Գաղափար, որը նորից «կմոբիլիզացնի» ժողովրդին

Հարցազրույց ՌԱՀՀԿ ղեկավար, քաղաքական վերլուծաբան Մանվել Սարգսյանի հետ

– Ինչպես հայտնի է, երկու շաբաթ առաջ Հայաստանում սկիզբ առան քաղաքացիական ցույցեր` ընդդեմ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման։ Սկզբնական շրջանում այդ ցույցերին աննախադեպ թվով մարդիկ էին գալիս, բայց հետո կարծես սկսեց մարել շարժումը։ Ձեր պատկերացմամբ` ի՞նչ տեղի ունեցավ և ինչո՞ւ այդպիսի հանգուցալուծում ստացավ շարժումը։

– Չմոռանանք, որ Բաղրամյան պողոտան դեռ փակ է, այսինքն` պայմանը դեռ դրված է, ու ժողովրդի շատ ու քիչ լինելն արդեն տվյալ պահին այնքան էական չէ։ Խնդիրն այն է, որ իշխանություններն ի վիճակի չեն բացել պողոտան, որը շատ կարևոր հանգամանք է։ Իրենք ասում են, որ կարող են բացել, բայց իրենք չեն կարող բացել, ու այս հանգամանքը, կան մարդիկ, որ գիտակցում են ու իրենց գործը հանգիստ շարունակում են, ու կան մարդիկ, ովքեր չեն գիտակցում, բայց իրենց գոհացնում է այդ վիճակը, ու սպասում են, որ պայմաններն իշխանությունները կատարի։

– Իշխանություններն ի վիճակի չե՞ն բացել Բաղրամյան պողոտան, թե՞ պարզապես չեն ուզում դա անել։

– Չէ, իհարկե, ի վիճակի չեն։ Ի վիճակի լինեին` կբացեին։

– Բայց ինչո՞ւ ի վիճակի չեն։

– Որովհետև այս վերջին տարիներին քաղաքացիական շարժումների, նախաձեռնությունների, հենց այս նախաձեռնության փորձն էլ արդեն սովորեցրել է իշխանություններին, որ հնարավոր չէ ուժով ճնշել նման բաները։ Ինչքան դուք ճնշում եք` այնքան ուժեղանում են իրենք։ Զավեշտալի է, որ տարիներ շարունակ փակ էր Ազատության հրապարակը, վախենում էին, թե մարդ մտնի այնտեղ, իսկ հիմա գալիս խնդրում են, քաղաքապետարանը բարձրախոսեր է տրամադրում, ասում են` ինչքան ուզում եք, այստեղ ցույց արեք։

Ինչո՞ւ, որովհետև ժողովուրդը հասկացրել է իրենց, որ ի վիճակի է գործող իշխանություններին այնպիսի վիճակում դնել, որ նրանք ուղղակի գան, խնդրեն, ասեն` ինչ ուզում եք` արեք, եկեք Ազատության հրապարակում արեք։ Հիմա ինչպե՞ս ձեռք տան այդ աղբամաններին, իրենք գիտակցում են, որ կարող է ձեռք տան, ժողովուրդն այնպիսի մի վիճակի մեջ դնի իրենց, որ գան խնդրեն, ասեն` հիմա էլ վերադարձեք Բաղրամյան։ Այս տրամաբանությունն է աշխատել ու գիտակցվել գործող վարչակազմի կողմից։ Այս մեխանիզմն աշխատում է, երբ ժողովուրդը հասկանում է` ինչ է նշանակում` խաղաղ անհնազանդություն. դուք առաջադրում եք պարզ-հստակ պահանջ, ստեղծում եք անլուծելի վիճակ իշխանությունների համար, նրանք կիրառում են ուժ և ստեղծում ընդհանրապես մի վիճակ, որտեղ արդեն ուժն էլ չի աշխատում։

– Կան նաև կարծիքներ, որ իշխանություններին ձեռնտու էր այդ իրավիճակը` Բաղրամյան պողոտայի փակ լինելը, ու նրանք դա օգտագործում էին Ռուսաստանի հետ բանակցություններում, ու դրա համար նման հանդուրժողականություն էին ցուցաբերում Բաղրամյան պողոտայում։

