Բաժիններ՝

Խնդրում եմ Ձեզ, ուշքի եկեք. Վաչե Սահակյանի մայրը նամակով դիմել է սպանված կուրսանտի հորը. news.am

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով մեղադրյալ Վաչե Սահակյանի մայրը նամակով դիմել է մահացած զինծառայողի հորը: Նա դիմել է NEWS.am-ի խմբագրությանը՝ խնդրելով հրապարակել նամակը: NEWS.am-ը ներկայացնում է Վաչե Սահակյանի մոր՝ Կ. Քալանթարյանի նամակն ամբողջությամբ:

«Հարգելի Արկադի Բարսեղյան, Դուք անդառնալի կորուստ եք ունեցել, որի համար ես իմ խորին ցավակցությունն եմ հայտնում: Ծնողի համար զավակի կորստից այն կողմ ուրիշ ցավ չկա և ցանկացած խոսք, բառ չի կարող ամոքել Ձեր վիշտն ու ցավը: Ես Ձեր որդու հոգու խաղաղության համար ամեն կիրակի մոմ եմ վառում ու խնդրում նրան, որ ցույց տա իրական մարդասպաններին գտնելու ճանապարհը:

Կներեք, որ Ձեզ դիմում եմ այս ճանապարհով, բայց այլևս լռել չեմ կարող, քանի որ կարդալով NEWS.am կայքում զետեղված Ձեր խոսքը՝ կապված որդուս՝ Վաչե Սահակյանի պաշտպանի տված հարցազրույցի հետ, որտեղ վերջինս մտահոգություն է հայտնում Ձեր որդու սպանության դեպքի առթիվ քննվող քրեական գործի անաչառության և օբյեկտիվության վերաբերյալ, ցավով նկատեցի, որ Դուք քրեական գործի նախաքննության ներկա փուլում, ծանոթ չլինելով գործով ձեռք բերված ապացույցներին, համոզմունք եք հայտնում, որ այդ ոճրագործությունը կատարողներից մեկը նաև իմ որդին է, ավելին՝ սպանությունը կատարվել է նրա գլխավորությամբ:

Ես հասկանում եմ, որ ցավը կուրացրել է Ձեզ, բայց խնդրում եմ՝ ուշքի եկեք, մի հավատացեք այն մարդկանց, ովքեր խաբում են Ձեզ, հավատացնելով, թե ամեն ինչ պարզ է և իրական մարդասպանները բռնված են: Իմ որդին մարդասպան չէ ու եթե մենք վստահ չլինեինք դրանում, երբեք չէինք համարձակվի գնալ այդ քայլին, պահանջելով «ստի դետեկտոր», բայց մեր պահանջը մերժվել է:

Մի հավատացեք այն մարդկանց, ովքեր Ձեզ վստահեցնում են, թե սպանությունը կատարել են այս չորս կալանավորվածները և վերջ: Միթե Դուք ինքներդ չեք ուզում իմանալ ճշմարտությունը և ինչ-որ տեղ խաղաղվել: Չէ՞ որ արդյունքում կարող է կատարվել երկրորդ հանցագործությունը և դատապարտվեն անմեղ պատանիներ, ինչը հաստատ Ձեզ չի սփոփի և չի փարատի Ձեր անդառնալի վիշտը»:

Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս