենց գումարները կա՛մ չեն փոխանցվել, իսկ փոխանցվածները, որոնք որ ենթակա էին վերադարձման, որոշակի խախտումներով կամ ուշացումով են վերադարձվել: Ի վերջո, ՍԴ-ն իր հայտնի որոշման մեջ հստակ ճանապարհային քարտեզ էր նկարագրել` կենսաթոշակային համակարգի բարեփոխման մասով: Դրանք բոլորը, մեր գնահատմամբ, չեն իրականացվել»,- ասաց Ա.Մինասյանը:

Նկատենք, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» և հարակից ՀՀ օրենքները վիճարկող դիմումի պատշաճ ընթացքն ապահովելու համար ՍԴ են ներկայացվել դիմումում արծարծված հարցերը հիմնավորող ավելի քան 400 էջ փաստաթղթեր: Հուլիսի 7-ին ընդառաջ Ա.Մինասյանը հրապարակել էր ՀՀ Դատական դեպարտամենտի գրավոր պատասխանը՝ ներկայացված դիմումի վերաբերյալ, որտեղ պաշտպանվում է հայցադիմումում ներկայացված դիրքորոշումը:

Տեսանյութեր

Լրահոս