– Բայց ի՞նչ հանդուրժողականություն է ցուցաբերվել։ Այդ կարծիքները հնչում են, որովհետև նման կարծիքներ հայտնողները չեն հասկանում պայքարի այն տրամաբանությունը, որի մասին ես խոսում եմ։ Նրանք այն մարդիկ են, ովքեր չեն հասկանում, որ Ոստիկանությունը չի կարող աղբամանները վերցնել, ու դրա համար սկսում են հորինել։ Ինչ լինում է, ասում են` իշխանություններն են արել, ցանկացած բան ասում են` իրենք են արել, որովհետև ուրիշ պատասխան չունեն մարդիկ։ Այն, որ իշխանություններն օգտվել են, որ Ռուսաստանը մի քիչ հետ կանգնեց, դա փաստ է, բայց դա չի նշանակում, որ այս մարդիկ ուզել են իրենց համար նման վիճակ ստեղծել։ Սիմվոլիկ կարելի է ասել, որ Վովա Գասպարյանն ամեն օր աղոթում է, որ այս ամեն ինչն ինքն իրեն վերանա, բայց ես չեմ կարծում, որ էլեկտրաէներգիայի սակագնի հարցն այն հարցն է, որտեղ մարդիկ կարող են փոշմանել ու ասել` «լավ, ինչ ուզում են` թող անեն»։ Նման բան չի կարող լինել։

– Ըստ Ձեզ` այս ամենը լավ պլանավորված, նախագծվա՞ծ էր շարժման նախաձեռնող խմբի կողմից, թե՞ ուղղակի այդպես ստացվեց։

– Չէ, դա այդպես է լինում, այդ պահը սոցիալական բունտի պես մի բան է, երբ առաջ է քաշվում գաղափար, որը բոլորին է վերաբերում, լինում է պայթյուն։ Կարող է այդ տղաները, փորձ չունենալով, չսպասեին էլ նման բանի, բայց իրականությունը բերում և ցույց է տալիս, որ սա լրիվ ուրիշ բան է։ Սա երևույթ է, որին երբեք չես կարող թելադրել, կարող ես ընդամենը մի խոսք ասել, որը ժողովրդի դուրը չի գալիս, և դու չկաս։

– Ինչպես արեցին նրա՞նք` կոչ անելով գնալ Ազատության հրապարակ։

– Իհարկե։ Մի բան ընդամենն ասացիր` չհասկանալով ժողովրդի տրամադրությունը, դու չքվում ես, էլ գոյություն չունես ժողովրդի համար։ Սա շարժման ներքին օրենքն է, սա կուսակցական պայքար չէ։ Կարող է` լինեն մարդիկ, ովքեր կցանկանան օգտագործել շարժումը, բայց դա երկրորդական, երրորդական խնդիր է։ Մինչև հիմա ղարաբաղյան շարժումը, ասում են` սա էր օգտագործում, նա էր օգտագործում… ո՞ւմ է հետաքրքիր` ով էր օգտագործում։ Շարժումն այն է, երբ դու խնդիրը դրել ու բերել ես լուծման, թե կողքից ո՞վ է եղել, ի՞նչ է արել, դա ոչ ոքի էլ հետաքրքիր չէ։ Նույն աչքով էլ այստեղ պետք է նայել։ Դուք տեսել եք երևի, որ անընդհատ խոսում են, որ սա է ուզում օգտվի, նա է ուզում օգտվի, բայց իրականում ոչ ոք էլ չի օգտվում։

– Ըստ Ձեզ` ինչո՞ւ «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամները որոշեցին պայքարը Բաղրամյան պողոտայից տեղափոխել այլ հարթակ։

– Միայն Ոստիկանության և իշխանական զոմբիների շանտաժը, որ հիմա կտան, կցրեն, այս կանեն, այն կանենգ Երիտասարդ տղաներ են, պատասխանատվություն են կրում, ասում են` ինչո՞ւ թույլ տանք։ Փորձ չունեն։ Փորձառու մարդ լիներ, լրիվ ուրիշ ձևով կխոսեին, Ոստիկանությունը շատ հեռու կկանգներ։

