Բաժիններ՝

Ժաննա Ֆրիսկեի և Դմիտրի Շեպելևի սիրո պատմությունը. «Երջանկությունը լռություն է սիրում»

Cosmo.ru կայքը ներկայացրել է Ժաննա Ֆրիսկեի և Դմիտրի Շեպելևի սիրո պատմությունը:

Նրանք հանդիպել են աշխատանքի ընթացքում

Ռուսական «Առաջին ալիքի» հաղորդավար Դմիտրի Շեպելևը երգչուհուն հանդիպել է 2011թ.` հաղորդումներից մեկի նկարահանման ժամանակ: Նրանց տարիքային տարբերությունը գրեթե 10 տարի էր կազմում: Ֆրիսկեն իր նոր ծանոթից տարիքով մեծ էր, սակայն դա չխանգարեց նրանց տարվել միմյանցով:

Ոչ ոք չէր հավատում անկեղծ սիրավեպին

Կարդացեք նաև

Խոսակցություններ էին տարածվում Դմիտրի Շեպելևի ընկերուհու մասին, ով, ըստ այդ խոսակցությունների, ապրում էր Կիևում, մինչ նրա զուգընկերը PR-ի նպատակով սիրային կապի մեջ էր հայտնի երգչուհու հետ: Բացի այդ, զույգը բավական երկար ժամանակ թաքցնում էր իր հարաբերությունները, ինչի պատճառով շատ երկրպագուներ կարծում էին, թե նրանց հարաբերությունների մասին տեղեկությունները պարզապես լրագրողների երևակայության արդյունքն են: 2012թ. դեկտեմբերին հայտնի դարձավ, որ Շեպելևն ու Ֆրիսկեն պատրաստվում են ծնողներ դառնալ:

Նրանք պաշտոնապես ամուսնացած չեն եղել

Դմիտրի Շեպելևը մեկ անգամ արդեն պաշտոնապես ամուսնացած եղել էր… երեք շաբաթով: «Մենք 8 տարի հանդիպում էինք: Դա անհավատալի սեր էր` չնայած պետք է խոստովանել, որ ամեն դեպքում՝ մենք գլուխներս չէինք կորցրել և զուգահեռաբար սովորում էինք. ես` ժուռնալիստիկայի, նա` բժշկական ֆակուլտետում: Հարսանիք արեցին, սակայն երջանիկ ընտանեկան կյանքն ընդհանուր առմամբ տևեց… երեք շաբաթ: Ավելի մենք չդիմացանք»,- ամսագրերից մեկի հետ զրույցում ասել էր հաղորդավարը: Երևում է` ուսանողական տարիների անհաջող փորձը նա երկար էր հիշել: Նա նորից ԶԱԳՍ չէր շտապում, իսկ Ժաննան չէր ստիպում:

Ժաննան պատրաստ էր զոհաբերել կարիերան՝ հանուն ընտանիքի

Ամուսնանալու և երջանիկ լինելու իր ցանկության մասին Ժաննա Ֆրիսկեն բացեիբաց խոսում էր: Նա հաճախ էր հարցազրույցներ տալիս, չէր թաքցնում, որ պատրաստ է լքել շոու-բիզնեսը, եթե իր կյանքում արժանի տղամարդ հայտնվի: 2013թ. իր հարցազրույցներից մեկում Ժաննա Ֆրիսկեն ասել է, որ ինքն ու Դմիտրի Շեպելևը չէին պլանավորել երեխայի ծնունդը, սակայն ուրախ են եղել իրենց նոր կարգավիճակով: 2013թ. ապրիլի 7-ին ծնվեց նրանց որդին` Պլատոնը:

Դմիտրի Շեպելևը ցանկանում է օգնել օնկոլոգիական հիվանդություններով տառապողներին

Ժաննա Ֆրիսկեի հիվանդությունն ախտորոշվել էր հստակ` գլիոբլաստոմա: Նրանք, ովքեր հարազատ էին կորցրել այդ հիվանդության պատճառով` երկրպագուներ կամ պարզապես դիտորդներ, հրաշքի հույս ունեին` գոնե Ժաննայի դեպքում, բայց… Չնայած ամբողջ աշխարհի հոգեբանական և նյութական օգնությանը` հիվանդությունը հաղթահարել չհաջողվեց: Նախորդ տարի` ինքնազգացողության լավացման շրջանում, Ժաննան պլանավորում էր ֆոնդ ստեղծել այն երեխաների համար, ովքեր տառապում են քաղցկեղով: Ժաննան արդեն մի քայլ արել էր այդ մտահղացման իրականացման համար: Հեռուստաընկերության բարեգործական ծրագրի արդյունքում հավաքված գումարի մի մասը փոխանցվել էր երեխաների բուժմանը: Հիմա մտածածն իրականացնելու մտադրություն ունի Դմիտրի Շեպելևը: Նա վերջերս իր facebook-յան էջում գրել էր. «Մենք միշտ ասում էինք` երջանկությունը լռություն է սիրում: Ես հավատարիմ եմ մնում այդ բառերին, քանի որ ժաննան ինձ համար մնում է բացարձակ, մաքուր, անկրկնելի երջանկություն… Ես վստահ եմ, որ մենք չէինք կարողանա առանց ձեզ: Ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բոլոր նրանց, ովքեր գումար են զոհաբերել Ժաննայի բուժման համար, նրանց, ովքեր աղոթում էին նրա առողջության համար, նրանց, ովքեր պարզապես մտածում էին նրա մասին, երջանկություն և ուժ ցանկանում: Ուզում եմ, որ իմանաք` այդ երկու տարին մեծ մասամբ ձեր վաստակն էր: Շնորհակալ եմ: Ես առողջություն եմ մաղթում ձեզ, ձեր մտերիմներին: Մոտ ժամանակներս ցանկանում եմ կենտրոնանալ այն մարդկանց օգնելու վրա, ովքեր, ինչպես մենք, չեն հանձնվում և պայքարում են իրենց առողջության և կյանքի համար»:

Թարգմանությունը՝ 168.am-ի

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս