«Սերժ Սարգսյանն իր ելույթով բավականին թուլացրեց շարժման շարքերը»

Մեր զրուցակիցն է Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը:

– Պարոն Սաֆարյան, այս օրերին տարբեր կարծիքներ են հնչում, թե քաղաքացիական շարժումը վերածվել է քաղաքական շարժման և աստիճանաբար մարում է, որի մեջ մեղադրում են կա՛մ «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամներին՝ ասելով, որ նրանք լքեցին Բաղրամյան պողոտան, կամ էլ տարբեր քաղաքական ուժերի ներկայացուցիչներին, որոնք փորձեցին ուղղորդել մարդկանց: Ըստ Ձեզ՝ այդքան բուռն սկսված շարժման նման ընթացքի պատճառը ո՞րն էր:

– Շարժման նախաձեռնողներին մեղադրելու հարցում մարդիկ ազնիվ չեն, շարժման նախաձեռնողներն ամենաառաջին օրից ասել են, որ իրենք շարժումը պատկերացնում են քաղաքացիական հարթության վրա, հետևաբար՝ եթե որևէ մեկը հիմա իրենց մեղադրում է, թե ինչու իրենք չեն համաձայնում քաղաքականի, անարդար և անազնիվ են: Իհարկե, նրանք չեն ասել, որ այն, ինչ իրենք անում են՝ քաղաքականության հետ կապ չունի, բայց փորձել դա սարքել կուսակացական կամ իշխանության համար պայքարի շարժում՝ նրանք չեն անելու, ու դրա մասին հստակ հայտարարել են: Տղաներն իրենք էլ են ասում, որ քաղաքական և քաղաքացիական օրակարգերի միջև բախում է եղել, ու դա միայն հունիսի 28-ի խնդիր չէ:

Տղաներն ավելի շատ մտահոգված էին շարժումը պահելով, քան շարժման տեղը պահելով, և նրանք փորձեցին շարժումը տեղափոխել Ազատության հրապարակ: Չստացվեց, ու անհեթեթ է ասել, թե նրանք լքել են շարժումը, և այլն: Այնտեղ կանգնած մարդիկ են նախընտրել պահպանել ոչ թե շարժումը, այլ շարժման տեղը՝ Բաղրամյան պողոտան: Ես չեմ ասում, որ քաղաքական օրակարգ պահանջողներն անարդար են կամ դրա իրավունքը չունեն: Իրականում Սերժ Սարգսյանի հայտնի ելույթն արդյունքն էր նրա, ինչին սպասում էին շարժման նախաձեռնողները:

Այսինքն՝ նրանք սպասում էին այնքան, որ այդ ճնշման արդյունքում Ս. Սարգսյանը կասեցնի որոշումը: Ս. Սարգսյանը չկասեցրեց որոշումը, բայց Ս. Սարգսյանը նաև հետնահանջ կատարեց իր հայտնի կարծր դիրքերից: Հետևաբար, նրանք հասկացան, որ դա առավելագույնն էր, ինչին կարող էր հասնել այդ տպավորիչ շարժումը, և դրա հաջորդ քայլը պետք է լիներ քաղաքական օրակարգի ձևակերպումը: Նրանք, ովքեր ուզում էին, որ քաղաքական օրակարգ ձևակերպվի, և դա տղաներն անեին՝ դա ազնիվ չէ: Եվ նրանք, ովքեր ուզում են քաղաքական օրակարգով շարժում, այդ դեպքում պետք է գնահատեն իրենց ռեսուրսները՝ սկսած Բաղրամյան պողոտան պաշարված պահելուց, վերջացրած դրա հետևանքներով:

Այս կտրվածքով, ես կարծում եմ, տղաներն ուղղակի այլ տարբերակ չունեին՝ ոչ միայն իշխանության կողմից թողնված, այլև քաղաքական ուժերը նույնպես այլընտրանք չթողեցին՝ ասելով, որ իրենց ռեսուրսներն անբավարար են համարում իշխանափոխության նպատակ դնելու:

Այդ առումով տեղի ունեցածը շատ օրինաչափ էր, լավ չէր, կուզենային, որ շարժումն ավելի շատ արդյունքներ ունենար, բայց, համենայն դեպս, տեղի ունեցավ այն, ինչ պետք է տեղի ունենար: Ես կարծում եմ՝ քաղաքական կուսակցությունները, ուժերը ոչ թե պետք է գային, խառնվեին շարժմանը, այլ իրենք իրենց հարթակները ստեղծեին և իրենց քաղաքական շարժումը տանեին: Հիմա եկել, կանգնել են քաղաքացիական շարժման հարթակի վրա և պահանջում են, որ ի՞նչ անեն:

– Ըստ Ձեզ՝ ինչքանո՞վ էր մեծ քաղաքական ուժերի և տարբեր գործիչների ազդեցությունը ժողովրդի վրա, երբ նախաձեռնող խումբը կոչ արեց՝ գնալ և Ազատության հրապարակում շարունակել պայքարը: Դրանից հետո ի՞նչ պետք է անեին նրանք, որ իրենց իսկ նախաձեռնության արդյունքում Բաղրամյան պողոտայում մնացած ժողովրդի թիվը չպակասեր:

– Տեղի ունեցողն արդեն գնահատական է տալիս ամեն մեկի գործունեությանը: Շատերը փորձում են ներկայացնել, որ այդ ամենը տեղի է ունեցել հունիսի 28-ին, բայց տղաները բազմաթիվ առիթներով հայտարարեցին, որ սա 28-ի խնդիր չէ միայն, ուղղակի 28-ին, երբ Սերժ Սարգսյանն արդեն պատասխանել էր, շարժումը կա՛մ պետք է վերախմբագրեր իր ռազմավարությունը, կա՛մ անցում կատարեր քաղաքական օրակարգի: Հետևաբար՝ 2 խումբն էլ փորձեց դա անել:

Նրանք, ովքեր գնացին Ազատության հրապարակ, այնտեղ խոսեցին շարժման նոր ռազմավարության մասին, որն ադեկվատ կլինի արդեն ստեղծված իրողություններից, նրանք, ովքեր մնացին Բաղրամյանում, ազատ էին անցում կատարել քաղաքական օրակարգի, բայց դա չարեցին, որովհետև գիտակցեցին, որ դրա վերջն առճակատումն է, ու որևէ մեկը չցանկացավ այդ առճակատման պատասխանատվությունը ստանձնել:

– Նոր նախաձեռնող խումբ ստեղծվեց, որի մեջ ընդգրկված էին նաև կուսակցական ակտիվիստներ՝ Նարեկ Այվազյանը («Ազատ դեմոկրատներ» կուսակցությունից), Դավիթ Սանասարյանը («Ժառանգությունից»): Կարծիքներ են հնչում, որ կուսակցական ակտիվիստների ներգրավումն այդ շարժման համակարգող խմբի մեջ ավելի բացասաբար կազդի շարժման վրա: Մեզ հետ զրույցում քաղաքագետ Գագիկ Համբարյանը կարծիք էր հայտնել, թե քանի որ այդ համակարգող խմբում ընդգրկված են կուսակցական ակտիվիստներ, և քանի որ, ըստ քաղաքագետի՝ այդ երկու կուսակցություններն «ԱՄՆ պրոյեկտներն են», ինքը տեսնում է «ԱՄՆ-ի ականջներն այս շարժման հետևում»: Դուք տեսնո՞ւմ եք որևէ ուժի, որը կանգնած է այդ շարժման հետևում:

– Ի տարբերություն Գագիկ Համբարյանի՝ ես ականջներ չեմ տեսնում: Ես շատ լավ գիտեմ Դավիթին Սանասարյանին, նրա մղումները, գիտեմ, որ նրան «Ժառանգությունը» չի գործուղել այդ համակարգող խումբ, հետևաբար՝ չեմ կիսում այդ բոլոր գնահատականները: Շարժումը եթե ունենար որևէ արտաքին աջակցություն, մենք դա շատ արագ կզգայինք, կարիք չկա նոստրադամուսություն անել, սուրճի բաժակ նայել, և ենթադրություններ անել, թե ում ականջներն են և ինչի են նման այդ ականջները:

Այսինքն՝ Դուք որևէ ուժի չե՞ք տեսնում այս շարժման հետևում:

– Ես գիտեմ, որ, այո՛, կային մարդիկ, որոնք միգուցե մտածում էին օրակարգը քաղաքական դարձնելու մասին, բայց քանի որ ես հենց առաջին օրն եմ ասել, որ թե՛ Ազատության հրապարակում, թե՛ Բաղրամյան պողոտայում անորոշությունները շատ մեծ են, և ռազմավարության մասին մոտեցումներ չեն ներկայացվում հանրությանը, սա է պատճառը, որ մարդիկ սկսեցին լքել պողոտան: Որովհետև մինչև հունիսի 28-ը մարդիկ գիտեին, շատ ռացիոնալ էր պահանջը և այնտեղ մնալը: Մարդիկ գիտեին, որ այնտեղ մնում են, որ Ս. Սարգսյանը չեղյալ համարի, բայց Ս. Սարգսյանը հայտարարեց, որ հետքայլ է անում, բայց նաև պատրաստ չէ վերանայել: Ըստ էության՝ բավականին խորամանկ ստրատեգիա էր: Մարդիկ, ովքեր մտածեցին, որ իրենց արդեն չեն թալանում, սկսեցին ցրվել, շարժումը թուլացավ այդտեղից, ու Ս. Սարգսյանի ելույթը շատերին ներշնչեց, որ արդեն խնդիրը լուծված է կամ լուծման ճանապարհի վրա է: Ս. Սարգսյանն իր ելույթով բավականին թուլացրեց շարժման շարքերը:

– Փաստորեն, ըստ Ձեզ՝ Ս. Սարգսյանը շատ ճիշտ դիվանագիտական քայլ կատարեց՝ հօգուտ իրենց, ու կարողացավ թուլացնել շարժումը:

– Այո, օրակարգերն ադեկվատ չէին Ս. Սարգսյանի ելույթից հետո ստեղծված նոր իրավիճակին՝ կա՛մ պետք է կարողանային արագ ադապտանալ և բերել նոր քաղաքացիական օրակարգ, կա՛մ պետք է անցնեին քաղաքական օրակարգի, որի պատասխանատվությունը ստանձնողները քիչ էին, հետևաբար՝ մենք ունենք այն, ինչ ունենք:

Տեսանյութեր

Լրահոս