– Բայց «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամները պատճառաբանում են նաև, որ Բաղրամյանում մնալը դարձել էր արդեն ինքնանպատակ, ու այնտեղ արդեն լճացած վիճակ էր, հաջորդ քայլն անելու ժամանակն էր։

– Դե, այդ հաջորդ քայլերը մարդկանց չեն համոզում, առաջարկել են զբաղվել աուդիտով։ Շատերն ասում են` դա խաբելու համար է։ Սա աուդիտի խնդիր չէ, Սերժ Սարգսյանն իր ելույթով կարծես դրան հիմք տվեց, որովհետև նա ասաց, որ` «մենք չենք կարող գինը չբարձրացնենք, եթե չբարձրացնենք, ամբողջ էներգետիկ համակարգը դոմինոյի էֆեկտով փլուզվելու է»։ Այսինքն` նա փաստորեն հայտարարեց ժողովրդին, որ ամբողջ էներգետիկ համակարգը Հայաստանում բերված է փլուզման եզրին։ Բա, եթե էներգետիկ համակարգը բերված է փլուզման եզրին, աուդիտը ո՞րն է։

– Բայց այդ հայտարարությունից հետո ի՞նչ պետք է արվի, չէ՞ որ դա փաստացի նշանակում է, որ իշխանությունները հետքայլ չեն անելու։

– Բայց ո՞վ է Հայաստանի էներգետիկ համակարգը կանգնեցրել փլուզման եզրին։ Ի՞նչ մեխանիզմով է դա եղել։ Նրանք ասում են` օբյեկտիվ պատճառներով։ Բայց ես չեմ կարծում, որ հանրությունը համաձայն է դրա հետ։ Մենք համաձայն չենք, որ կարող է պատահի, հենց այնպես գա` փլուզման եզրին կանգնի։ Այստեղ կան սուբյեկտիվ խնդիրներ, բայց եթե սուբյեկտիվ գործողության պատճառով էներգետիկ համակարգը բերվել է փլուզման եզրին, սա արդեն քրեական հանցագործություն է, սա պետական հանցագործություն է, ու այս հարցի լուծումը միայն քրեական գործ հարուցելն է։ Միայն դրանով կարելի է բացահայտել` ինչ է կատարվել այդ հիմնարկում և, համապատասխանաբար, պետք է արդեն ուղղել ու փլուզումից հետ տանել։ Բայց ուղղելու համար պետք է բացահայտել դա, այն, ինչ չեն ուզում անել իշխանությունները։

Ինչո՞ւ չեն ուզում, որովհետև ցանկացած դատարան բացելու է իրենց անձնական մեղքը։ Ու կարող է գա պահ, երբ երիտասարդական շարժումն արդեն բարձրացնի այս հարցը, պատասխանատվության խնդիրը դնի և լուծման ձևը տա։ Լուծումը դա է։ Բնական է, որ այդ քրեական գործը բացեցին, դա իրենց մահն է, բայց դա մեզ հետաքրքրո՞ւմ է, մենք ուզում ենք մեր էներգետիկ համակարգը փրկվի, և մենք պետք է պահանջենք ու դնենք այդ խնդիրը, ու իրենք էլ` ինչ ուզում է, թող անեն, ուզում են` թռնեն, հրաժարական տան և այլն։

– Բայց միայն Բաղրամյանը փակելով` ինչի՞ կարող են հասնել, ասենք` մի քանի ամիս էլ փակեցին, հետո՞։

– Երբ ժողովուրդը կհասկանա խնդիրը, երբ մարդիկ կհասկանան լուծման ճանապարհը, ու այդ պահանջը դնեն (քրեական գործ հարուցելու.- Ա.Ք.), կհասնեն հաջողության։ Ուրիշ ի՞նչ պահանջ դնեն, ուրիշ պահանջ չկա։ Պահանջը միայն դա է, որի մեջ լուծման ձևը տրված է։ Այդ ժամանակ մարդիկ այն օրը կգցեն իշխանություններին, որ ճամպրուկները կվերցնեն ու կփախչեն։

