Ժակ Օդիյարը, Վենսան Կասելն ու Ֆրանսիայի մշակույթի մյուս գործիչները խնդրում են ապաստան տրամադրել Ասանժին ու Սնոուդենին

Ֆրանսիայի մշակույթի գործիչները, որոնց թվում են ռեժիսորներ Ժակ Օդիյարը, Մատյե Կասովիցն ու Կոստա-Գավրասը, դերասաններ Վենսան Կասելը, Իրեն Ժակոբը ու Լյուդիվին Սանյեն, կոմպոզիտորներ Ժան-Միշել Ժարը, գրող Ռոմեն Դյուրին, ինչպես նաև նախկին ֆուտբոլիստ Էրիկ Կանտոնան, բաց նամակով դիմել են երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդին՝ խնդրելով ապաստան տրամադրել Ջուլիան Ասանժին ու Էդվարդ Սնոուդենին:

«Մի քանի տարի շարունակ Ասանժն ու Սնոուդենը արտաքսմամբ են հատուցում իրենց խիզախության համար: Թեև բոլորը միաձայն ողջունում են նրանց պայքարի արդարացիությունը, վիճակը, որում նրանք հայտնվել են, շարունակում է վրդովմունք հարուցել: Նրանք մի քանի անգամ դիմել են Ֆրանսիային այն բանից հետո, երբ Ֆրանսիային կարևոր ծառայություններ են մատուցել՝ բացահայտելով այն սկանդալային գործունեությունը, որը ԱՄՆ-ն օգտագործել է մեր երկրի դեմ»,-Mediapart կայքը մեջբերում է նամակից հատված:

Ավելի վաղ Ասանժին ու Սնոուդենին քաղաքական ապաստան տրամադրելու հնարավորության մասին հայտնել էր Ֆրանսիայի արդարադատության նախարար Քրիստիան Տոբիրան, սակայն երկրի վարչապետ Մանուել Վալսը հայտարարել էր, թե այդ հարցը օրակարգում դրված չէ:

Տեսանյութեր

Լրահոս