Անդրիաս Ղուկասյանը պարզաբանում է՝ ինչու են իրենց մեղադրում պառակտման մեջ

«Դուք երբևիցե ինձ տեսե՞լ եք բեմի վրա, ես մասնակցել եմ այդ ցույցին՝ որպես շարքային ցուցարար, որևէ մեկը երբեք հարկադրված չի եղել իմ կարծիքն ընդունել՝ ի կատարում, և այլն, կարո՞ղ եք մատնանշել որևէ քաղաքական գործչի, որը բեմի վրա է եղել»,- արձագանքելով 168.am-ի դիտարկմանը՝ շատերը Ձեզ և մի շարք այլ քաղաքական գործիչների են մեղադրում, որ միջամտեցիք Բաղրամյանում ծավալվող շարժման ընթացքին, ուղղորդեցիք մարդկանց ու քաղաքականացրեցիք շարժումը, և հիմա շարժումը կարծես մարել է, Բաղրամյանում մարդկանց թիվը զգալիորեն քչացել է, նման տեսակետ հայտնեց քաղաքական գործիչ Անդրիաս Ղուկասյանը:

Ըստ նրա՝ այդ մեղադրանքը «հորինված է և անհիմն», փորձում է ծածկել այն հանգամանքը, որ հանրությունը կիրակի օրը «չվախեցավ» Ոստիկանութjան՝ ուժ գործադելու սպառնալիքից, և չհամաձայնեց «Ո՛չ թալանին» նախաձեռնության խմբի անդամների հետ՝ տեղափոխվել Ազատության հրապարակ:

«Մարդիկ կանգնում են հազարավոր հանրահավաքի առաջ և կոչ են անում տեղափոխվել Ազատության հրապարակ՝ հիմնավորելով, որ դա անում ենք, որպեսզի խուսափենք Ոստիկանության հետ բախումներից: Բնական է, որ քաղաքացիների մոտ առաջանում է պատկերացումը, որ խոսքը նրա մասին է , որ վախեցանք Ոստիկանությունից և փախանք Ազատության հրապարակ, այնտեղ ապահով է, իսկ այստեղ վտանգավոր է: Հայ մարդիկ առհասարակ հպարտ և հասարակ մարդիկ են, և մեր հանրության մեջ կա պատկերացում, որ և՛ տղամարդիկ, և՛ կանայք չպետք է վախենան»:

Հարցին՝ այսպիսով դատապարտո՞ւմ եք «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամների քայլը, Ա. Ղուկասյանը պատասխանեց, որ չի դատապարտում, որովհետև յուրաքանչյուր ոք իրավունք ունի իր կարծիքն ազատ արտահայտել.

Կարդացեք նաև

«Ես հասկանում եմ, որ իշխանահպատակ մարդկանց մոտ զարմանալի է, թե ինչպես կարելի է սպառնալիքից չփախչել, բայց վստահեցնում եմ, որ միջազգային հանրության համար արժանապատվությունը կարևոր մարդկային հատկություն է, և քաղաքականությունը հենվում է այդ երևույթի վրա: Երիտասարդ էին այդ խմբի անդամները, անփորձ էին, իրենք չհասկացա՞ն, չընկալեցի՞ն, թե՞ կաշկանդված էին, դա ես հիմա չեմ կարող գնահատել»:

Մեր հարցին՝ ի՞նչն է նրանց դրդել այդ քայլին գնալ՝ այն դեպքում, երբ այդքան մարդ էր հավաքվել Բաղրամյան պողոտայում, Ա. Ղուկասյանն այսպես պատասխանեց. «Ես իրենց վարքագիծը նկատել եմ հենց առաջին օրվանից: Իրենք մի կողմից՝ ուղղորդեցին մարդկանց Բաղրամյան պողոտա ամսի 22-ին, բայց արդեն գիշերվա կեսին հորդորում էին վերադառնալ Ազատության հրապարակ, հաջորդ օրը, երբ նորից հավաքվել էին Ազատության հրապարակում, նորից իրենք կարծես համամիտ չէին վերադառնալ Բաղրամյան պողոտա, այստեղ տեղի է ունեցել այն ֆենոմենը, որ նախաձեռնող խմբերը, ինչպես նաև՝ կուսակությունները, հետ են ընկել հանրային տրամադրություններից: Հանրությունն ավելի ռադիկալ, համարձակ, հետևողական բողոքի գործիքների և ձևերի է պատրաստ, քան նախաձեռնողները կամ քաղաքական սուբյեկտները»:

Ըստ նրա՝ իշխանությունների կողմից մամուլի վրա էլ է դրված առաջադրանք, որ հանրային կարծիք ձևավորեն, թե տվյալ մարդիկ են մեղավորները ստեղծված իրավիճակի համար:

Տեսանյութեր

Լրահոս