– Մարդկանց թիվը Բաղրամյան պողոտայում, այնուամենայնիվ, քչանում է, ու մի օր կարող է ընդհանրապես ոչ ոք չմնալ այնտեղ։ Այդ նոր նախաձեռնող խումբն ի՞նչ պետք է անի հիմա` մարդկանց կրկին մոբիլիզացնելու համար։

– Նախաձեռնող խումբն այսօր որոշել է, որ պետք է պահի եղած հարցադրումը և ստեղծված վիճակը, և դա բավարար է, քանի դեռ իրենց մոտ հավատ կա, իրենք չեն փոխելու դա` կա՛մ մնալու են մենակ, կա՛մ հաղթելու են։ Իմ կարծիքով` այս հարցադրումի (քրեական գործ հարուցելու և պատասխանատվության ենթարկելու.- Ա.Ք.) պակասը կա, սա մոբիլիզացիոն գաղափար է, միայն այսպիսի գաղափարը կարող է ժողովրդին նորից տներից հանել ու ճնշումը տասնապատիկ ավելացնել։ Այն մեկը (որոշումը չեղարկելու գաղափարը.- Ա.Ք.) արդեն իր գործն արել է, նա էլ այդ մոբիլիզացնող ուժը չունի իր մեջ։

– Դուք այդ գաղափարի մասին խոսե՞լ եք նախաձեռնող խմբի անդամների հետ, և ի՞նչ են նրանք ասել դրա հետ կապված։

– Դիրքորոշումն այն է, որ դեռևս պետք է պահել եղածը, հինը։

– Իսկ տեսնո՞ւմ եք քաղաքական ուժերի ներգրավվածություն շարժման մեջ։

– Չկա նման բան։ Որևէ տեղ քաղաքացիական շարժման մեջ աշխարհում երբևէ որևէ կուսակցություն գլխավոր դերակատարություն չի կատարել։ Երբ արդեն գործը հասել է ռեժիմներին վերացնելուն, մասնակցություն են ունեցել, բայց մասնակցությունն էլի եղել է` որպես հասարակ կազմակերպություն, ոչ թե` որպես կուսակցություն։ Այս խնդիրները չեն մտնում կուսակցական պայքարի տրամաբանության մեջ։ Ինձ թվում է` տղաները հենց սկզբից փայլուն գիտեին, որ կուսակցություն պետք է չթողնեին այնտեղ, ու չթողեցին։

– Իսկ արտաքին ուժերի ազդեցություն տեսնո՞ւմ եք շարժման ընթացքի վրա։

– Կարող ենք ասել` արտաքին ազդեցություն։ Այն, որ միջազգային արձագանք է ստացել, դա արդեն ազդեցություն է։ Եթե ՌԴ իշխանավորներն ինչ-որ բան են հայտարարում, գնահատում, դա ազդեցություն է։ ԱՄՆ-ի կոշտ հայտարարությունը, որ ուժ չկիրառեն` դատարկ բան չէ, դատարկ երկրներ չեն։

– Պարոն Սարգսյան, այս իրավիճակում ինչքանո՞վ եք իրատեսական համարում հաղթանակը։

– Դա «կա՛մ-կա՛մ» է։ Կա՛մ դուք կարողանում եք գտնել մոբիլիզացիոն գաղափարը և անել, կա՛մ չեք կարողանում, չի ստացվում։ Մեզ մոտ եղել է, որ ստացվել է, Մաշտոցի պուրակինն իդեալական էր, 100 դրամինը` նույնպես։ Սա էլ է նույնը, կդնե՞ք ճիշտ գաղափարը` կստանաք, չե՞ք դնի` չեք ստանա։

– Ըստ Ձեզ` ճի՞շտ է նախաձեռնող խմբի կողմից մասնակցել միջազգային աուդիտի գործընթացին։

– Մասնակցությունը նշանակում է, որ դուք լեգիտիմացնում եք այդ պրոցեսը։ Դա նույնն է, ինչպես կեղծված ընտրությունները։ Հիմա եթե դուք մասնակցեք` կլեգալիզացնեք այդ կեղծ պրոցեսը։

Տեսանյութեր

Լրահոս